«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է
ՄշակութայինՎանաձորի Շառլ Ազնավուրի անվան նախկին Քիմիագործների այգում առաջին անգամ հյուրախաղերով հանդես է գալիս «Վարդանյան եղբայրներ» կրկեսը։ Հուլիսի 18-ից մեկնարկած ներկայացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, եւ գրեթե բոլոր սեանսների տոմսերը սպառվում են շատ արագ։
Երեք տարվա գործունեության լավագույն ծրագրով շրջագայության մեկնած կրկեսը հյուրախաղերը սկսել է Գյումրիից, ապա ժամանել Վանաձոր։ Կրկեսի հիմնադիր Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացումները կենդանիների մասնակցությամբ չեն անցկացվում։ Ոգեշնչվելով աշխարհահռչակ Cirque du Soleil-ի փորձից՝ ստեղծվել է պրոֆեսիոնալ կրկեսային շոու, որը միավորում է օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուների ելույթներ և բազմաժանր տպավորիչ համարներ։
Ծրագիրը ինտերակտիվ է նաև հանդիսատեսի համար․ երեխաները հնարավորություն են ստանում մասնակցել որոշ համարների, իսկ ներկայացումից հետո լուսանկարվել արտիստների հետ։ Հատկանշական է, որ միայն այս ծրագրի շրջանակում աշխարհահռչակ Վարդանյան եղբայրներն անձամբ են ելույթ ունենում արենայում։ Նրանք Guinness World Records-ի համաշխարհային ռեկորդակիրներ են, «Մինուտա Սլավի» հեռուստանախագծի հաղթողներ, Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մրցանակակիրներ, ինչպես նաև աշխարհի ամենահայտնի տաղանդների հեռուստաշոուների մասնակիցներ և եզրափակիչ անցած արտիստներ։
«Վարդանյան եղբայրներ» կրկեսի հյուրախաղերը Վանաձորում կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը։ Ծրագրում ընդգրկված են Վարդանյան եղբայրների բացառիկ ելույթները, օդային ակրոբատներ, վիրտուոզ ժոնգլյորներ, ուժային համարներ, սիրված ծաղրածուներ և բազմաթիվ անակնկալներ՝ ամբողջ ընտանիքի համար։

