Լեհ իրավաբանը հանդես է եկել Գարեգին Բ-ին պաշտպանող բաց նամակով
ՆերքաղաքականԼեհ քաղաքական գործիչ, իրավաբան և բլոգեր Տոմաշ Լեխ Բուչեկը բաց նամակ է հրապարակել ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հայտարարելով, որ չի կարող անտարբեր մնալ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի դեմ իրականացվող արշավի ֆոնին։
Նամակում Բուչեկը, նշելով, որ ինքը լեհ է և կաթոլիկ լեհական Լուբլին քաղաքից, ընդգծել է, որ չնայած հայկական արմատների բացակայությանը՝ խորը հարգանք է տածում հայ ժողովրդի, նրա պատմության և քրիստոնեական ժառանգության նկատմամբ։ Քաղաքական գործչի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին մնում է «վերջին բերդն է, որը հնարավոր չէ գնել», «վերջին ձայնը, որը դեռ ճշմարտությունն է ասում, երբ բոլորը լռում են», և «վերջին տունը, որտեղ հայը մնում է հայ, այլ ոչ թե կուսակցության անդամ»։
Կաթողիկոսի դեմ հարձակումները նա կապել է առանձին քաղաքական ուժերի՝ սեփական ձախողումները թաքցնելու փորձերի հետ։ «Երբ հայը հարվածում է իր Եկեղեցուն, նա հարվածում է սեփական հոգուն», - ասվում է նամակում։ Բուչեկը քննադատել է նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք, նրա խոսքով, հրապարակայնորեն հայտարարում են ՀԱԵ-ն աջակցելու մասին, սակայն «լռում են, երբ պղծվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», կամ աջակցում են Կաթողիկոսի դեմ արշավներին՝ հանուն սեփական քաղաքական կամ գործարար շահերի պահպանման։ «Այդ լռությունը դավաճանություն է։
Այդ երկերեսանիությունը դավաճանություն է։ Հիշե՛ք, Հիսուսին ոչ թե Պիղատոսն է դավաճանել, այլ Հուդան՝ իր աշակերտը», - գրել է Բուչեկը։ Լեհ քաղաքական գործիչը զուգահեռ է անցկացրել կոմունիստական վարչակարգի ժամանակների Լեհաստանի պատմության հետ՝ հայտարարելով, որ Եկեղեցու ազդեցությունը թուլացնելու փորձեր արվել են նաև իր երկրում։
«Մենք գիտեինք. առանց Եկեղեցու չկա Լեհաստան։ Առանց Էջմիածնի չկա Հայաստան», - գրել է նա։ Բուչեկն ընդգծել է, որ Գարեգին Բ-ն «կատարյալ մարդ չէ», սակայն մնում է Ամենայն Հայոց օրինական Կաթողիկոսը և պատասխանատվություն է կրում պատերազմից, Արցախի կորստից և ներքին պառակտումից հետո ժողովրդի միասնության պահպանման համար։ «Դուք կարող եք չհամաձայնվել նրա հետ։ Բայց դուք չունեք իրավունք նրան նվաստացնելու, վիրավորելու և նրա տապալումը պահանջելու հրապարակներում։ Դա անում են միայն նրանք, ովքեր երբեք չեն կառուցել, միայն քանդել են», - հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։
Ուղերձի վերջում նա կոչ է արել դադարեցնել հարձակումները Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վրա։ «Ձեռք մի՛ տվեք իմ եղբայրների Կաթողիկոսին։ Ձեռք մի՛ տվեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի՛ եկեք եկեղեցում, այլ ոչ թե եկեղեցու դեմ», - գրել է Բուչեկը՝ առանձին կոչ անելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին անմասն չմնալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել Կաթողիկոսին։ 2026 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։
Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։

