«Ժողովուրդ». Ինչո՞ւ տարիներով կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում արձանագրվել է հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մեկ տասնյակից ավելի խախտում։
Հատկապես ուշագրավ է, որ խոսքը սովորական փոքր տարածքի մասին չէ․ ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Ձորափի փողոցում, և, ըստ տեսչական մարմնի արձանագրածի, օբյեկտում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք, անվտանգության տեսանկյունից, չէին կարող անտեսվել։
«Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրի տվյալներով պարզել է, որ «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն ու իրական շահառուն Կարինե Ղազարյանն է՝ 1998 թվականին ծնված։
Սակայն ռեստորանի շուրջ կան նաև այլ ուշագրավ կապեր։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանի աղբյուրները պնդում են, որ ռեստորանի հետ կապ ունի ՊԵԿ նախկին պաշտոնյա Բաբկեն Ղազարյանը, որը հանրային դաշտում հայտնի է «Թոխմախի Բաբո» մականվամբ։
Նույն աղբյուրների պնդմամբ՝ Ղազարյանը մտերիմ հարաբերություններ ունի «ԲԵԴԵԿ» շինարարական ընկերության սեփականատեր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ։
Այս տեղեկությունները, սակայն, պահանջում են փաստաթղթային լրացուցիչ ստուգում։ Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ կապ ունի Բաբկեն Ղազարյանը «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի, ռեստորանի տարածքի և դրա կառուցման հետ, և արդյոք որևէ կապ կամ ազդեցություն է ունեցել դրա շահագործման թույլտվությունների ու վերահսկողության գործընթացներում։
Մյուս կարևոր հարցը Երևանի քաղաքապետարանին է ուղղվում․ ե՞րբ է Ձորափի 35 հասցեում սկսվել ռեստորանի կառուցումն ու շահագործումը, ի՞նչ շինարարական և շահագործման թույլտվություններ են տրամադրվել, և արդյոք քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այդ ընթացքում որևէ խախտում արձանագրե՞լ են։
Եթե օբյեկտում այսօր մեկ տասնյակից ավելի հրդեհային անվտանգության խախտում կա, ապա հանրության համար տրամաբանական հարց է առաջանում՝ այդ խախտումները ե՞րբ են առաջացել, թե՞ դրանք առկա են եղել ռեստորանի շահագործման ողջ ընթացքում և պարզապես չեն հայտնաբերվել։
Եվ ամենակարևորը՝ ռեստորանը կառուցվել և շահագործվել է համեմատաբար վերջերս, ապա ինչպե՞ս է այն անցել համապատասխան վերահսկողության փուլերը՝ առանց այդ խախտումների արձանագրման։
Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ է մինչ օրս աչք փակել աղաղակող խախտումների վրա»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70991

