Վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին․ «Իշխանություն»
Քրեական«Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։
Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։
Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:
Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։ Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նաև հայտնեց, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում: ՆԳՆ-ից փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից:
Սկզբնաղբյուրը՝ ishkhanutyun.am

