Ո՞վ է Ձեզ իրավունք տվել մանիպուլացնել․ հրապարակային հարցում՝ Թագուհի Ղազարյանին
Ներքաղաքական«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ հրապարակային հարցադրմամբ դիմել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։
«Հարգելի՛ տիկին Ղազարյան,
Որպես ՀՀ հարկատուների հաշվին բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյա, Դուք պարտավոր եք տիրապետել տարրական փաստերին, այլ ոչ թե ԱԺ ամբիոնն օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար: Մինչ Դուք հայտարարում եք, թե եկեղեցին հարկեր չի վճարում, ՊԵԿ պաշտոնական տվյալները հակառակն են փաստում. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկում է (օրինակ՝ վճարելով 524 մլն դրամ հարկ, իսկ միայն 2026թ. առաջին կիսամյակում՝ 287 մլն դրամ եկամտային հարկ): Այս կապակցությամբ հնչեցրեք Ձեր հրապարակային պատասխանը.
- Տարրական գիտելիքների բացակայություն. ինչո՞ւ Դուք չեք տիրապետում պետական բաց տվյալներին և հանրությանը մատուցում եք կեղծ տեղեկատվություն:
- Եկեղեցու նսեմացում. ո՞վ է Ձեզ իրավունք տվել մանիպուլյացիաների միջոցով թիրախավորել ու նսեմացնել դարավոր ազգային-հոգևոր հաստատությունն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
- Պատասխանատվություն. Պատրա՞ստ եք հրապարակավ ներողություն խնդրել քաղաքացիներից՝ ԱԺ ամբիոնից սուտ հնչեցնելու և հասարակությունը բևեռացնելու համար: Սպասում ենք Ձեր ուղիղ պատասխանին», - ընդգծել է Բաբայանը։

