Որտե՞ղ էիք այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանին պետք էր ոչ թե հետմահու հերոսացնել, այլ կենդանի. Բացառիկ հարցազրույց գեներալի հայտնի փաստաբանի հետ
ԹեմաՏարբեր ամբիոններից ,այդ թվում Ազգային ժողով անցած որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այս օրերին սկսել են ակտիվորեն շահարկել գեներալ Մանվել Գրիգորյանի անունը՝ հայտարարելով, թե խախտվել է նրա կյանքի իրավունքը, թե իշխանությունները խոշտանգել են նրան և պատասխանատու են նրա առողջության վատթարացման ու հետագա մահվան համար։
Այս և այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել հայտնի իրավապաշտպան , ԼԵՎՈՆ Բաղդասարյանից, ով Մանվել Գրիգորյանի համար ամենածանր օրերին այն եզակի փաստաբաններից էր, որ կանգնեց գեներալի կողքին։ Այն ժամանակ, երբ շատերին թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, և գեներալն այլևս արևի լույս չի տեսնի, շուրջ քառասուն օր անց Մանվել Գրիգորյանը հայտնվեց ազատության մեջ, հենց հայտնի իրավապաշտպանի պրոֆեսիոնալիզմի ջանքերով։
— Պարոն Բաղդասարյան, վերջին շրջանում կրկին հաճախացել են Մանվել Գրիգորյանի մասին խոսույթները։ Դուք նրա ամենածանր օրերին եղել եք գեներալի կողքին՝ այն ժամանակ, երբ նրա շրջապատից շատերը, ընկերներն ու անգամ բարեկամները կիլոմետրերով հեռու փախան ու ուրացան նրան։ Ինչպե՞ս եք վերաբերվում այսօր տարբեր հարթակներից նրա խախտված իրավունքների մասին բարձրաձայնողներին։
— Այս տեմպերով հաջորդ քայլը լինելու է Մանվել Գրիգորյանի մասին երգեր ձոնելը, նրան հերոսացնելն ու պատմելը, թե Արցախյան պատերազմում նա թշնամուն վազել սովորեցրեց, իսկ այս պատերազմում էլ լողալ կսովորեցներ,
բայց... պատմությունը հիշողություն ունի։
Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն այնքան զազրելի ու նողկալի էր , որ առանց այդ էլ հասարակության որոշ շրջանակներում նրա նկատմամբ ձևավորված ոչ դրական վերաբերմունքը շատ արագ վերածվեց համատարած ատելության։ Հենց այդ մթնոլորտում նրա ընկերներից, շրջապատից և անգամ բարեկամներից շատերը ոչ միայն ուրացան նրան, այլև սկսեցին հրապարակային մեղադրել։
Ցանկություն չունեմ այսօր դատավորի դեր ստանձնելու և հերթով դատելու նրանց գործողությունները։
Ես Մանվել Գրիգորյանի փաստաբանն էի այն ժամանակ, երբ նրա կողքին կանգնելը ոչ թե դիվիդենդ էր բերում, այլ կարող էր արժենալ առողջություն, հեղինակություն և հասարակական հարվածների մի ամբողջ տարափի։ Ես պաշտպանել եմ նրան իրեն առաջադրված ամենազազրելի՝ այսպես կոչված «տուշոնկայի» մեղադրանքից։
Ձեր նախապես ներկայացրած հարցերից կառանձնացնեմ մի քանիսը։
ԱՌԱՋԻՆ։ ԱԱԾ մեկուսարանում Մանվել Գրիգորյանին նկարահանելու և այդ տեսանյութը համացանցում տարածելու դեպքը։
Այո՛, նման դեպք եղել է, և դրա վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Սակայն երբ գեներալն իմացավ, թե ով է իրեն նկարահանող անձը, հետ վերցրեց իր դիմումը, ներեց այդ մարդուն և պատվիրեց այլևս հրապարակային չխոսել այդ պատմության մասին։
Հնարավոր է՝ երբևէ իմ հուշերում ավելի մանրամասն անդրադառնամ այդ դրվագին։ Բայց այսօր բոլոր նրանք, ովքեր հարգում են Մանվել Գրիգորյանի հիշատակը՝ հարգեք նաև նրա կամքը և այդ պատմությունն այլևս հրապարակային շահարկման առարկա չդարձնեք։
ԵՐԿՐՈՐԴ։ Ընկերը երևում է ընկերոջ նեղ պահին։
Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին պաշտոնապես մասնակցեցին նաև մարդիկ, որոնք տարիներ շարունակ համարվել էին նրա ընկերները և այն ժամանակ քաղաքական իշխանության մաս էին կազմում։
Ընդամենը երկու պատգամավոր դեմ կամ ձեռնպահ դիրքորոշում ունեցան։ Նրանցից մեկը նույնիսկ Մանվել Գրիգորյանի ընկերը չէր. իմ ընկերն էր։ Նա ասել էր մոտավորապես հետևյալը՝ եթե փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային հայտարարել է, որ գեներալը զինվորի բաժինը չի յուրացրել, ապա ես հիմք ունեմ վստահելու այդ հայտարարությանը։
Իսկ Մանվելի այսպես կոչված ընկերնե՞րը։
Կամ չհավատացին իրենց ընկերոջը, կամ սեփական կաշվի համար վախեցան։ Իսկ գուցե նրանցից ոմանց սեփական անցյալն այնքան մաքուր չէր, որ համարձակվեին այդ օրերին հակառակ գնալ նոր իշխանությանը։
Այս հարցում ևս ես չեմ պատրաստվում դատավոր լինել։ Յուրաքանչյուրի դատավորը ժամանակն է, սեփական խիղճը և, անհրաժեշտության դեպքում, օրենքը,իսկ երկնային կյանքում' ՀԱՅՐԸ։
ԵՐՐՈՐԴ։ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը։
Այստեղ ես պարտավոր եմ անկեղծ լինել։
Եթե չլինեին իմ հրապարակային հայտարարությունները, որոնց արդյունքում աստիճանաբար սկսեց փոխվել հանրային ընկալումը, եթե չլիներ իմ բաց նամակը՝ ուղղված Բարձր Դռանը, համոզված եմ՝ Մանվել Գրիգորյանի կալանքը չէր փոխվելու։
Ավելին՝ այդ ժամանակ հասարակության մի զգալի հատված այնպիսի ատելության մեջ էր հայտնվել, որ, թող ներվի ասել, գեներալի՝ մեկուսարանում մահվան լուրը ոմանք կարող էին անգամ հիացական բացականչություններով ընդունել։
Այդ մթնոլորտը պետք էր կոտրել։ Ես այն կոտրեցի։
Չորրորդ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
ՄԻԵԴ-ը, քննելով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ իմ ներկայացրած միջնորդությունը՝ անհետաձգելի միջոց կիրառելու մասին, կիրառեց համապատասխան միջոց և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց իրականացնել որոշակի գործողություններ։
Վերջում արձանագրեմ
Սա իրավական գործընթաց էր, որն իրականացվում էր այն ժամանակ, երբ դրա կարիքն ուներ կենդանի Մանվել Գրիգորյանը։
Եվ հենց այստեղ է իմ հիմնական հարցը նրանց, ովքեր այսօր հերթով խոսում են նրա խախտված իրավունքներից։
Որտե՞ղ էիք այն ժամանակ։
Երբ Մանվել Գրիգորյանին պետք էր ոչ թե հետմահու հերոսացնել, այլ կենդանի մարդու կյանքի ու առողջության իրավունքի համար պայքարել , որտե՞ղ էիք։
Երբ նրան պետք էր երաշխավոր, ինչո՞ւ նրա ընկերներից, պատգամավորներից, գրողներից, արվեստագետներից շատերը չցանկացան անգամ այդ նվազագույն պատասխանատվությունը ստանձնել։
Այսօր ոչ ոք չի կարող ուղղակի հայտարարել, թե Մանվել Գրիգորյանի մահվան մեջ Հայաստանի կառավարության մեղավորության չափը կոնկրետ որքան է։ Դա որոշվում է ապացույցներով, պատճառահետևանքային կապով և իրավական ընթացակարգով, ոչ թե քաղաքական ամբիոնից հնչող նախադասություններով։
Իսկ եթե արդեն խոսում ենք բարոյական պատասխանատվությունից, եկեք մինչև վերջ խոսենք։
Որքա՞ն էր նրան ուրացած ընկերների պատասխանատվության բաժինը։
Որքա՞ն էր նրա անձեռնմխելիությունից զրկելուն մասնակցած «ընկեր» պատգամավորների բաժինը։
Որքա՞ն էր այն մարդկանց բաժինը, որոնք տարիներով նրա սեղանի շուրջ էին նստել, բայց երբ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ էր ընդամենը մեկ ստորագրություն, մեկ երաշխավորություն, մեկ հրապարակային խոսք, հանկարծ կորցրին և՛ ձայնը, և՛ հիշողությունը, և՛ ընկերությունը։
Հուդան պատմության մեջ մնաց ոչ այն պատճառով, որ Քրիստոսի մասին վատ խոսեց։ Մնաց, որովհետև ճիշտ պահին ընտրեց դավաճանությունը։
Ուստի այսօր գեներալի անունը քաղաքական կապիտալի վերածելուց առաջ յուրաքանչյուր ոք թող նախ իր համար պատասխանի մեկ պարզ հարցի՝ «Ես որտե՞ղ էի, երբ Մանվելը կենդանի էր և իմ կարիքն ուներ»։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ կարելի է ունենալ տարբեր վերաբերմունք։ Կարելի է քննադատել նրա անցած ճանապարհի առանձին դրվագներ, կարելի է հարցեր տալ նրա գործունեության վերաբերյալ։ Բայց հնարավոր չէ պատմությունից ջնջել նաև մյուս փաստը. նա այն մարդկանցից էր, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցան պատերազմի տարիներին հայ մարդու արժանապատվությունը վերականգնելու, պարտվողի ու զոհի հոգեբանությունից դուրս բերելու գործում։
Եվ այստեղ ևս պետք է անկեղծ լինել։
Այո՛, Հայաստանում տարբեր իշխանությունների օրոք ձևավորվեց նաև «զոռբաների» մի ամբողջ ինստիտուտ։ Դրա համար պատասխանատվությունը միայն մեկ մարդու կամ մեկ իշխանության վրա դնելը պատմության կեղծում կլինի։ Այդ համակարգը ձևավորվել, սնուցվել և վերարտադրվել է տարբեր իշխանությունների օրոք։
Այսօր այդ քաղաքականության դառը պտուղները շարունակում է համտեսել Հայաստանի քաղաքացին։
Իսկ ամենացավալին այն է, որ վերջին համապետական ընտրություններում հասարակության մի զգալի հատված կրկին իր քաղաքական վստահությունը տվեց նույն քաղաքական անցյալի ու ներկայի ներկայացուցիչներին։
Հետևաբար Մանվել Գրիգորյանի անունը շահարկելուց առաջ պետք է հիշել մեկ պարզ ճշմարտություն.
մահացած մարդու կողքին կանգնելը քաղաքականապես անվտանգ է։ Քաջություն էր պետք կանգնել կենդանի Մանվել Գրիգորյանի կողքին այն ժամանակ, երբ նրա անունը արտաբերելուց անգամ շատերը վախենում էին։
Ես կանգնել եմ։

