Սա դեռ ժուռնալն է, կինոն հետո է սկսվելու․ Սարգիս Ավետիսյան
ՆերքաղաքականՆերքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
— Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես գրանցված «Եվրասիական Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 3-ից մեկնարկում է ստորագրահավաք եւ բավարար ստորագրություններ հավաքելուց հետո տեղի է ունենալու հանրաքվե, որով, ըստ էության, ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը վերոնշյալին։
— Ցանկացած պարագայում հանրաքվե անելը ճիշտ է, երբ պետք է հասարակության կարծիքը լսել։ Եվ դա բնական եւ նորմալ կլինի, երբ երկրում դրա կարիքն առաջանա ու հենց տվյալ երկրի հասարակությունը կամ քաղաքական ուժերը պահանջեն հանրաքվե։ Բայց այլ երկրի ղեկավար պարտադրի մյուս երկրին հանրաքվե անելը, ուղղակի, երեւի, ցանկության մակարդակով է ասված։
— Դուք դրա անհրաժեշտությունը չե՞ք տեսնում, որպեսզի քաղաքական ուժերը բարձրացնեն այս հարցը։
— Գիտեք, ես կարծում եմ, որ, ուղղակի, դրանք քաղաքական խոսակցություններ են։ Այսօրվա իշխանությունը փորձում է ինչ-որ մի օրակարգ ձեւավորել, դրա շուրջ սկսել խոսել եւ փորձել դրա արդյունքում, այսպես ասած, մի բան պոկել Եվրամիությունից։ Դրա անհրաժեշտությունը չեմ կարծում, որ կա, որովհետեւ ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը շատ լավ պատկերացնում են, թե դրա հետեւանքն ինչ է լինելու։
— Այսօր ձկնարտահանողները, ծաղիկ, պտուղ-բանջարեղեն, կաթնամթերք արտահանողները կանգնած են փաստի առաջ, որ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել։ Չե՞ք կարծում, որ այս հանրաքվեն առաջին հերթին գոնե այս խնդիրը կլուծի։
— Իհարկե, կարող է լուծվել, բայց սա զուտ էմոցիոնալ մակարդակի քննարկումներ են, որովհետեւ, եթե զուտ օրենք վերցնենք, Հայաստանը դեռեւս գտնվում է ԵԱՏՄ-ի մեջ, եւ չպետք է արգելվեր հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Բայց, ինչպես գիտեք, պատճառներ են ներկայացնում` որակի հետ կապված։ Ու սրանով նորից հնարավորություն են տալիս, որպեսզի այսօրվա գործող իշխանությունը մանեւրի, ասի, որ ապրանքը լավացրեք, կընդունեն։ Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ չէ։ Ամեն դեպքում, տնտեսական սանկցիաների մեջ գցել բարեկամ երկրին, այդքան էլ ճիշտ չէ։ Հայաստանյան իշխանության հետ հարցեր ունեն, թող իրենց նկատմամբ սանկցիաներ կիրառեն։ Բայց հասարակությունը, բիզնեսը, ժողովուրդն ի՞նչ կապ ունի դրա հետ։
Եվ, գիտեք, շատ հակառակ ռեակցիա է լինում, հիմա իրենք ճնշումներ են գործադրում, սահմանափակումներ են մտցնում, հայ հասարակությունը ԵԱՏՄ-ից ավելի է հեռանում, ասում է՝ դե որ չեք թողնում, կգնանք Եվրոպա եւ այլն։ Այսինքն՝ այդ կոշտ քաղաքականությունը, որը Ռուսաստանը մինչեւ հիմա վարում է, բերել է նրան, որ իր բարեկամները գնալով պակասում են։ Մեկ-երկու բարեկամ է մնացել, հիմա նրանց էլ են նեղացնում, դրա վերջն ի՞նչ է լինելու։ Ես ցավով եմ ասում, որովհետեւ ռուսական քաղաքական վերնախավը, կարծես, լավ չի պատկերացնում, որ արդեն ժամանակները փոխվել է, եւ սանկցիաներով հնարավոր չէ։ Փոխանակ նպաստավոր, լավ պայմաններ ստեղծի իր բարեկամներին, փորձում է Արեւմուտքի պես աշխատել, սանկցիաներ կիրառել կոնկրետ բարեկամ երկրի նկատմամբ։
— Իսկ ի՞նչ կասեք «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքների խորհրդարանական մանդատները վերցնելու մասին։ Ժողովրդին խոստանում էին փոփոխություն, բայց ընտրություններից հետո, կարծես թե, շատ արագ համակերպվեցին Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդարանական ընդդիմություն աշխատելու հետ։
— Մեր տեսակետը ի սկզբանե հետեւյալն է եղել՝ քանի որ ընտրությունները համարվում են կեղծված ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, հետեւաբար, իմաստը ո՞րն է գնալ կեղծված ընտրությունների արդյունքում վերցնել մանդատները եւ օրինականացնել այդ ընտրությունները։ Սա աբսուրդ է։ Ե՛վ իշխանությունն է ասել, որ ընդդիմությունը կաշառք բաժանելով է մտել պառլամենտ, ե՛ւ ընդդիմությունն է ասում, որ իշխանությունը ընտրակեղծիքներ է իրականացրել։ Հետեւաբար, երկու կողմն էլ ասում է, որ այդ խորհրդարանը կեղծ է, բայց երկուսն էլ գնում են այնտեղ նստեն։ Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա։
Ինչ վերաբերում է հատկապես խորհրդարանական ընդդիմությանը, ընդհանրապես, պիտի չվերցներ մանդատները։ Պետք է հայտարարեր, որ ընտրությունները կեղծված են եւ գեներացնել փողոցը, որը չարվեց։
— Ի՞նչ տեղի ունեցավ, որ չգնացին փողոցային պայքար սկսելու ճանապարհով։
— Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Եթե կոնկրետ պայմանավորվածություն լիներ, հիմա ընդդիմության ակտիվ լիդերներից մեկը բանտում չէր լինի, մյուսներն էլ հերթի մեջ կանգած չէին լինի։ Ինձ թվում է, ուղղակի, մտել են քաղաքական դաշտ, բայց չեն հասկանում քաղաքականությունից։ Մի հատ նայեք խորհրդարանական ամենամեծ ընդդիմության շարքերում ովքեր են դարձել պատգամավոր։ Որեւէ մեկին ճանաչո՞ւմ եք՝ բացի մեկ-երկու հոգուց, որոնք էլի քաղաքական գործիչ չեն։
Քաղաքականությամբ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն, ոչ թե էլեկտրիկները։ Ես բան չունեմ էլեկտրիկների նկատմամբ, բայց, ամեն դեպքում, քաղաքականությունը իրենց բանը չէ։ Ու սա դեռ, ինչպես ասում են, ժուռնալն է, կինոն հետո է սկսվելու։ Խորհրդարանում նիստերը սկսվեն, կտեսնեք` ինչ վիճակում կհայտնվեն իրենք։
— Պարոն Ավետիսյան, Սամվել Կարապետյանն ասում էր, որ ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաներ են սկսել, շուտով մեծ հանրահավաք է լինելու։ Դուք `որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչ փուլում է այդ գործընթացը։
— Իհարկե՝ ոչ, դրանք լոկ խոսքեր են։ Սամվել Կարապետյանն ասաց, թե՝ ճիշտ էին ասում, որ պետք է միավորվեինք, հետո գնայինք ընտրությունների, չլսեցինք եւ այլն։ Մեկը հենց մենք էինք ժամանակին այդ առաջարկությունն արել իրեն։ Բայց իրենք հիմա էլ նույն սխալը կրկնում են։ Ասում են՝ կոնսոլիդացիա պետք է լինի, բայց այդ կոնսոլիդացիան անելու ձեւն էլ չգիտեն, թե ինչպես պիտի անեն։ Հիմա ոչ մեկին ոչ մի առաջարկություն չի արվել։ Ամեն դեպքում, մեր կուսակցությանը ոչ մի բան չի առաջարկվել, վստահ եմ՝ մյուսներին եւս։ Շատ կուսակցություններ կան, որոնց հետ շփվում ենք, եւ նրանցից ոչ մեկին ոչինչ չի առաջարկվել։ Ուղղակի, խոսքեր է` ասում են, ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էին, թե երեք օրից իշխանությունը վերցնելու ենք։ Վերցրի՞ն…
— Եվ հիմա, ինչպես ամեն տարի անոնսավորվում է, կրկին սպասենք թեժ աշնա՞ն, քանի որ մանդատավոր ընդդիմությունը խորհրդարանում տեղավորվելով է զբաղված։
— Չի կարող լինել։ Ամեն տարի ասում են՝ թեժ աշուն եւ այլն, բայց իրականում ոչինչ չի ստացվելու, եթե այս տրամաբանությամբ աշխատեն։ Մենք գիտենք ձեւը` ինչ պետք է անել, բայց մի քանի անգամ առաջարկել ենք, կարծես թե, ոչ ոք չի ուզում լսի։ Իրենց առաջարկվել է, ասում են՝ շատ ճիշտ է, բայց չեն անում։ Սա երկու բանի մասին է խոսում՝ կա՛մ իրենք ընդհանրապես նպատակ չունեն` իշխանափոխություն անելու, կա՛մ իրենք, ուղղակի, պայմանավորվել են։ Այդքան բան։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

