Ցավոք հնարավոր չէ, այնպես կազմակերպել աղբահանությունը, որ բոլորին հարմար լինի. Աշոտ Սարգսյան
ՀասարակությունԱղբահանության թեման կրկին ակտուալ է, սակայն այս անգամ այլ հարթության մեջ: Բանն այն է, որ ամառվա տապին, աղբահանությունը, կարծես թե, կատարվում է հնարավորին պատշաճ կերպով` չհաշված որոշակի թերությունները: Սակայն, քաղաքացիներից շատերն իրենց բողոքն են հայտնում, որ աղբահանությունը կատարվում է գիշերվա կեսին, ժամը՝ 02։00-ի սահմաններում, երբ մարդիկ փորձում են քնել՝ հաղթահարելով շոգն ու բանուկ թաղամասերի աղմուկը:
«Իրավունք»-ին դիմած քաղաքացիները, ցանկանում են ստանալ մեկ պարզ հարցի պատասխան՝ արդյոք հնարավոր չէ աղբահանությունը կազմակերպել գոնե ոչ գիշերվա 02։00-03։00-ն ընկած ժամանակահատվածում: Այս հարցի շուրջ զրուցել ենք Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Քաղաքացիների մեծ մասը բողոքում են աղբահանության կազմակերպչական աշխատանքներից , որ այն իրականացվում է գիշերվա ժամերին, ինչի պատճառով չեն կարողանում հանգստանալ:
— Ինձ թվում է՝ իրականում ժամանակն է, որ մենք ավելի բաց, ավելի անկեղծ խոսենք մեր քաղաքացիների հետ։ Դա շատ նման է ասֆալտապատման խնդրին, երբ վարորդներն ասում են՝ չե՞ք կարող գիշերն անել, որ ցերեկը խցանում չլինի: Սակայն, այս դեպքում էլ տանը հանգստացող մարդիկ ասում են՝ չե՞ք կարող ցերեկը անել, որովհետեւ գիշերը խանգարում է։ Գիտեք, ցանկացած փոփոխություն չի կարող 100 տոկոս մարդկանց դուր գալ։ Այստեղ պետք է հասկանալ մի բան՝ ո՞ր դեպքում ավելի արդյունավետ կլինի աշխատանքը։ Մենք ունենք ծավալով ե՛ւ մեծ, ե՛ւ փոքր աղբատար մեքենաներ, եւ երբ մեքենաները մտնում են տարածք՝ մաքրելու, նրանք որոշակի ժամանակով փակում են այդ ճանապարհի գոնե մի հատված։ Ցերեկվա ժամերին դա շատ մեծ անհարմարություններ է պատճառում վարորդներին, իսկ երեկոյան ժամերին էլ քաղաքացիներին կարող է անհարմարություն պատճառել: Դրա կոմպրոմիսային տարբերակը ո՞րն է: Եկեք փորձենք միասին վերլուծել․ ինչպես ասացի, ցերեկը դա խանգարելու է երթեւեկությանը: Երեկոյան՝ 20:00-ից էլ սկսած, շատ մանկահասակ երեխաներ քնում են: Հետեւապես, ե՞րբ աշխատեն մեքենաները: Ցավոք, հնարավոր չէ, այնպես կազմակերպել աղբահանությունը, որ բոլորին հարմար լինի:
— Պարոն Սարգսյան, իսկ հնարավոր չէ՞ դա անել՝ մինչեւ 23:00-ն, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված լռությունն էլ չխախտվի։
— Ախր, մենք խոսում ենք քաղաքի մասին: Եկեք կոնկրե՛տ չխոսենք մեկ կամ երկու փողոցների մասին: Եթե խոսում ենք գործի կազմակերպվածությունից, պետք է նայենք գլոբալ, այսինքն՝ ամբողջ Երեւանում։ Այստեղ մենք պետք է ունենանք աննախադեպ մեքենաների ծավալ, որ այդ մի քանի ժամվա մեջ հասցնեն մաքրեն ամբողջ Երեւանը։ Այսինքն՝ պետք է հարյուրավոր մեքենաներ ձեռք բերել, որ այդ ժամին կարողանան ամբողջ Երեւանը մաքրել։ Ասեմ նաեւ, որ վայրեր կան քաղաքում, որտեղ նույնիսկ օրը երկու-երեք անգամ իրականացվի աղբահանություն: Այսինքն, ցավոք, եթե անգամ շատ էլ ցանկանանք, դա պրակտիկորեն հնարավոր չէ իրակակացնել: Նաեւ վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեր ասած՝ սահմանված լռության ժամից առաջ էլ լինի, միեւնույնն է, քաղաքացիները բողոքում են:
— Այսինքն՝ նորմալ ժամին աղբահանություն իրականացնելու համար քաղաքապետարանը մեքենաների պակա՞ս ունի:
— Հիմա մեքենաները բավարար են, պակասության խնդիր չկա: Իմ ասածն այլ է, Դուք ասում եք՝ մինչ կոնկրետ ժամանակահատված՝ ասենք, 21:00-23:00-ն ընկած ժաանակահատվածը: Այդ ժամանակահատվածում էլ են երեխաներ քնում: Այսինքն, ստացվում է, որ այդ ժամանակահատվածն էլ նրանց կխանգարի, իսկ գիշերվա ժամերին շատ մարդիկ քնած են, եւ այդ մի քանի րոպեանոց աղմուկը նույնիսկ չի խանգարում։ Ինչ-որ մի մասի կարող է մի փոքրիկ նեղություն տրվի, բայց պետք է ըմբռնումով մոտենալ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

