«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ 10։4 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ, ՍԱԿԱՅՆ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵՑԻ ՈՒ ՀԱՂԹԵՑԻ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճեց մեր երկրի ներկայացուցիչ, Մ17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ։
Նա բրոնզե մեդալի համար համառ պայքարում, ադրբեջանցի մրցակցի հետ հաշվի մեջ զիջելով հանդերձ շրջեց պայքարի ընթացքն ու հաղթեց վաղաժամ։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ՆԱՐԵԿԸ այսպես մեկնաբանեց.
- 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով, վաղաժամ հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, ապա 11։0 հաշվով կրկին վաղաժամ էստոնացի մարզիկին, հետո, ափսոս ռուս ըմբիշին զիջեցի, բրոնզե մեդալի համար պայքարում 10։4 հաշվով պարտվում էի ադրբեջանցի մարզիկին, սակայն հնարք կիրառեցի ու տուշեով, այսինքն վաղաժամ հաղթեցի։ Գոտեմարտի հենց սկզբից էլ զգում էի ու հստակ գիտեի, որ ուժեղ եմ ադրբեջանցի մրցակցից։ Չնայած մեկնարկում գիտեմարտն ինձ համար սխալ դասավորվեց ու շատ միավորներ զիջեցի, միևնույն է, անգամ այդ պահին վստահ էի, որ հաղթելու եմ։ Իհարկե, մրցավայր էի մեկնել ոսկե մեդալի համար, սակայն այս պահին ունեմ բրոնզե մեդալ ու երբեք չեմ հուսահատվում։
Շուրջ 3 տարի մեդալ չեմ կարողացել նվաճել, զուտ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Հետագա առաջնություններում կաշխատեմ ավելի հաջող հանդես գալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

