Գյուղատնտեսության ծավալը պատմական կրճատում է ապրել՝ 1/6-ով. Տնտեսագետը ահազանգում է
ՀանդիպումՀայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գրանցված 15,5% անկումը պատմական ցուցանիշ է։ Այս մասին ահազանգում է տնտեսագետ, Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրությանը.
- 2018 թվականից ի վեր ՀՆԱ-ի կուտակային աճը կազմել է 56%: Ընդ որում` ՏՏ ոլորտն աճել է 400%-ով կամ 5 անգամ, ֆինանսական ոլորտը՝ գրեթե 3 անգամ, շինարարությունը՝ կրկնակի, դրական ցուցանիշներ են արձանագրում նաև առևտուրը և այլն։ Միակ ոլորտը, որը լճանում է վերջին 8 տարիներին, գյուղատնտեսությունն է։
Վերջին տվյալների համաձայն՝ մեր տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է 6,7%-ով, ինչը, կարելի է բավական բարձր և նույնիսկ որոշ չափով անսպասելի մակարդակ համարել։ Սակայն ավելի խոր դիտարկման պարագայում պարզ է դառնում, որ սա միջինացված ցուցանիշ է։ Իրականում, գործ ունենք երկու իրականության հետ։ Մի կողմից ՝ 6,7% տնտեսական աճ, մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում 15,5% պատմական անկում։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 1/6-ով. փաստորեն արդյունաբերության 1/6-ը պարզապես կորել է:
գյուղատնտեսության ոլորտի անկման նախադրյալները առաջացել են մինչ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ մտցնելը:
Միակ ոլորտը, որը 2018 թվականից ի վեր անկում է գրանցում, ընդ որում՝ զգալի, գյուղատնտեսությունն է։ Իսկ դա մարզերի պահպանումն ու զարգացումն ապահովող հիմնական ճյուղն է։ Եվ սրա նախադրյալներն առաջացել են նույնիսկ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ մտցնելուց առաջ։ Ռուսական սահմանափակումներն արագացրին գործընթացը, քանի որ սահմանվեցին բերքահավաքի շրջանում: Եվ հիմա գյուղատնտեսական արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն ներկրելիս լուրջ խնդիրներ են առաջանում:
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչպես է Հայաստանում գործում տնտեսական աճի հիմնական սխեման. փողը երկիր է գալիս դրսից, ինչը նպաստում է ֆինանսական համակարգի և բանկային հատվածի աճին: Այդ գումարները բանկային համակարգը ներդնում է հիմնականում շինարարության մեջ, ինչի շնորհիվ նորակառույցները սնկի պես աճում են, զուգահեռ ընդլայնվում է անշարժ գույքի շուկան, այդ թվում՝ երկրորդային։
Ստեղծվում է փակ շղթա՝ որքան աճում է անշարժ գույքի շուկան, բարձրանում են բնակարանների գները, այնքան ՀՆԱ-ի ավելի մեծ աճ է ապահովում։ Միաժամանակ աճում են գները նաև ծառայությունների ոլորտում, քանի որ, օրինակ, բանկային ոլորտում բարձր վարձատրվող աշխատակիցները ավելի ու ավելի շատ ապրանքներ են գնում և վճարում թանկարժեք ծառայությունների համար։
Այս պահին սրանք են Հայաստանում տնտեսական աճի հիմնական խթանիչները։
- Իշխանությունները հույս են հայտնում, որ շուտով հայկական գյուղմթերքը իր կայուն դիրքերը կամրագրի ԵՄ-ում։
- Հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, քանի որ Եվրամիություն արտահանելը շահավետ չէ զուտ տնտեսական տեսանկյունից։ Հայկակա. գյուղատնտեսական արտադրանքն ի սկզբանե կողմնորոշված էր դեպի ռուսական շուկա, որն այսօրվա իշխանությունների օրոք, ի հեճուկս քաղաքական հայտարարությունների, ԵԱՏՄ արտահանման ծավալը 2018 թվականից ի վեր աճել է շուրջ հինգ անգամ, մինչդեռ ԵՄ արտահանումը նվազել է 1%-ով։ Այսինքն`մինչ այժմ դիվերսիֆիկացման ուղղությամբ իրական քայլեր չեն ձեռնարկվել։ Հակառակը` Ռուսաստանի հետ կապերն ավելի են ամրապնդվում և ռուսական շուկայից հրաժարվելն այժմ Հայաստանի համար ավելի ցավոտ կլիներ, քան 2018 թվականին։
Ինչ վերաբերում է դեպի Եվրամիություն արտահանմանը, ապա, չնայած նրան, որ այս պահին կարող են որոշակի հայտարարություններ արվել, որոնք նախատեսված են միայն արտաքին էֆեկտի համար, մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Օրինակ՝ ԵՄ-Ռուսաստան առևտրային հարաբերությունների խզումից հետո Հայաստանում ծաղկի ոլորտը հնգապատիկ աճել է։ Նիդեռլանդներից սոխուկներ բերելը, այստեղ ծաղիկներ աճեցնելը և այնուհետև դրանք Նիդեռլանդներ հետ տանելը անիմաստ է. զուտ տնտեսական տեսանկյունից այդ սխեման շահավետ չէ. շուկան պարզապես այդպես չի աշխատի։ ԵՄ արտահանման հեռանկարների առումով նույն պատկերն է նաև հայկական մյուս ապրանքների դեպքում։ Օրինակ՝ Հայաստանի ձկնաբուծության ոլորտը խոր ճգնաժամ է ապրում. վերջին ամիսների ընթացքում մոտ 20 000 տոննա ձկնամթերք է փչացել։ ՀՀ ձկան որակը համեմատելի է թուրքական արտադրանքի հետ, սակայն Թուրքիան աշխարհագրորեն ավելի մոտ է Եվրոպային։
Բացի այդ, Թուրքիայի գյուղատնտեսական արդյունաբերությունը և ձկնորսության ոլորտը զգալի սուբսիդիաներ են ստանում թուրքական կառավարությունից, թուրքական ընկերություններն էլ արդեն գրավել են եվրոպական շուկայի զգալի մասը, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկան: Ու թեև արտադրանքի որակը կարող է համեմատելի լինել, մրցակցային պայմանները անհավասար են: Բացի այդ եվրոպական չափանիշներին համապատասխանելու խնդիր կա: Դա վերաբերում է ոչ միայն թունաքիմիկատների օգտագործմանը, որոնք կարգավորում են պահանջում Հայաստանում, այլև այնպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությանը, ինչպիսիք են ցանքաշրջանառությունը, պտուղների չափսերի ստանդարտացումը և այլն:
Այլ կերպ ասած` նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում, հաշվի առնելով, որ մենք ելք չունենք դեպի ծով, և կան սահմանային անցման հետ կապված խնդիրներ, ապրանքները Եվրամիության շուկա հասցնելը կարող է տևել երկու-երեք շաբաթ. այս ընթացքում փչացող մթերքը անխուսափելիորեն ոչ պիտանի կդառնա։ Մենք պետք է դա հասկանանք։ Իրականությունն այն է, որ մեր գյուղմթերքի հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։

