«Եվրասիական ալյանս»-ը գնում է Փաշինյանի ստորագրության հետեւից
ՆերքաղաքականՉնայած դեռեւս նախորդ տարի՝ 2025 թվականին, Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքական հայտարարությանը, որով Հայաստանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու իր կամքը եւ կառավարությանը լիազորում է ձեռնարկել այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում, հրապարակայնորեն հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) եւ այս պահին չի տեսնում ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալու, ո՛չ էլ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։
Հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ օգոստոսի 3-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության համապետական ստորագրահավաքը կմեկնարկի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ նախաձեռնության անդամները նախ կփորձեն առաջին ստորագրությունը ստանալ հենց Նիկոլ Փաշինյանից՝ նրան հնարավորություն տալով գործնականում վերահաստատել իր իսկ հնչեցրած հայտարարություններն ու ցույց տալ, որ դրանք եղել են ոչ թե իրավիճակային քաղաքական խոսքեր, այլ հստակ դիրքորոշում։
Նախաձեռնողներն ընդգծում են, որ ստորագրահավաքի նպատակն է հանրաքվեի միջոցով Սահմանադրության մեջ ամրագրել այնպիսի լրացում, որը կապահովի նախկինում կնքված միջազգային պայմանագրերի անձեռնմխելիությունը եւ թույլ չի տա առանց ժողովրդի կամարտահայտության կնքել այնպիսի նոր պայմանագրեր, որոնք կարող են հակասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին։
Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ նման սահմանադրական երաշխիքը կկանխի տնտեսական եւ սոցիալական այնպիսի որոշումների ընդունումը, որոնց հետեւանքով կարող են տուժել հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արտահանողներ, ներմուծողներ, արտադրողներ եւ սպառողներ։ Իսկ առաջին ստորագրությունը Նիկոլ Փաշինյանից ստանալու փորձը, նրանց համոզմամբ, լինելու է լավագույն ցուցիչը՝ որքանո՞վ են իշխանության հայտարարություններն ու իրական քայլերը համընկնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

