Վերջապես, ինչու ԿՀՎ ղեկավարը եկավ Մոսկվա
ՎերլուծությունԻնչպես ենթադրելի էր, Ջոն Ռատկլիֆի անսպասելի, թեեւ իրականում` միանգամայն սպասելի այցը Մոսկվա համաշխարհային ռեզոնանս առաջացրեց: Իհարկե, պատճառը միայն այն չէ, որ տեւական ընդմիջումից հետո սա նման տրամաչափի ամերիկյան պաշտոնյայի առաջին այցն էր Ռուսաստան: Այլ այն պարզ տրամաբանությունը, որ եթե, կրկնենք, տեւական ընդմիջումից հետո նման մասշտաբի այց է տեղի ունենում, ուրեմն դա պետք է կարեւորագույն պատճառ ունենա:
ՈՒԻՏԿՈՖ–ՔՈՒՇՆԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Մեկնաբանությունների, ենթադրությունների պակաս եւս, թե ինչու Մոսկվա մեկնեց Ռատկլիֆը, չկա: Սկսած թեզից, թե եկել է, որ թույլ չտա Մոսկվայի հարձակումը Եվրոպայի վրա, վերջացրած ուկրաինական, իրանական թեմայով եւ ռուս–ամերիկյան հատուկ ծառայությունների միջեւ կապերի հարցերով: Թերեւս, այդ գրեթե բոլոր բացատրություններում մասամբ իրականություն կարող է լինել: Սակայն նախ պետք է հասկանալ գլխավորը. ի՞նչ եղավ, որ դեռ միայն վերջերս էր ԱՄՆ–ն հերթական պատժամիջոցային փաթեթն ընդունում Ռուսաստանի դեմ, ու հանկարծ շատ կարճ ժամանակ անց որոշեց ԿՀՎ ղեկավարին գործուղել Մոսկվա: Այսինքն, պետք է ինչ–որ խորքային, իրավիճակային փոփոխություն տեղի ունեցած լիներ: Ու, թերեւս, դա ավելի կարեւոր է, քան Ռատկլիֆի այցի թեմատիկան, որը, մի քիչ այս, մի քիչ այն կողմ, կարելի է կռահել:
Այստեղ նախ երկու նյուանս հաշվի առնենք: Նախ, ինչպես Մոսկվան, այդպես էլ Վաշինգտոնը գրեթե չմեկնաբանեցին այդ այցը: Բայց որոշ մեկնաբանություններ եղան, ընդ որում, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի, իսկ ամերիկյան կողմից` Թրամփի մակարդակով: Պեսկովը հերքեց տարածված լուրերը, թե Պուտինն ընդունել է Ռատկլիֆին: Բայց հաշվի առնելով մինչ այդ տարածված խոսակցությունները, թե այցի իմաստը ՌԴ նախագահի հետ հանդիպումն է, կարելի է մտածել, որ գոնե ամերիկյան կողմը նման ծրագրեր ունեցել է, փորձել է այդ տարբերակով որոշակի հաղորդումներ փոխանցել Պուտինին: Սակայն Ռուսաստանը, ինչպես Ուիտկոֆ–Քուշներ «սիամական երկվորյակների» պարագայում էր, հրաժարվել է նախագահի մակարդակով նման շփում–բանակցությունների մեջ մտնել` Ռատկլիֆին ուղղորդելով ավելի ցածր մակարդակ: Դրանում տրամաբանություն կա. Ուիտկոֆի–Քուշների միջոցով ընթացող գործընթաց, ինչպես Մոսկվան արդեն բացահայտ է հայտարարում, սովորական բլեֆ էր, ու վերջերս էլ, թեեւ էլի խոսվեց այդ զույգի նոր մոսկովյան այցի մասին, սակայն ռուսներն ակնհայտորեն հետաքրքրություն չցուցաբերեցին: Այսինքն, Ռատկլիֆին ինչ–որ առումով կարելի է համարել Ուիտկոֆին–Քուշներին փոխարինող. Մոսկվան այլեւս չի ուզում այդ կատարածուների հետ գործ ունենալ, պետք է ավելի լուրջ մարդկանց ուղարկել: Բայց նաեւ, երբ ԿՀՎ ղեկավարին Պուտինը չընդունեց, սա արդեն ակնարկ է, որ Մոսկվան, անկախ բանագնացի մակարդակից, առնվազն այն չափով չի վստահում ԱՄՆ–ից եկող նման ազդակներին, որ նախագահի մակարդակով ընդունի դրանք: Բայց, իհարկե, ինչպես նաեւ Պեսկովը հաստատեց, այս թեման դուրս չէ Կրեմլի հսկողությունից:
Իր հերթին Թրամփը, դեռ հազիվ էր Ռատկլիֆը Մոսկվայից վերադարձել, որ ակնարկեց, թե որն էր ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի իմաստը: Ընդամենը այսպես, թե` Վաշինգտոնը ԿՀՎ տնօրենի Ռուսաստան այցից ակնկալում է, որ կարող է արդյունավետ լինել։ Ու նաեւ, թե` ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու հարցում: Բայց նաեւ ԱՄՆ նախագահը հերքեց լրատվամիջոցների ենթադրությունները, որ այցը կապված է Պուտինի՝ ՆԱՏՕ-ի «վճռականությունը փորձարկելու» ռուսական մտադրության, Իրանի կամ Անգլիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման հետ` «Վերը նշվածներից ոչ մեկը»:
Գումարած սրան, Վաշինգտոն վերադառնալուց արդեն ժամեր անց ԿՀՎ տնօրենը ներկայացավ Սպիտակ տուն, ըստ ամենայնի` այցի հետ կապված զեկույց ներկայացնելու համար: Ընդ որում, ինչպես «Washington Post»-ն է հայտնում, Ռատկլիֆի հետ միասին նկատվել են նաեւ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը: Այսինքն, ինչպես այցը, այնպես էլ, բնական է, Սպիտակ տանը ներկայացվող զեկույցն առնվազն ուներ ռազմական ուղղվածության խոշոր բաղադրիչ:
ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ՄՈՍԿՎԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Այսպիսով, փորձենք ամփոփել տեսանելի փաստերը: Ամենագլխավոր հետեւություններից մեկը` Ռատկլիֆը Մոսկվա էր եկել Թրամփի ուղիղ հանձնարարությամբ: Ու թեեւ այդ այցի թեմատիկայի մեջ փոքր–փոքր ընդգրկված էին բոլոր հիմնական ուղղությունները, սակայն ընդհանրական իմաստը պետք է կապել այն հարաբերությունների հետ, որոնք այսօր կան Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: Ավելին, որ դրանց հիմքում, կրկնենք, կա խոշոր ռազմական բաղադրիչ: Ու սրանում, թերեւս, շատ մեծ տրամաբանություն իրոք կա:
Ինչպես ներկայացնելու առիթ արդեն ունեցել ենք (https://iravunk.com/?p=347468&l=am) ` Ռուսաստանն արդեն գործնականում պաշտոնապես է ԱՄՆ–ին մեղադրում ոչ միայն Մոսկվային Ալյասկայի պայմանավորվածությունների հիման վրա կեղծ բանակցային գործընթացի մեջ ներքաշելու, այլ նաեւ, դրա հաշվին ուկրաինական կողմի օգտին գործելու մեջ: Դրանից ընդամենը «կես քայլ» է մինչեւ պաշտոնական հայտարարությունը, թե` ԱՄՆ–ն ՌԴ–ի հետ ուղիղ հակամարտության մեջ է: Արդյունքում, բուն Ուկրաինայում էսկալացիան անցնում հաջորդ փուլ, որը, ոչ մեկն արդեն չի բացառում, որ կարող է ընդհուպ միջուկային բախման տեսքով լինել:
Այսինքն, Մոսկվան գրեթե պաշտոնապես այն թեզն է առաջ տանում, որ գլոբալ անվտանգության, զսպման մեխանիզմների բոլոր սահմանները հատված են, եւ հաջորդ քայլով ամեն բան կարող է անդունդը գահավիժել: Ու սրան զուգահեռ, քիչ չեն այն մեսիջները, որ Մոսկվան պատրաստ է իր ուղղությամբ աճող ճնշումներին ի պատասխան, կտրուկ ավելացնել էսկալացիայի մակարդակը: Օրինակ, նախօրեին Daily mail news-ն ահազանգում էր` վարչապետ Էնդի Բըրնհեմին հետախուզական ծառայությունները զգուշացրել են, որ Բրիտանիան բախվել է «Ռուսաստանի կողմից մոտեցող հարձակումների վտանգին»: Այսինքն, եթե ոչ բացահայտ, ապա գոնե Ուկրաինայի համար աշխատող բրիտանական ռազմական գործարանները կարող են բախվել կոնկրետ հարվածների ասենք «պատահական պայթյունների» տեսքով: Ընդ որում, նման օրինակներ Եվրոպայում արդեն արձանագրվել են:
Կամ էլ, ինչպես զուգահեռաբար Bloomberg-ն է պնդում, Մոսկվան պատրաստվում է նաեւ գերշիկացման գնալ ուկրաինական ուղղությամբ` բանակցություններում փակուղու պայմաններում: Այն է` կլինեն մասնավորապես Կիևին հասցվող հրթիռային հարձակումների կտրուկ ավելացում, այդ թվում` քաղաքի կենտրոնում գտնվող թիրախներին:
Սակայն լրատվական աղբյուրներից զատ, նաեւ Մոսկվայից են գալիս միանշանակ մեսիջներ: Օրինակ, շատ կարեւոր դետալ դարձավ ՌԴ նախագահի այցը Խաղաղօվկիանոսյան նավատորմ, որի շրջանակներում ցուցադրական ակնարկ եղավ, որ ռուսական ռազմածովային ուժերը կարող են կալանավորել արեւմտյան երկրների համար գործող ցանկացած նավ եւ աշխարհի ցանկացած կետում: Այսինքն, եթե արեւմտյան երկրները կալանավորում են ռուսական առեւտրային նավերը, ապա կարող է լինել շատ լուրջ պատասխան: Ընդ որում, Պուտինի այդ այցին զուգահեռ սպառազինության անցավ «Խաբարովսկ» միջուկային սուզանավը: Այն ռուսական 4-րդ սերնդի հատուկ նշանակության միջուկային սուզանավ է, երկրորդը «Բելգորոդ» սուզանավից հետո, որը նախատեսված է «Պոսեյդոն»՝ ինքնավար ստորջրյա անօդաչուներ կրելու համար: Հիշեցնենք, խոսքը միջուկային լիցք կրելու ունակ եւ եղած գնահատումներով` տասնյակ մեգատոներ հզորություն ունեցող լիցքի մասին է, այսինքն, անգամ, մեկ «Պոսեյդոնը» իր գրեթե անսահմանափակ հեռահարությամբ ի զորու է Բրիտանիայի առնվազն կեսը ծածկել ռադիոակտիվ ցունամիով:
Կարճ ասած, երբ Իլոն Մասկի արբանյակային համակարգի եւ ամերիկյան հետախուզական տվյալների օգտագործմամբ ԱՄՆ–ն, Բրիտանիան եւ այլք ուկրաինացիների ձեռքով հարվածում են Ռուսաստանի տարածքին, առանց անգամ թաքցնելու հայտարարում են Ռուսաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մասին եւ այդպես շարունակ, ապա դա մեկ բան է նշանակում` դեռ անցած դարի 40–50–ականներից սահմանված համաշխարհային անվտանգության «կարմիր գծերը» այլեւս պարզապես չկան: Եվ այդ պարագայում ինչպես «պոսեյդոն»–ների, այնպես էլ` միջուկային լիցք կրելու ունակ այլ միջոցների արձակումը սկսում է լիովին համապատասխանել Ռուսաստանի անվտանգության եւ միջուկային դոկտրիններին: Ահա, հենց սա է այն գլխավոր մեսիջը, որը վերջին ժամանակներս Մոսկվան գրեթե ցուցադրաբար հղեց Վաշինգտոնին` ըստ էության ակնարկելով, որ մնացածն իր որոշելիքն է` էլ ավելի առաջ գնում են, թե` ոչ: Ասենք, Եվրոպան եւս նման մեսիջներ ստացավ, եւ փաստը, որ հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստան եկավ Վատիկանի քարտուղարը՝ «պատերազմի ավարտը քննարկելու համար», հուշեց, որ եվրոպացիները եւս սկսել են իրավիճակի լրջությունը գնահատել: Չնայած, դժվար է չգնահատելը ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունից հետո, թե` «Ռուսաստանը, ի պատասխան բրիտանական զենքի օգտագործմամբ ուկրաինական հարվածներին, կարող է հարվածել Ուկրաինայում եւ դրա սահմաններից դուրս գտնվող ցանկացած բրիտանական ռազմական օբյեկտի»։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ահա, այս ընդհանրական իմաստը հուշում է, որ ԿՀՎ ղեկավարի այցն իրականում կապված լինելով բոլոր սուր թեմաների հետ, իրականում իր հիմքում ուներ մեկ հիմնական իմաստ` ԱՄՆ–ն պատրա՞ստ է գնալ հետագա էսկալացիայի` հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Թե՞ պետք է մտածել հիմնական «կարմիր գծերը» վերաբեռնելու մասին: Իսկ այդ վերաբեռնում ասվածը ենթադրում է, որ պետք է փորձել լեզու գտնել բոլոր սուր հարցերով` Ուկրաինա, ԱՊՀ տիրույթ, չգիտես ուր հասած հակառուսական պատժամիջոցներ եւ այդպես շարունակ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71323
Կարճ ասած, ԿՀՎ տնօրենի այցը, այսպես ասած, ԱՄՆ–ի պատասխանը Մոսկվային փոխանցելու եւ ներկա վիճակից ելքերի որոնման իմաստ ուներ: Գտնվե՞լ են այդ ելքերը. Թրամփի փոքր լավատեսությունը այս հարցում կարեւոր ազդակ էր:

