Թատրոնում երկրորդ դուբլ չկա․ Սուրենն ու Մագան անկեղծանում են
ՄշակութայինՈ՞ր պահին է ներելը դառնում անհրաժեշտ, եւ արդյո՞ք միշտ կարելի է վստահել սեփական հիշողությանը։ Այս հարցերի շուրջ է կառուցված նոր՝ «Մնա» կամ «Մոռանալու նուրբ արվեստը» ներկայացումը։
Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի բեմադրությունը միավորում է կատակերգությունն ու դետեկտիվը՝ ստեղծելով մի պատմություն, որտեղ յուրաքանչյուր նոր դրվագ կարող է փոխել նախորդի իմաստը։ Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, իսկ բեմում հանդես են գալիս Վաչե Երիցյանը, Ավետ Զոհրաբյանը, Թամարա (Տոմա) Պետրոսյանը, ամուսիններ Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլեւանյանը։
Հատկանշական է, որ Մագայի եւ Սուրենի համար «Մնա»-ն առաջին թատերական բեմելն էր։ Ինչպե՞ս հաղթահարեցին առաջին ներկայացման լարվածությունը, ի՞նչ զգացողություններ ունեցան բեմում եւ արդյո՞ք թատրոնը կարող է դառնալ նրանց ստեղծագործական նոր ճանապարհը, նրանք բացահայտեցին մեզ հետ զրույցում։
«ԵՐԲ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԾԻԾԱՂՈՒՄ ԷՐ, ԻՆՁ ՀԱԶԻՎ ԷԻ ԶՍՊՈՒՄ, ՍՈՎՈՐ ՉԷԻ»
Հաղորդավար, հեռուստադերասան, շոումեն ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ առաջին բեմելը չափազանց անկեղծ էր, ինչը դրական ընդունվեց հանդիսատեսի կողմից։
— Քանի որ սա Ձեր առաջին թատերական փորձն էր, մինչեւ առաջնախաղը նշել էիք, որ միաժամանակ ե՛ւ մեծ պատասխանատվություն, ե՛ւ որոշակի անհանգստություն եք զգում։ Իսկ հիմա, երբ արդեն առաջին ներկայացումը կայացել է, ի՞նչ եք զգում այս պահին։
— Իրականում պատասխանատվությունը նույն չափով մնացել է։ Նաեւ զգում եմ, որ հաճելի էր, շատ լավ էր։ Վստահ եմ՝ հաջորդ անգամ էլ ավելի լավ կստացվի, իմ բեմելը կլինի լրիվ պրոֆեսիոնալ, որովհետեւ առաջնախաղին երբ հանդիսատեսը ծիծաղում էր, ինձ հազիվ էի զսպում, սովոր չէի։
— Եղա՞ն պահեր, որ հազիվ կոծկեցիք։
— Ինձ համար մի դրվագ էր, որ շատ դժվար եղավ ինձ զսպելը, բայց կարողացա հավաքել ինքս ինձ։ Ուղղակի, ծիծաղս եկավ, ինչը շատ բնական ձեւով անցավ, կարծում եմ՝ հանդիսատեսն էլ շատ ուշադրություն չի դարձրել։ Ամեն դեպքում, բոլորս էլ մարդ ենք։
— Իսկ ներկայացման փորձերի ժամանակ է՞լ էիք հենց այդ դրվագում ամենաշատը ծիծաղում։
— Չէ, փորձերին այդտեղ ընդհանրապես չենք ծիծաղացել։ Իրականում այն «отдача»-ն, որը տվեց Տոման (Թամարա Պետրոսյանը)՝ իմ մուտքի ժամանակ իր «յա՜»-ով, հնարավոր չէր դիմանալ։ Ներկայացման մեջ չկար նման բան, այն իմպրովիզի արդյունքում եղավ։ Շա՜տ ծիծաղելի էր։
— Սուրեն, ամեն դեպքում, հեռուստադիտողի հե՞տ է ավելի հեշտ շփվելը, թե՞ հանդիսատեսի։
— Հեռուստադիտողի հետ շփվելը շատ ավելի հեշտ է, որովհետեւ երեւակայական դու մի քանի հոգի ես պատկերացնում, իսկ թատրոնում երեւակայությունը մի կողմ է գնում, կոնկրետ քո աչքերի մեջ են նայում։
— Ձեզ կշարունակե՞նք տեսնել բեմում, թե՞, այնուամենայնիվ, Ձեզ հարազատ է հեռուստատեսությունը։
— Գիտեք, թատրոնում շատ բարդ է նախապատրաստական աշխատանքը։ Էլ չասեմ, որ ներկայացումը տեւում է, օրինակ, 1 ժամ, 20 րոպե, իսկ ֆիլմը նույնքան ժամանակ նկարում ենք առնվազն մեկ ամսում։ Այս ներկայացման համար մենք մի քանի ամիս աշխատել ենք, ինչքան էլ իմ կերպարը, կարելի է ասել, երկրորդական էր, բայց, միեւնույն է, գլխավոր կերպարների հետ հավասար բոլոր փորձերին ներկա եմ եղել, այդ թվում՝ «չիտկաներին»։ Շատ բարդ աշխատանք է, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեդրակին՝ ռեժիսորին։ Չգիտեմ՝մնացած ներկայացումների ժամանակ նա իրեն ինչպես է դրսեւորում, բայց նա շատ ֆանտաստիկ ռեժիսոր է՝ միշտ մտահոգ դերասանների համար, շատ սրտացավ։ Նա շատ-շատ բան է սովորեցրել։
«ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ԻՐԵՆՑ ԾԻԾԱՂԸ ՎԵՐԱԱՊՐԵԼ ԵՆՔ»
Տիկտոկեր, հեռուստադերասանուհի ՄԱԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ իր դերասանական խաղով չզիջեց ո՛չ ամուսնուն, ո՛չ թատրոնի արդեն փորձառու դերասաններին։
— «Մնա» ներկայացումը Ձեր առաջին թատերական բեմելն էր, այն ստացվա՞ծ եք համարում։
— Այո՛, ստացված եմ համարում: Ովքեր չեն դիտել ներկայացումը, միանշանակ հրավիրում եմ դիտելու։ Մինչ առաջնախաղը կար լարվածություն, հիմա զգում եմ թեթեւություն։ Էլի են եղել թատրոնում խաղալու առաջարկներ, միշտ մերժել եմ, մեկը չէի մերժել, բայց այդպես էլ կիսատ մնաց ու չխաղացինք։ Ու այս փուլին դեռ երբեք չէի հասել, որ հասկանայի, թե ինչպիսի լարվածություն է, երբ հանդիսատեսը նստած սպասում է, ու մենք պետք է մտնենք բեմ, ոչինչ չմոռանանք։
Կինոյում, սերիալներում, սիթքոմներում շատ ավելի հեշտ է։ Մոռացա՞ր, երկրորդ դուբլ կա։ Իսկ այստեղ չկա երկրորդ հնարավորություն։ Վստահ եմ, որ հաջորդ ցուցադրությանը շատ ավելի լավն է լինելու իմ խաղը։
— Առաջնախաղից հետո՝ կա՞ ինչ-որ բան, որ կուզեիք շտկել, փոփոխել։
— Մենք այս ընթացքում այնքան շատ աշխատեցինք պիեսի վրա, որ ինձ թվում է՝ շտկելու ոչինչ չկա։ Կուլիսներում ամեն մի հանդիսատեսի հետ իրենց ծիծաղը վերաապրել ենք։ Ինձ թվում է, որպես հումորային ներկայացում, շատ ստացված էր ու իդեան էլ է շատ ստացված։
— Ձեր կերտած կերպարի խոսքում հաճախ հնչում են բավական կոպիտ, երբեմն նույնիսկ կոշտ արտահայտություններ։ Արդյո՞ք հենց սկզբից պատրաստ էիք դրան։
— Իրականում ես չէի խաբել բժշկին, կերպարս դատավոր է, բայց երբ ջղայնանում է, դառնում է, ինչպես ասում են, քյարթու։ Ու դրանով էր պայմանավորված բառապաշարի մի քիչ քյարթու դիալոգները կամ տեքստերը։
— Կարո՞ղ է դավաճանեք Ձեր սոցցանցային հետեւորդներին եւ այլեւս հանդես գաք՝ որպես թատրոնի դերասանուհի, թե՞ նրանց եք բերելու թատրոն՝ դարձնելով հանդիսատես։
— Միանշանակ, բերելու եմ թատրոն՝ որպես հանդիսատես։ Ես սոցցանցում հրապարակում էի արել, որ ներկայացմանը մնացել են հաշված օրեր, իրենց արձագանքը տեսնում էի ու գիտեի, որ յուրաքանչյուրը, ով կկարողանա, անպայման գալու է։ Գիտեի, որ չեն ստում եւ եկան, սպասում էի իրենց։
Իսկ ինչ վերաբերում է սոցիալ մեդիային, այնտեղ գործունեություն բոլորն են ծավալում՝ անկախ զբաղեցրած հանրային դիրքից։ Կարող ես լինել մատնահարդար ու էլի լինել բլոգեր, կարող ես դերասան լինել, բայց սոցիալ մեդիայում նույնպես գործունեություն ծավալել։ Այնպես որ, դրանք իրար չեն խանգարում։ Ես չեմ պատրաստվում մեկը մյուսով փոխարինել։ Մի աշխատանքը մյուսին հաստատ չի զիջելու։
«Մնա» ներկայացման հաջորդ ցուցադրությունը կկայանա օգոստոսի 26-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

