Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին
ՍԻՄ-ՀրապարակումներԱյսօր լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված պատմական փաստաթուղթը դարձավ անկախ պետականության վերականգնման իրավաքաղաքական հիմքը՝ ամրագրելով հայ ժողովրդի՝ ինքնիշխան պետություն կերտելու կամքը եւ նախանշելով Հայաստանի հետագա պետականաշինության հիմնական ուղղությունները։
Հռչակագրի պատմական նշանակության, դրա շուրջ այսօր ձեւավորված քաղաքական եւ իրավական գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության ու պետականության ապագայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Անկախության հռչակագրի հեղինակներից մեկի՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։
— Հայաստանի անկախության հռչակագիրն այն հիմնաքարն է, որի հիման վրա կառուցվեց Հայոց պետականությունը։ Ամենադժվար պահերին դիմակայելով ե՛ւ ադրբեջանական ագրեսիային, ե՛ւ թուրքական շրջափակմանը, կարողացավ հաղթահարել այդ ամենը, պաշտպանել Արցախի հետ միավորված Հայաստանը, պաշտպանել սահմանները, վերականգնել տնտեսությունը եւ դառնալ միջազգային հանրության հեղինակավոր, իսկ տարածաշրջանում առաջադեմ պետություն։
Ցավոք սրտի, արտաքին միջամտության արդյունքում իշխանության բերվեցին այն ուժերը, որոնք քայքայում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը, Հայաստանը տանում են դեպի թուրքական եւ ադրբեջանական վիլայեթացման։ Այդ ուժերի գործունեությունն ուղղակիորեն նպատակադրված է Անկախության հռչակագրի ոչնչացմանը։
Մենք, որպես անկախության հռչակագրի հիմնադիր կուսակցություն, հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը եւ կոչ ենք անում նոր ձեւավորված ու ավելի վաղ ժամանակներից գործող կուսակցություններին նույնպես միավորվել Անկախության հռչակագրի շուրջ։
Նախընտրական փուլում մենք կոչ էինք անում հանդես գալ միասնական ցուցակներով՝ մեկ կարգախոսի տակ՝ «Ո՛չ Նիկոլին, այո՛ Հայաստանի Սահմանադրությանը»։ Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրությունը, որպես բաղկացուցիչ եւ անքաքտելի մաս, ունի Անկախության հռչակագիրը։ Եվ Անկախության հռչակագիրը խախտող Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ալիեւի եւ Էրդողանի թելադրանքի ներքո՝ փոխի ՀՀ Սահմանադրությունը։ Թույլ չտանք, որպեսզի ոչնչանա ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

