Նրա թողած լույսը երբեք չի մարի․ վերջին հրաժեշտը Արկադի Շեկունցին
ՄշակութայինԱյսօր վերջին հրաժեշտը տվեցին կոչումով մանկավարժ, երաժիշտ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ մշակույթի խոնարհ ու նվիրյալ մշակներից մեկին՝ ԱՐԿԱԴԻ ՇԵԿՈՒՆՑԻՆ։
Նրա մասին խոսելիս դժվար է սահմանափակվել միայն կենսագրական տվյալների թվարկմամբ։ Արկադի Արամիչի անցած ճանապարհը նախեւառաջ մարդու, մտավորականի ու արվեստագետի ուղի էր՝ կրթելու, ստեղծելու, պահպանելու եւ սերունդներին փոխանցելու ճանապարհ։
Նա այն մտավորականներից էր, որոնց ներկայությունը բարձրաձայնվելու կարիք չուներ։ Շեկունցը չէր ձգտում լինել առաջին պլանում. նրա փոխարեն խոսում էին իր ստեղծած գործերը, իր կրթած սերունդները, իր ներդրած արժեքները։ Նրա համար արվեստն ու մանկավարժությունը նույն առաքելության երկու կողմերն էին՝ մարդուն մոտեցնել ճշմարիտ մշակույթին։
Արկադի Շեկունցը ծնվել է 1935 թվականին Գորիսում։ Երաժշտական կրթությունը ստացել է Պոլտավայի երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մանկավարժական գործունեությունը սկսել էր դեռեւս դպրոցական տարիներին, իսկ 1967 թվականից իր մասնագիտական կյանքի նշանակալի հատվածը կապել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։
Այստեղ անցած տասնամյակները դարձան ոչ միայն մասնագիտական աշխատանքի, այլեւ մշակութային մի ամբողջ առաքելության պատմություն։ Դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, ֆակուլտետի դեկան, հետագայում՝ համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն։ Սակայն պաշտոնները նրա գործունեության միայն արտաքին կողմն էին։ Ներքին բովանդակությունը մեկն էր՝ կրթության միջոցով մշակույթ ձեւավորելը։
1963-1992 թվականներին Շեկունցը աշխատել է նաեւ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական հաղորդումների խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գլխավոր խմբագիր։ Նա գրել եւ երաժշտական ձեւավորում է կատարել շուրջ հարյուր թատերական ներկայացումների համար, աշխատել սցենարների եւ վավերագրական ֆիլմերի վրա։ Նրա մասնագիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ուներ հեռուստաթատրոնը, որտեղ երաժշտությունը ոչ թե պարզապես ուղեկցում էր տեսարանը, այլ դառնում էր պատմության զգացմունքային լեզվի մի մասը։
Բայց Արկադի Շեկունցի կյանքի ամենակարեւոր էջերից մեկը, թերեւս, կապված էր ուսանողների հետ։ 2006 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյակի նախօրեին, նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ուսանողական թատրոն-ստուդիան։ Գեղարվեստական ղեկավար Արկադի Շեկունցի եւ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորվեց ստեղծագործական մի միջավայր, որտեղ երիտասարդները սովորում էին ոչ միայն բեմում հանդես գալ, այլեւ մտածել արվեստի չափանիշներով։
Թատրոն-ստուդիան միավորեց համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների՝ ապագա դերասանների, ռեժիսորների, նկարիչների, բանասերների։ Նրանց համար թատրոնը դարձավ ինքնաճանաչման ու աշխարհընկալման դպրոց։ Առաջին բեմադրության համար ընտրվեց Անատոլի Ռոզովի «Երջանկություն որոնելիս» պիեսը։ Ինը ամիս տեւած աշխատանքից հետո ներկայացումը 2007 թվականի մայիսի 31-ին ներկայացվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում։
Սակայն այդ ներկայացումը միայն սկիզբն էր։ Հետագա տարիներին Մանկավարժական համալսարանի թատրոն-ստուդիան անդրադարձավ հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի բարդ ու արժեքավոր ստեղծագործությունների։ Ժիրայր Անանյանի, Վիլյամ Սարոյանի, Խաչատուր Աբովյանի, Ֆրիդրիխ Դյուրենմաթի, Ֆերնանդո Արաբալի, Ռիչարդ Կալինովսկու, Վուդի Ալենի գործերը հայտնվեցին երիտասարդների բեմական աշխատանքի կենտրոնում։
Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված բեմադրությունները, Խաչատուր Աբովյանի 200-ամյակի առիթով ներկայացումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի բեմադրությունը վկայում էին, որ ուսանողական թատրոնը վաղուց արդեն դուրս էր եկել պարզապես համալսարանական նախաձեռնության շրջանակներից։
Այստեղ ձեւավորվում էր արվեստի ընկալման մշակույթ։ Հերբերտ Գասպարյանի եւ Արկադի Շեկունցի աշխատանքի շնորհիվ ուսանողները համարձակվում էին մոտենալ այնպիսի ստեղծագործությունների, որոնք սովորաբար պրոֆեսիոնալ թատրոնների խաղացանկում են։ Եվ հենց սա էր ստուդիայի ամենամեծ ձեռքբերումը․ այն երիտասարդին սովորեցնում էր չհաշտվել ցածր չափանիշների հետ։
Արկադի Շեկունցի համար մշակույթը երբեք պարզապես մասնագիտություն չէր։ Նա համոզված էր, որ մանկավարժի առաքելությունը շատ ավելի մեծ է՝ սերունդներին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև արժեքային կողմնորոշումներ։
Նա թողեց գիտական ու մասնագիտական հրապարակումներ, այդ թվում՝ խմբերգային պարտիտուրի վերլուծությանը եւ Ղարաբաղի անվանի հայ երաժիշտներին նվիրված աշխատություններ։ Պարգեւատրվել է պատվոգրերով ու մեդալներով, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի մեդալով։ Սակայն նրա ամենամեծ պարգեւը, թերևս, այն մարդիկ են, ովքեր այսօր հիշում են իրեն որպես ուսուցչի, ղեկավարի, արվեստագետի եւ պարզապես ազնիվ մարդու, ում քաղցրալեզու ձայնը դեռ երկար կմնա իրեն ճանաչողների ականջներում։
Արկադի Շեկունցի հեռանալով հայ մշակութային ու մանկավարժական կյանքում մի դատարկություն է առաջանում, որը հնարավոր չէ լրացնել նոր անունով։ Այո՛, կան մարդիկ, որոնց արժեքը միայն իրենց արած աշխատանքի մեջ չէ։ Նրանք իրենց շուրջ ստեղծում են մթնոլորտ, ձեւավորում ճաշակ, փոխանցում վերաբերմունք կյանքի եւ արվեստի նկատմամբ։ Շեկունցն այդ մարդկանցից էր։
Նրա ձայնը լռեց, բայց նրա աշակերտների, գործընկերների եւ իրեն ճանաչած մարդկանց հիշողության մեջ շարունակում է հնչել այն գլխավոր պատգամը, որի ծառայությանն էր նա նվիրել իր կյանքը՝ ճանաչել սեփական մշակույթը, պահպանել արժեքավորը եւ հաջորդ սերնդին փոխանցել այն ավելի բարձր նշաձողով։
Այսօր հրաժեշտ ենք տալիս ոչ միայն վաստակաշատ երաժշտի ու մանկավարժի, այլեւ մի մարդու, ով իր ամբողջ կյանքով ապացուցեց՝ մշակույթին կարելի է ծառայել առանց աղմուկի, առանց ցուցադրականության, բայց մեծ նվիրումով։ Նրա թողած երաժշտությունը, բեմական աշխատանքները, ուսանողները, ստեղծած արժեքներն ու պատգամները շարունակելու են խոսել իր փոխարեն։ Եվ գուցե սա է իսկական արվեստագետի ամենամեծ ժառանգությունը՝ երբ մարդը հեռանում է, բայց նրա ստեղծած լույսը դեռ երկար չի մարում։
Խորին ցավակցություն՝ Արկադի Շեկունցի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին եւ բոլոր նրանց, ովքեր այսօր իրենց սրտում ունեն Մաեստրոյի հիշատակը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

