Արցախյան պատերազմների մասնակից Մկոյանը կալանավայրից ահազանգել է 24News-ին․ «Կդիմեմ ծայրահեղ քայլերի»
Վարդան Մկոյանը, ով կալանքը կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, ահազանգել է 24News-ին։
Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ։
«Օգոստոսի 14-ից հացադուլ եմ հայտարարել արդարադատության փտած համակարգի պատճառով։ Ես Արցախյան բոլոր պատերազմների մասնակից եմ 13 տարեկանից, ինձ գիտեն որպես Ճուտ Վարդան։ Ինձ դատապարել են կեղծ հոդվածներով, սակայն դա թողնենք մի կողմ, հիմա եկել է ժամանակը, որ ինձ հասանելի մեկ երկրորդը, որ վաղաժամկետ պետք է կիրառվի, ինձ մերժում են ինչ-որ ձևակերպումներով, թե կալանավայրում միջոցառումների չեմ մասնակցում, որոշ մասն էլ սուտ տվյալներ գրելով։ Իրականում ինչի՞ համար են ինձ մերժում, որովհետև իմ գործի մեջ գրված է Նիկոլ Փաշինյանի ու Անդրանիկ Քոչարյանի անունը։ Սա համարվում է քաղաքական հետապնդում և քաղաքական դատապարտյալի կարգավիճակ։ Եթե քաղաքական ղեկավարի ունուն է գրված, ուրեմն պիտի մերժվի՞։
Պրոբացիան մերժում է ինձ այն բանի համար, որ կալանավայրում կազմակերված միջոցառումներին և կրոնական միջոցառումներին չեմ մասնակցում, սակայն իմ՝ այստեղ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի կրոնական միջոցառում չի կազմակերպվել։ Ես «Գորիս» քրեակատարողական հիմնարկում բազմիցս պահանջել եմ հոգևորականի այցելություն։ Դատարանում ասել եմ, որ զրկված ենք Սուրբ Պատարագի մասնակցելու հնարավորությունից, գոնե հոգևորականի այցելություն կազմակերպեն, որ ամիսը մեկ անգամ Սուրբ Հաղորդություն ստանանք։ Պատճառաբանել են, որ կրթական ծրագրերին չեմ մասնակցում։ Ես զարմանում եմ այս փտած արդարադատության վրա։ Հիմա ամեն ինչ թողնեմ, կարմիր գրիչ վերցնեմ Պրոբացիայի ծառայության սխալների ուղղում անե՞մ, որ ապացուցվի, որ մենք այստեղ չենք կրթվում։ Նշել են, որ չեմ խրախուսվել կալանավայրում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու պետականության հզորացմանը, «խրախուսվել եմ» 7․5 տարի ազատազրկման։ Հիմա չգիտեմ՝ կալանավայրում ի՞նչ խրախուսանք ստանամ ու քանի տարի նորից կազատազրկվեմ։ Ես ձերբակալվել եմ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, մոտ երկու տարի ամենախիստ բանտային ռեժիմում եմ անցկացրել։ Նաև երկար ժամանակ տնային կալանքում եմ եղել։ Ինձ ձերբակալել են Արցախի Հանրապետությունում 2022 թվականին՝ ապօրինի զենք – զինամթերք կրելու, պահելու համար և ընթացքում գործ են հարուցել՝ սպանության փորձի նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Ապօրինի զենք – զինամթերք պահելու մեղադրանք ընդունում եմ և չեմ էլ հերքում, իսկ սպանության փորձի նպատակ երբևէ չեմ ունեցել։ Դա քաղաքական հետապնդում է, բոլոր օրենքները բռնաբարել են և այդ հոդվածը կարել են իմ վրա։
Ասում են, որ կրթական ծրագրերին չեմ մասնակցում, ուրեմն ուղղված մարդ չեմ։ Իրենց փաստաթղթերում այնքան սխալներ կան, կարող են ասել, որ դրանք համակարգչային թերություններ են, բայց թերություններ չեն դրանք, դրանք անփութություն են, քանի որ որոշվում է մարդու ճակատագիրը, մեկ կետադրական նշանը ճակատագիր է որոշում։
Գրել են՝ դատապարտյալ Վարդան Հովհաննեսի Մկոյանը պատիժը կրելու ընթացքում ցուցաբերել է ոչ պատշաճ վարքագիծ։ Ես չեմ հասկանում, եթե մարդը շնորհքով է, օրենք չի խախտում դա պատշաճ վարքագի՞ծ չէ, բայց եթե չես մասնակցում իրենց տրված ոչ հիմնավոր միջոցառումներին, դա ոչ պատշաճ վարքագիծ է։ Գրել են՝ եթե վաղաժամկետ ազատվի, հնարավոր է նոր հանցագործություններ կատարի։ Ես մեկ տարի 8 ամիս գտնվել եմ տնային կալանքում և ոչ մի օրենք չեմ խախտել, ոչ մի բողոք չի եղել։ Դատավճիռը բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, դատավճիռը թողնվել է նույնը։ Վճռաբեկ դատարանը գործը քննության չի վերցրել։ Ինձ կալանքի են բերել 2026 թվականի ապրիլի 21-ին։
Որոշումերից մեկում գրել են․ «Պարզեցինք Վարդան Մկոյանն ամուսնացած չէ, չունի ընտանիք և խնամքի տակ գտնվող ոչ ոք չունի»։ Ես իմ խնամքի տակ ունեմ թոշակառու մայր, որը տեղաշաժի խնդիր ունի, իրենք համարել են, որ այդ ծնողը խնամքի կարիք չունի։
Վերջերս վարչապետ Փաշինյանի ասուլիսն էի լսում, խոսում էր արդարադատությունից։ Այո, հենց ինքն է ասում, որ արդարադատության համակարգը փտած է, պետք է վերականգնվի, փոխվի։ Ասում է՝ դա պետք է փոխվի Սահմանադրությունը փոխելուց հետո։ Մի հետաքրքիր հարց Փաշինյանին․ եթե Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի և չանցավ, ի՞նչ է՝ մենք կալանքում գտնվածներս, գերի՞ ենք մնալու իր փտած համակարգին։
Դիմում եմ նաև ընդդիմությանը․ միայն առաջին դեմքերի համար են հայտարարում, որ քաղբանտարկյալ են, սակայն թող մեր մասին էլ չմոռանան, ի՞նչ անենք, որ մենք բարձր ամբիոններից ելույթ չենք ունեցել, թող չմոռանան, որ մեզ նման տղաներ կան։ Վերջապես թող սկսեն աշխատել։ Հացադուլը շարունակելու եմ, եթե արդարությունը չհաստատվի, հացադուլին հաջորդելու են ջրադուլ ու ավելի ծայրահեղ քայլեր»։

