Կողմնորոշվել է պետք. երկու աթոռի վրա ոչ ոք չի թողնի` դու նստես․ Արմեն Ալավերդյան
ՆերքաղաքականՄնալ ԵԱՏՄ կազմում, թե՞ ձգտել դեպի ԵՄ անդամակցման, վերջին օրերին թեւրեւս ամենից շատ քննարկվող հարցերից մեկն է: «Իրավունք»-ը այս մասին զրուցել է «Հանուն Երեւանի» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
— Միանշանակ է, որ Ռուսաստանի կողմից շատ կտրուկ ձեւով դրված է այդ հարցը, որպեսզի Հայաստանի կառավարությունը երկու ուղղություններից ընտրի մեկը։ Այս կարգավիճակով շարունակելն անհնարին է՝ ե՛ւ Եվրամիության հետ, ե՛ւ Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված ԵԱՏՄ-ի։ Պարզ երեւում է, որ ինչ-որ պայմանավորվածություններ, որ ուներ ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարության հետ, խախտում է տեղի ունեցել, այլապես այս պատժամիջոցները մեր նկատմամբ չէին իրականացվի։
Մինչեւ ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ինքը ընտրություններից անմիջապես հետո պիտի հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ։ Հերիք չի հանդիպում տեղի չունեցավ, դրան գումարած էլ, Ռուսաստանը մինչեւ օրս Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը դրել է հարցականի տակ ու անցել է արդեն կոնկրետ ոլորտային պատժամիջոցների: Այն ոլորտներին, որտեղից Հայաստանի բյուջեն մեծ գումարներ էր ստանում։ Թե ինչպիսին կլինեն զարգացուները, ցավոք, լավ բան չեմ տեսնում։
ԵԱՏՄ, թե՞ ԵՄ-, այդ հարցին այս պահի դրությամբ պատասխանելը շատ դժվար է: Նախ մեր երկիրը փորձադաշտ չէ։ Իսկ երկրի համար պետք է փոփոխություններ անելու դեպքում ռիսկերը նաեւ գնահատվեն, որպեսզի ազգաբնակչությունն այդ ռիսկերի հետեւանքով չտուժի։ Հիմա նայեք` ի՞նչ է տեղի ունեցել․ բիզնեսմենները 20-30 տարով այդ ոլորտներում աշխատել են, տարբեր շուկաներ են փորձել մտնել, բայց ամենաէֆեկտիվը եղել է, այս պահի դրությամբ, ռուսական շուկան։ Այսինքն՝ արդեն իսկ ադապտացվել էին ռուսական շուկայում, հարկեր էին մուծում եւ մտել էին աշխատանքային հունի մեջ:
Նման փոփոխության ենթարկելու դեպքում, նախ պետք էր ռիսկերրը գնահատել, շուկան ուսումնասիրել, շուկաների հետ թեկուզ փոքր թվաքանակով աշխատանքները ստաբիլացնել եւ ոչ թե այսպես ասել՝ ուզում ենք գնանք ԵՄ: Լավ է, որ Եվրոպան մեզ առավելություն տվել է, բայց կարելի էր այդ առավելությունները խելոք օգտագործել: Դրա հետեւանքները հասկանալ՝ ի՞նչ կերպ կարելի էր անել, որպեսզի տնտեսությունը չտուժի: Ամենը լավ ուսումնասիրելուց հետո, նոր պետք էր մտածել ռադիկալ փոփոխությունների մասին: Նա էլ ունի իր առավելությունը, նա էլ: Հիմա, որ ասում են՝ եվրոպական շուկան 400 քանի միլիոնանոց շուկա է: Եղբայր, բայց Եվրամիության երկրների 400 քանի միլիոնանոց շուկան այդ ապրանքներից արտադրում է, որը Հայաստանի Հանրապետությունը ուզում է արտահանի եւ մեծ լոգիստիկ ծախսերի գնով հասցնի Եվրոպա։ Օրինակ` Իսպանիան ծիրան ունի, Նորվեգիան ձուկ ունի։ Նորվեգիան հնարավորություն ունի` ամբողջ եվրոպական շուկայի ձկնամթերքը ապահովելու։ Ճիշտ է, Ռուսաստանն էլ ունի, բայց ի պատիվ մեր բիզնեսմենների, տարիների ընթացքում կարողացել են ռուսական շուկայի մեջ ապահովել իրենց ապրանքների վաճառքը։
Հիմա երբ ասում են, իբր Ռուսաստանը սա կորցրեց, այն արեց, կխնդրեմ թվային մասով նայեք: Ասենք, Հայաստանից Ռուսաստան էքսպորտն ինչքա՞ն է՝ 2 %-ը չի անցնում։ Դե հաշվեք, Հայաստանից օրինակ, այդ 2 % էքսպորտի դեպքում, որ ինքը ստանում է, դա կարո՞ղ է հարված լինել Ռուսաստանի համար: Իհարկե՝ ոչ, նրանք ցանկացած պահի կարող են մեր հայկական ապրանքին փոխարինող գտնել, իսկ Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանն առաջին տեղում է գտնվում ապրանքաշրջանառության առումով։
Չեմ ասում Եվրամիություն գնալը վատ է կամ Ռուսաստանի հետ շարունակել մնալը վատ է, ուղղակի, խոսում են մեր ազգի շահերից, իսկ մեր ազգի շահերը այս պահի դրությամբ բխում է նրանից, որ մենք ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարենք բոլոր առումներով։ Այսօր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ կողմնորոշվել է պետք. երկու աթոռի վրա ոչ ոք չի թողնի` դու նստես։
Մեր երկրի ղեկավարությունը ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված է գնալ դեպի ԵՄ, բայց իր գործողությունները բոլորովին այլ բան են ասում։ Մեր երկրի կառավարության կողմից դեպի ԵՄ գնալու լուրջ քայլեր չեմ տեսնում։ Այս խոսակցությունները մանիպուլյացիաների մակարդակում է եւ քաղաքական հաշվարկների շրջանակներում։ ճիշտն ասած, ես չգիտեմ` իրենց հաշվարկով ում են ինչ ուզում ցույց տալ իրենց նման գործողություններով, բայց դրա հետեւանքով տուժում է մեր երկիրը։
Եվրամիության հետ ինտեգրվելու օրենքը, որը Ազգային ժողովն ընդունել է, դա չի եղել գործող կուսակցությունների կամ խմբակցությունների առաջարկը: Այն ԱԺ են բերել արտախորհրդարանական ուժերը, ովքեր ստորագրահավաքի հետեւանքով, արդյունքները ներկայացրին խորհրդարան, եւ վերջինս արդեն պարտավորված էր օրենքն ընդունել: Այդ նախաձեռնությունն արեւմտամետ ուժերն են կազմակերպել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

