Երկրները հիմնականում պարտք վերցնում են ճգնաժամերի ժամանակ, իսկ եթե տեղի ունենա այդ ճգնաժամը, ապա այստեղ մենք արդեն ավելի խոցելի ենք լինելու
ՀանդիպումԿառավարությունն օրերս հաստատել է երկու նոր վարկային համաձայնագիր՝ ընդհանուր շուրջ 320 մլն դոլարի չափով։ Մասնավորապես, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից ստանալ 150 մլն դոլարի վարկ՝ 15 տարի ժամկետով և 4,58% տոկոսադրույքով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 170 մլն եվրոյի՝ շուրջ 200 մլն դոլարի վարկ՝ 28 տարի ժամկետով և տարեկան 3,9% տոկոսադրույքով։ Հաշվի առնելով Հայաստանի պետական պարտքի ներկայիս մակարդակն ու տնտեսության վիճակը՝ նոր վարկերի ներգրավման այս որոշումը ի՞նչ հետեւանքներով է հղի տնտեսագետ Հրանտ Միքայելյանը այսպես է գնահատում.
– Անցած տարվա վերջից մինչև հուլիսի սկիզբ Հայաստանի պետական պարտքը չի աճել, այսինքն՝ նոր վարկեր չեն վերցրել, բայց հաշվի առնենք, որ Կառավարությունը ստանձնեց նոր պարտավորություններ, օրինակ՝ կենսաթոշակների բարձրացում այն պարագայում, երբ դա չկար 2026-ի հաստատված բյուջեի ծրագրում, այսպիսով ստեղծվում է մոտ 150 մլն դոլարի չափով պակաս, իսկ դա պետք է համալրել:
Նախաձեռնվեց նաև հսկայական բարեփոխում առողջապահության ոլորտում՝ ապահովագրության տեսքով, դարձյալ նախընտրական նպատակով: Սա էլ մոտավորապես 300 մլն դոլար արժեցավ Հայաստանի վրա: Նման պարտավորությունները այդքան էլ Հայաստանի հնարավորություններից չէին բխում՝ հատկապես ժողովրդագրական փոփոխությունները հաշվի առնելով: Այսպիսով, Հայաստանը վերջին տարվա ընթացքում ձևավորված ունի բավականին լուրջ սոցիալական պարտավորություններ, պարզ է, որ գումարը չի բավականացնում, ու նոր պարտքերի կարիք է ստեղծվել:
Իրականում այսքանով ամեն բան չի վերջանա, ու այս տարվա ընթացքում միանշանակ նոր պարտքի կարիք է լինելու, որովհետև բացի սովորական բյուջետային գործընթացից, մենք ունենք ևս մեկ հանգամանք՝ հին պարտքերի ու դրանց տոկոսադրույքների մարումը, ինչն էլ բյուջեում ձևավորում է պակասուրդ, որը պետք է մարվի, ու դա բավական լուրջ գումար է: Անցած տարի գերազանցել է 1 միլիարդ դոլարը, այս տարի պակասուրդը նախատեսված է ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դոլարի չափով, պարզ է, որ այդ գումարը հիմնականում ծախսվելու է հենց պարտքերի մարման համար:
Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին. դրանից ելնելով՝ կարող եմ ասել հետևյալը. ընդհանրապես ճիշտ չէ պարտք վերցնել տնտեսության աճի փուլում, իսկ մենք հիմա այդ փուլում ենք, ու վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունն աճում է ու բավականին արագ է աճում, այս վիճակում ընդհանրապես ճիշտ է պարտքեր տալը, բայց հիմա տնտեսությունը գերտաքացվում է քաղաքական նպատակներով, տաքացվում է թյուր կառավարման պատճառով ու դա խոցելի է դարձնում տնտեսությունն այն վիճակում, երբ պետք է սկսվի համաշխարհային ճգնաժամ, ինչի մասին վերջերս խոսում են: Երկրները հիմնականում պարտք վերցնում են ճգնաժամերի ժամանակ, իսկ եթե տեղի ունենա այդ ճգնաժամը, ապա այստեղ մենք արդեն ավելի խոցելի ենք լինելու: Նաև պետք է ասեմ, որ այս պահին պարտքի բեռն այդքան մեծ չէ, ու կարելի է ասել կառավարելի է:

