Ո՞րն է, Նիկոլ, մեր հայրենիք
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական կյանքում երբեմն ամենակարեւոր հարցը ոչ թե այն է, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ ինչի մասին է հասարակությանը ստիպում խոսել իշխանությունը։ Երեկ այդ հարցը Տիգրանաշենն էր։ Այսօր՝ Քոչարյանները։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Տիգրանաշենի՝ իր խոսքով ասած՝ «Քյարքիի», եւ անկլավների թեմայի շուրջ արեց մի շարք հայտարարություններ, որոնք հասարակության համար շատ ավելի կարեւոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նա ասաց, որ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկում չեն մտնում այն անկլավները, որոնց մասին ինքը խոսել է, եւ կրկին ներկայացրեց «Քյարքիի» հարցը սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։ Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարց է։ Հետեւաբար՝ այն պետք է լինի հանրային օրակարգի կենտրոնում։ Բայց հաջորդ առավոտյան այդ կենտրոնում արդեն ուրիշ թեմա էր։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությունները, խուզարկությունները, նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումները, պետական գույքի օտարման մասին իրավապահների ծանր մեղադրանքները մի քանի ժամում ամբողջությամբ փոխեցին տեղեկատվական դաշտը։ Քաղաքացին, որը երեկ հարցնում էր՝ ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ, այսօր արդեն քննարկում է՝ ի՞նչ են արել Քոչարյանները։ Եվ այստեղ իշխանության քաղաքական տեխնոլոգիան, եթե անգամ ամբողջ գործընթացը բացառապես իրավական հիմքեր ունի, բավական պարզ է դառնում։
ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ԹԵՄԱՆ ՑՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ «ՄԱՍԿԻ ՇՈՈՒՆ» ԷՐ
Փաշինյանի իշխանության ամենաազդեցիկ քաղաքական խոստումներից մեկը նախկին իշխանությունների կողմից ենթադրյալ ապօրինի կուտակված հարստության բացահայտումն ու պետությանը վերադարձն է։ Սա հասարակության համար չափազանց սիրելի թեմա է։
Քարտեզների, սահմանազատման, իրավական հիմքերի եւ միջազգային պայմանագրերի մասին կարելի է ժամերով քննարկել։ Բայց երբ պետությունը ցույց է տալիս նախկին իշխանության հետ կապվող թանկարժեք գույքերի ցանկ, խոսում է պետական հողերի օտարման, շուկայական արժեքից ցածր գների, փոխկապակցված ընկերությունների եւ միլիոնավոր ու միլիարդավոր դրամների մասին, հանրային արձագանքը շատ ավելի արագ է առաջանում։
Հակակոռուպցիոն մարմինների ներկայացրած վարկածները ծանր են։ Խոսվում է պետական սեփականության տարբեր օբյեկտների՝ «Ֆաստ Քարթի», «Կասկադի» տարածքների, Պարոնյան 8-ի, «Կապուտակ Սեւանի», «Կինետիկի», «Պիացցա Գրանդեի», «Տոյոտա Երեւանի» եւ այլ ակտիվների շուրջ իրականացված գործարքների մասին։ Եթե դատարանում այս մեղադրանքներն ապացուցվեն, պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է վերադարձնել ապօրինի ձեռքբերված գույքն ու միջոցները։ Բայց այստեղ կա մեկ կարեւոր սահմանագիծ։ Մեղադրանքը դեռ դատավճիռ չէ։ Եվ հենց այդ սահմանագիծն է տարբերում իրավական պետությունը քաղաքական հաշվեհարդարից։
ԵԹԵ ՍԱ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է, ՈՒՐԵՄՆ՝ ԹՈՂ ՎԵՐՋԸ ՏԵՍՆԵՆՔ
Իշխանությունը Քոչարյանների գործով այսօր ունի երկու ճանապարհ։ Առաջինը՝ դարձնել այն հերթական մեծ քաղաքական շոու, մի քանի օր զբաղեցնել հանրությանը, ցույց տալ նախկինների հարստության մասին աղմկահարույց մանրամասները եւ հետո անցնել հաջորդ թեմային։ Երկրորդը՝ իսկապես գնալ մինչեւ վերջ։
Եթե պետական գույքը ապօրինի է օտարվել՝ վերադարձնել։ Եթե պետությանը վնաս է պատճառվել՝ հաշվարկել։ Եթե կաշառք է եղել՝ դատարանում ապացուցել։ Եթե փողերի լվացում է եղել՝ բացահայտել ամբողջ շղթան։ Եվ եթե որեւէ մեղադրանք չի ապացուցվում՝ ընդունել նաեւ այդ փաստը։ Հակառակ դեպքում «թալանը հետ բերելու» քաղաքականությունը կարող է վերածվել ընդամենը «թալանը ցույց տալու» քաղաքականության։
Բայց ինչո՞ւ հենց հիմա, այստեղ էլ գալիս է ամենատհաճ հարցը։ Ինչո՞ւ Տիգրանաշենի շուրջ ամենացավոտ հայտարարություններից անմիջապես հետո հասարակության տեղեկատվական դաշտը լցվեց Քոչարյանների գործով։ Չէ որ Քոչարյանները նոր չեն հարստացել, նույնիսկ այն ժամանակ էին հարուստ, երբ համացանցը ողողված էր Սեդրակ Քոչարյանի եւ նիկոլական կառավարության ստվերային համագործակցության մասին լուրերով՝ սկսած շինթույլտվություններից մինչեւ ասֆալտապատման աշխատանքներ։
Ակնհայտ է, որ Տիգրանաշենի հարցը բարդ է, ցավոտ եւ իշխանության համար քաղաքական ռիսկեր պարունակող։ Իսկ Քոչարյանների գործը, հակառակը, իշխանության համար գրեթե իդեալական թեմա է։ Այն թույլ է տալիս հասարակությանը նորից վերադարձնել «նախկինների թալանի» պատմության մեջ, որտեղ Փաշինյանի քաղաքական խոսքը տարիներ շարունակ առավել ազդեցիկ է եղել։ Եվ այստեղ իշխանությունը ոչինչ չի կորցնում։ Եթե գործը հաջողությամբ ավարտվի՝ իշխանությունը հայտարարելու է, որ վերականգնել է արդարությունը։ Եթե հասարակական ուշադրությունը տեղափոխվի նախկինների վրա՝ իշխանությունը շահում է ժամանակ։ Իսկ եթե Տիգրանաշենի թեման մի քանի օրով մոռացվի՝ դա եւս քաղաքականապես շահավետ է։
Տիգրանաշենը, սակայն, չի անհետացել։ Խնդիրը հենց այստեղ է։ Քոչարյանի ձերբակալությունը չի պատասխանում Տիգրանաշենի հարցին։ Քոչարյանի հնարավոր հարստությունը չի պատասխանում 29 743 քառակուսի կիլոմետրի հարցին։ Քոչարյանի գործը չի բացատրում, թե Հայաստանի համար ո՞ր քարտեզներն են իրավական հիմք, ինչպե՞ս են սահմանազատվելու վիճելի հատվածները, եւ ի՞նչ է լինելու անկլավների հետ։
Եվ ամենակարեւորը՝ եթե այսօր իշխանությունն ասում է, որ անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, ապա հասարակությունը պետք է իմանա՝ ի՞նչ գործընթաց է իրականում տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Որովհետեւ պետության տարածքային հարցերը չեն կարող լուծվել տեղեկատվական մանեւրներով։ Դրանք չեն կարող կախված լինել նրանից, թե օրվա լրահոսում Քոչարյանի տունն է, թե Տիգրանաշենը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

