Դավիթ Տոնոյանի նոր «դասերը» եւ հին հարցերը
ՆերքաղաքականԴատարանի դիմաց երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ խոսել է բանակի խնդիրներից, անդրադարձել գործող պաշտպանության նախարարին, Տիգրանաշենի շուրջ զարգացումներին։ Բայց մի հարցի շուրջ, թերեւս, այդպես էլ Տոնոյանը չի խոսել՝ ինչպե՞ս 2018 թվականին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի իշխանական ճամբարում եւ, ի վերջո, ո՞վ էր 2020-ի 44- օրյա պատերազմի ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն, այլեւ թիվ մեկ մեղավորը։
Ով-ով, բայց համաձայնեք, որ Տոնոյանն այն մարդը չէ, որ այսօր կարող է ամպագոռգոռ հայտարարություններ անել, խրատներ տալ, ճիշտը սխալից տարանջատելու դասեր տալ։ Չէ՞ որ նա պարզապես այս իշխանության շարքային պաշտոնյա չէր, այլ պաշտպանության նախարար էր՝ այն էլ այն պաշտոնյաներից մեկը, որի ուսերին դրված էր երկրի պաշտպանունակության ու բանակի վիճակի ամենածանր պատասխանատվությունը։ Հետեւաբար, մինչեւ ուրիշներին բանակի մասին դաս տալը, գուցե նախ արժե՞ր հասարակությանը պատասխանել սեփական անցյալի մասին ամենապարզ հարցերին։
Օրինակ, ի՞նչ էր անում որպես պաշտպանության նախարար պատերազմին նախորդած տարիներին, եւ, վերջապես, որտե՞ղ է այսօր տեսնում իր անձնական ու քաղաքական պատասխանատվության սահմանը։ Որովհետեւ 2020-ի պատերազմը միայն քարտեզի վրա կորցրած տարածքների պատմություն չէ։ Դա նաեւ որոշումների, պաշտոնների, սխալների եւ պատասխանատվության պատմություն է։ Իսկ այդ պատմության մեջ Դավիթ Տոնոյանը, ուզենա, թե չուզենա, իր տեղն ունի։ Ուստի՝ խրատներ տալուց առաջ գուցե արժեր սեփական պատասխանատվության բաժնի մասի՞ն խոսել։
Բայց այսքանը դեռ ամենազարմանալին չէ։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, թե՝ հավատում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ ընտրված Վիլեն Գաբրիելյանի հաջողությանը։ Ահա այն, ինչ պետք է իմանալ նախկին նախարարի ու պաշտպանության ոլորտի նրա պատկերացումների մասին։ Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք խոսքը այն նույն Վիլենի մասին է, որը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հարբած ընկել էր փողոցներն ու լրագրողների առաջ իրեն ոչ ադեկվատ էր պահում, ինչից հետո էլ՝ մանդատը վայր դրեց նախորդ գումարման ժամանակ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

