Ակտիվ ընթացքով դեպի կատաստրոֆա
ՎերլուծությունԴեռ հազիվ ԱԽՔ նշանակված, Ալեն Սիմոնյանը որոշեց հիշեցնել, թե ինքը եղել եւ մնում է հակառուսական դաշտում: Այսպես, «Դոժդ» հեռուստաալիքի եթերում նա հայտարարեց, որ եթե մոտ ժամանակում անցկացվեր հանրաքվե Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով, ապա «Ռուսաստանում շատ կվշտանային այն բանից, թե ինչպես կարձագանքեր Հայաստանի բնակչությունը»: Չնայած դրան, նա նաեւ պնդում է, թե նման հանրաքվե անցկացնելու միտք անգամ չունեն: «Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական միությանը անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,– ընդգծել է Սիմոնյանը:
Թե ԵՄ կամ ԵԱՏՄ հարցում Հայաստանի բնակչությունն ինչպես կքննարկի, ընդամենն ընտրողների 30 տոկոսի ձայնով իշխանությունը վերցրած ուժի ներկայացուցիչը չէ, որ պետք է գնահատումներ տա: Ամեն դեպքում, եթե այդքան վստահ լինեին, վաղուց էին նման հանրաքվե արել:
Նաեւ Ալենը չէ ԵԱՏՄ-ից Հայաստանի` դուրս գալ–չգալու հարցին լուծում տվողը: Հենց այս պահին, լինելով ԵԱՏՄ–ի մեջ, այնուամենայնիվ, Հայաստանը ծանր սահմանափակումների տակ է: Ու այն, որ այդպես էլ որեւէ լուծում չեն կարողանում գտնել` դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքների արտահանումը վերականգնելու համար, ցույց է տալիս, թե իրականում Ալենը եւ նրա շեֆը ինչ կարգի «հարցեր լուծող» են եւ ինչպես կարող են «ազդել» հետագա լուծումների վրա:
Ամեն դեպքում, թերեւս պատահական չէ, որ Ալենը հազիվ նշանակված, ասենք նաեւ Նիկոլը, վերադարձան կոշտ հակառուսականությանը: Ժամանակին տարբեր հրապարակային աղբյուրներ են խոսել այն մասին, որ նույն Ալենը, նրան նախորդած ԱԽՔ–ը Մոսկվայի համար ամենաանցանկալի հայաստանյան պաշտոնյաների թվում են: Եվ այդ ֆոնին, նախ Ալենին պաշտոնանկ անելը, ապա`բրիտանական հետախուզության սիրելի այցելու Արմեն Գրիգորյանին, ավելի շատ նման էին Փաշինյանի կողմից Մոսկվային ուղղված ժեստերի: Բայց այդպես էլ Մոսկվայի հետ հարաբերություններում Նիկոլին չհաջողվեց մեկ քայլ անգամ առաջ գնալ. ռուսական շուկան մնում է փակ, իսկ ԵՄ կամ ԵԱՏՄ հանրաքվեի թեման եւ դրա հետ կապված մոսկովյան վերջնաժամկետները չեն հանվում: Այսինքն, «ատամ ցույց տալու» համա՞ր է, որ Նիկոլն Ալենին նորից պաշտոնի նշանակեց. չնայած արդեն դա չէ ամենաէականը: Այլ թե վերջապես դեպի ո՞ւր են գնում հայ–ռուսական հարաբերությունները:
Այն, որ Հայաստանի ապրանքների առաջ ռուսական շուկան փակելն իրոք ծանր հարված էր մեր երկրի արտահանմանը, հուշում է միայն այն փաստը, որ հունիսին` անցած տարվա նույն ամսվա հետ համեմատած, մեր երկիրն ունեցավ մոտ 20, հուլիսին` մոտ 16 տոկոսանոց արտահանման անկում: Ու սրանք միայն վիճակագրական թվեր են, եւ իրականությունը կարող է շատ ավելի բարդ լինել: Ընդ որում, այդ դինամիկան պահպանվելու է, քանի դեռ խնդրի լուծում չկա: Եվ խոսքն այստեղ ընդամենը թվերի մասի չէ. սրանք ուղիղ ֆինանսական կորուստներ են: Լավ, ասենք մի փոքր պետական ներդրումներ արեցին ու վիճակը մեղմեցին, բա հետագայում ի՞նչ են անելու: Այն դեպքում, երբ այս պահին արգելված են միայն սահմանափակ ուղղության ապրանքատեսակներ, եւ այդ ցանկը կարող է էլ ավելի մեծանալ:
Ընդ որում, երբ այս ֆոնին Նիկոլը ոչ թե միայն չի կարողանում լուծումներ գտնել, այլ լավ տարբերակ է համարում հակառուսականության սրացումը, այդ թվում` Ալենի միջոցով, ապա հետագա պատասխան ռեակցիան դա դարձնում է գրեթե անխուսափելի: Առավել եւս, որ նման կուրսի պայմաններում իրոք սրա վերջաբանը կարող է դառնալ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության սառեցումը: Իսկ դա նշանակում է ոչ թե միայն հայաստանյան ապրանքների մուտքի կասեցում, այլ նաեւ կոնկրետ քվոտաների շրջանակներում Ռուսաստանից արտահանվող ապրանքատեսակների անցկացումը միջազգային գների դաշտ: Այդ թվում` գազի, ցորենի, դիզվառելիքի եւ այդպես շարունակ: Այսինքն, ներկա ֆինանսական կորուստներին նման իրավիճակում գումարվելու են նաեւ նշված բոլոր ուղղություններով առաջացող կորուստները: Կարո՞ղ է սրան դիմանալ Հայաստանը` Նիկոլի կառավարման փուլում մոտ 2–3 անգամ ավելացած պետական պարտքի բեռը ուսերին. այ, սա է ամբողջ հարցը, այլ ոչ թե Ալենը որտեղ եւ ինչ է հայտարարում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71324

