Հայրիկի հրաշքը կգնա առաջին դասարան․ Գուրգեն Դաբաղյանը՝ դստեր կյանքի նոր փուլի մասին
ՄշակութայինԴԱԲԱՂՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
«Հրաշքս, հրեշտակս, հեքիաթս»․ընդամենը վեց տարի առաջ այսպես էր երգիչ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ հանրությանը ներկայացրել իր նորածին դստերը՝ Շուշաննային։ 2020 թվականի հուլիսի 15-ին ծնված փոքրիկը, որի աշխարհ գալը ընտանիքի համար դարձավ ամենամեծ ուրախությունը՝ անհանգիստ ու ծանր ժամանակների ֆոնին, այսօր արդեն կանգնած է կյանքի մեկ այլ կարեւոր փուլի շեմին։ Մանկապարտեզի տարիները մնացել են ետեւում, իսկ առջեւում՝ դպրոցական առաջին զանգն է։ Յուրաքանչյուր փոքրիկի առաջին քայլերը դեպի դպրոց առանձնահատուկ հուզմունք է ոչ միայն երեխայի, այլեւ ծնողների համար, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցեց հրաշք Շուշաննայի երջանիկ հայրիկի հետ։
«ԻՐ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՈՒՑԵ ՄԵՆՔ՝ ԾՆՈՂՆԵՐՍ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆՔ ՀՈՒԶՎՈՒՄ ՈՒ ՄՏԱԾՈՒՄ»
— Ձեր դստեր կյանքում նոր ու կարեւոր փուլ է սկսվում․ ինչպիսի՞ դպրոցական ճանապարհ եք ընտրել նրա համար (հայկական, օտարալեզու, մասնագիտացված)։ Ի՞նչն էր Ձեզ համար առաջնային դպրոց ընտրելիս։
— Մի փուլն արդեն ճանապարհում ենք՝ մանկապարտեզի տարիները։ Եվ, իսկապես, հիմա սկսվում է նոր փուլ ու շատ կարեւոր, որն ինքս էլ շատ եմ կարեւորում։
Ես ու կինս դպրոցն ընտրել ենք առաջնորդվելով մեր պատկերացումներով եւ այսօրվա որակական չափանիշներով։ Դպրոցը որեւէ առանձնահատուկ ուղղվածություն չունի, օրինակ՝ լեզուների թեքում։ Մեզ համար կարեւոր էր նաեւ, որ այն հարմար լինի։
— Ո՞ր դպրոցն է հաճախելու Ձեր փոքրիկը, եւ ինչո՞ւ կանգ առաք հենց այդ ընտրության վրա։
— Թե որ դպրոցն է հաճախելու, երևի չասեմ, որովհետև կարող է գովազդ դիտարկվել։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանում հայտնի եւ կայացած կրթական օջախներից մեկն է։ Բավական երկար ուսումնասիրել ենք տարբերակները, ծանոթացել ենք տարբեր դպրոցների պայմաններին ու հնարավորություններին, եւ, ի վերջո, կանգ առանք այն տարբերակի վրա, որն առավել հարմար գտանք մեր դստեր համար։
— Ծնողները հաճախ առավել հուզված են լինում իրենց երեխայի առաջին սեպտեմբերի 1-ի առիթով։ Ի՞նչ ապրումներ ունեք այս օրերին։
— Զգացողությունները շատ հետաքրքիր են, որովհետեւ այս օրերին հաճախ հիշում եմ իմ առաջին դասարանը՝ ինչպես առաջին անգամ գնացի դպրոց, ծանոթացա դասղեկիս ու դասընկերներիս հետ։
Իր փոխարեն՝ այո, գուցե մենք ավելի շատ ենք հուզվում ու մտածում։ Շուշաննան, ամեն դեպքում, շատ ուրախ է եւ մեծ ցանկությամբ է սպասում դպրոց գնալուն։
«ՇՈՒՇԱՆՆԱՆ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ Է, ԹԵ ԵՐԲ Է ԴՊՐՈՑ ԳՆԱԼՈՒ»
— Համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ, թե՞ փոքր-ինչ անհանգստանում է նոր միջավայրից։
— Արդեն մի քանի ամիս է՝ իրեն ասել ենք, որ շուտով դպրոց է գնալու։ Ինչպես գիտեք, երեխաները շատ են ուզում ժամանակն արագ անցնի, որ շուտ մեծանան, չեն ցանկանում փոքր մնալ։ Շուշաննան էլ դպրոց գնալը ընկալում է որպես մեծանալու հաջորդ փուլ․ հասկանում է, որ այդպիսով ճանապարհում է մանկապարտեզի տարիները եւ մտնում ավելի մեծերի աշխարհ։ Այդ պատճառով էլ նոր միջավայրից առանձնապես չի անհանգստանում, ընդհակառակը՝ անհամբերությամբ սպասում է, թե երբ է դպրոց գնալու։
— Սեպտեմբերի 1-ին ընտանիքից ո՞վքեր են ուղեկցելու Շուշաննային դպրոց։ Պատրաստվո՞ւմ եք այդ օրը հատուկ ձեւով նշել։
— Երեւի ընտանիքի բոլոր անդամներով կուղեկցենք՝ կլինեն տատիկ-պապիկը, բնականաբար՝ ծնողները։ Բայց հատուկ առիթ դարձնել օրը կամ առանձնահատուկ նշել չենք պլանավորել, չենք պատրաստվում։
— Որպես արդեն դպրոցական տարիքի երեխայի հայր՝ ի՞նչն է Ձեզ ամենից շատ անհանգստացնում։ Ավելի շատ մտածում եք կրթության որակի՞, դպրոցական միջավայրի՞, հասակակիցների ազդեցությա՞ն, թե՞ երեխայի հոգեբանական հարմարավետության մասին։
— Որպես ծնող դպրոցն ընտրելիս արդեն այդ ամենը հաշվի եմ առել։ Ինձ համար կարեւոր էր, որ ե՛ւ կրթության որակը բարձր լինի, ե՛ւ դպրոցական միջավայրը՝ առողջ ու բարենպաստ։ Շատ կարեւորում եմ, թե ովքեր են լինելու դասընկերները, ինչպիսի ընտանիքներից են լինելու եւ ինչ դաստիարակություն են ունենալու, որովհետեւ երեխան շատ ժամանակ է անցկացնելու դպրոցի պատերի ներսում՝ դասատուների, դասընկերների հետ եւ նրանցից է սովորելու ու ընդօրինակելու ոչ պակաս, քան ընտանիքում։ Դրա համար ինձ համար առաջնային էր, որ կրթությունն ու միջավայրը ճիշտ հավասարակշռված լինեն, եւ մեկը մյուսի պատճառով չտուժի։ Միջավայրին շատ կարեւորություն եմ տվել։
«ԹՈՂ ԸՆՏՐԻ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐՏԵՂ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՒ ԵՐՋԱՆԻԿ ԿԶԳԱ»
— Կհիշե՞ք Ձեր դպրոցական տարիներից մի դեպք, որը մինչ օրս մնացել է հիշողության մեջ։ Օրինակ, կա՞ որեւէ ուսուցիչ, որի ազդեցությունը մինչ օրս զգում եք։
— Դպրոցական տարիների հետ կապված հիշողություններս շատ են ու շատ վառ։ Ուսուցիչներ ունեմ, որոնց մինչեւ այսօր հիշում եմ՝ նրանց կեցվածքը, խոսքն ու խոսքի ազդեցությունը։ Ցավոք, բոլորի հետ չէ, որ կապը պահպանվել է, բայց առաջին դասարանի դասղեկիս՝ ընկեր Տեփոյանի հետ, կապը շարունակում ենք պահել մինչ օրս։ Արդեն 30-ից ավելի տարի է անցել, սակայն մեր մտերմությունը պահպանվել է, եւ կապված ենք նաեւ ընտանիքներով՝ իմ ծնողների հետ միասին։ Դրա համար շատ ուրախ եմ եւ կուզեմ, որ Շուշաննան էլ հետագայում իր ուսուցիչների հետ նման ամուր ու ջերմ կապ ունենա, եւ մենք որպես ծնողներ նույնպես կարողանանք այդ կապը պահպանել։
— Ի դեպ, Ձեր դուստրը հետաքրքրվու՞մ է երաժշտությամբ, երգո՞ւմ է, տեսնո՞ւմ եք նրա մեջ երաժշտական հակումներ։ Կարո՞ղ է նրա դպրոցական տարիներն էլ հայրիկի պես բուռն ստեղծագործական գործունեության եւ ճանաչման շրջան դառնան։
— Անկեղծ ասած, Շուշաննան սեր ունի երգի, երաժշտության եւ պարի նկատմամբ։ Այո՛, որոշակի լսողություն ունի, եւ երբ ես նվագում եմ, ինքն էլ երգում է։ Բայց այս պահին չեմ կարող ասել, որ նրա մեջ բացառիկ երաժշտական տաղանդ կամ օժտվածություն եմ տեսնում՝ սուտ կլինի։ Բայց, չեմ էլ բացառում, որ հետագայում նման հակումներ կարող են ավելի հստակ դրսեւորվել, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ տաղանդները տարբեր տարիքում են ի հայտ գալիս։
Նա նաեւ այլ հետաքրքրություններ ունի․ շատ է սիրում նկարել, հետաքրքրվում է նկարչությամբ եւ դիզայնով։ Չգիտեմ՝ հետագայում երաժշտական ուղղությունը կզարգանա, թե՝ ոչ, բայց ամենակարեւորն այն է, որ ընտրությունն իրենը լինի։ Ես, որպես հայր, կարող եմ խորհուրդ տալ եւ փոխանցել իմ կյանքի փորձը, բայց վերջնական որոշումը պետք է ինքն ընդունի։ Թող ընտրի այն ճանապարհը, որտեղ իրեն հարմարավետ եւ երջանիկ կզգա։
«ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԻՏԱՆԻ ՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴ ԼԻՆԻ ԻՐ ԵՐԿՐԻ, ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ»
— Այս տարի առաջին դասարան են գնում 2020 թվականին ծնված երեխաները։ Ձեր երեխայի մանկության առաջին տարիները համընկան կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետ։ Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ դժվարին շրջանը՝ որպես նորաստեղծ ընտանիքի հայր։
— Իհարկե, 2020 թվականը բոլորիս հիշողության մեջ մնացել է որպես ծանր ու անհանգստություններով լի տարի՝ թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ պատերազմի պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց աղջիկս։ Ընդ որում՝ Հայաստանում չի ծնվել․ նրա ծնունդը համընկավ սահմանների փակման, չվերթների չեղարկման եւ այդ օրերի բազմաթիվ սահմանափակումների հետ։ Գուցե, չգիտեմ, բարին էլ դա էր, որ այդ ընթացքում կինս Հայաստանում չէր։
Մի խոսքով՝ թեպետ 2020 թվականը մեր ընտանիքի համար իր մեջ մի շատ լուսավոր ու կարեւոր իրադարձություն ունի՝ Շուշաննայի ծնունդը, բայց, ցավոք, այդ տարին բոլորիս հիշողության մեջ մնացել է նաեւ քովիդով, պատերազմով ու կորուստներով։
— Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք այս տարի առաջին դասարանի շեմին կանգնած բոլոր երեխաներին եւ նրանց ծնողներին։
— Չեմ ուզում ստանդարտ խոսքեր ասել՝ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք։ Ես կրթությունը շատ կարեւորում եմ, բայց կրթությունից առավել կարեւորում եմ դաստիարակությունը։ Դպրոցում երեխաները ոչ միայն կրթվում, այլեւ դաստիարակվում են։ Կուզեմ ծնողներին հորդորել անպայման աչալուրջ լինել դպրոցը, ուսուցիչներին եւ, հատկապես, երեխայի շրջապատն ընտրելիս։ Ընտանիքից դուրս երեխան երկար տարիներ, ամենօրյա ռեժիմով, այդ միջավայրում է լինելու, որտեղ տեսնելու, ընդօրինակելու, դաստիարակվելու եւ կրթվելու է։ Եվ դա կարող է լինել թե՛ լավ, թե՛ վատ իմաստով․ հնարավոր է՝ վատն ընդօրինակի ու սխալ սովորույթներ ձեռք բերի։
Ես կուզեմ, որ երեխաները գնան լավ ճանապարհով, իսկ ծնողներն ու ուսուցիչներն օգնեն ու ուղղորդեն նրանց այդ ճանապարհին։ Մանկապարտեզից դպրոց, հետո՝ համալսարան, այդ ամբողջ ճանապարհի հանրագումարն է, որ, ի վերջո, ձեւավորում է մարդուն։ Կարեւոր է, որ արդյունքում ձեւավորվի այնպիսի մարդ, որը պիտանի ու օգտակար կլինի իր երկրին, իր ժողովրդին, ինչպես նաեւ ընդհանրապես աշխարհին ու համայն մարդկությանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

