«ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՍպորտՎերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի KWU Senshi Աշխարհի գավաթի բաց առաջնությանը մասնակցել են նաև մեր երկրի մարզիկները նվաճելով 10 մեդալ, որից 4 արծաթե և 6 բրոնզե։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը երրորդ տեղն է գրավել։
Iravunk. com -ը զրուցել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Մեր երկրից տարբեր ֆեդերացիաներ մասնակցեցին այս մրցաշարին։ Կոնկրետ մեր սաները նվաճեցին 7 մեդալ, որից 2 արծաթե և 5 բրոնզե։Արծաթե մեդալի արժանացան Հովհաննես Մալանջյանը և Արեն Խուդյանը։ Իսկ բրոնզե մեդալ ապահովեցին Քաջիկ Ոսկանյանը, Գոռ Կիրակոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Էլինա Մոսինյանը և Արգիշտի Հակոբյանը։ Ես շատ գոհ եմ մեր մարզիկներից, ճիշտ է, ոսկե մեդալ չհաջողվեց նվաճել, սակայն կարող էինք։ Մեր մարզիկները աչքի ընկան արժանի ելույթներով, մրցեցին, պայքարեցին աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն մարզիկների դեմ, ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայկական Կիոկուշին կարատեն մրցունակ է միջազգային ասպարեզում։ Իմ սան Հովհաննես Մալանջյանը շատ մոտ էր Աշխարհի եռակի գավաթակիր դառնալուն։ Սակայն այս անգամ մի փոքր չբավարարեց, ու գրավեց երկրորդ տեղը։ Միևնույն է, անչափ ուրախ եմ և հպարտ իմ սանով։ Այս արդյունքները ևս մեկ քայլ է դեպի նոր հաղթանակներ։ Թիմային պայքարում Հայաստանը մեդալների քանակական առումով գրավեց երրորդ հորիզոնականը։ Հիմնական պայքարը ընթանում էր Ղազախստանի, Բուլղարիայի ու Հայաստանի միջև։ Մեր մարզիկները աշխարհի հզոր մարզիկների դեմ էին պայքարում։ Ասեմ, որ Արևելյան մարտարվեստներում, իսկ ընդհանրապես Կիոկուշին կարատեում առանձնապես մեծ դեր է հատկացվում ընդհանուր ֆիզիկական պատրաստությանը։ Հատկապես այն վարժություններին, որոնք զարգացնում են ճարպկություն, ճկունություն, ուժ, հավասարակշռություն և մարտական կիրառման այլ որակներ։ Ճիշտ մարտավարություն պիտի լինի։ Մեր մարզիկների մոտ կար փորձի պակաս։ Հետագայի համար ասեմ, որ աշնանը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա միջազգային մրցաշար, հետո էլ Հայաստանում միջազգային մրցաշար։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

