«Ժողովուրդը սա՛ է ուզում իրականում՝ ոչ թե՝ «Արա՜, վայ-վա՜յ․․․»

Մշակութային

ՍԿԶԲՈՒՄ՝ ԱՊՏԱԿ, ՀԵՏՈ՝ ԹԱԳՈՒՀՈՒ ԿՈՉՈՒՄ

Ոչ ամեն օր է պատահում, որ մի քանի րոպեի ընթացքում դահլիճում հավաքված հարյուրավոր մարդիկ ականատես դառնան մի արարողության, որի արմատները դարերի խորքից են գալիս։ Ու ոչ ամեն օր է, որ մեկ խորհրդանշական ապտակն ավելի մեծ խորհուրդ է կրում, քան տասնյակ ճառերը, իսկ մի թիկնոցը դառնում է ոչ թե հագուստ, այլ` արվեստի շարունակականության խորհրդանիշ։ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգին տեղի ունեցավ հենց այդպիսի մի իրադարձություն. 75-ամյա Ժաննա Թեւանյանը պաշտոնապես ձեռնադրվեց Աշուղ Թագուհի՝ դառնալով հայկական աշուղական արվեստի կենդանի ավանդույթի հերթական կրողը։

Լեփ-լեցուն դահլիճում երկարատեւ ծափահարությունների ու աշուղական երգի անմիջական շնչի ներքո ոչ միայն մեծարվեց մեկ ստեղծագործող, այլ վերակենդանացավ դարավոր մի ավանդույթ, որն այսօր արդեն կարելի է անվանել հայկական մշակույթի կենդանի խորհրդանիշներից մեկը։

75-ամյա Ժաննա Թեւանյանի ձեռնադրությունը՝ որպես Աշուղ Թագուհի, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան հերթական կոչման շնորհումը։ Դա մի ամբողջ մշակութային համակարգի հաղթանակն էր, որտեղ կոչումները չեն հռչակվում ինքնակամ, այլ վաստակվում են տասնամյակների աշխատանքով, ժողովրդի սիրով ու վարպետների օրհնությամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ աշուղական ձեռնադրությունը սկսվում է այն խորհրդանշական ապտակով, որի մասին շատերը նույնիսկ չգիտեն։ Այդ ապտակը նվաստացում չէ, այլ ընդունելություն, ժառանգության փոխանցում, վարպետի օրհնություն ու պատասխանատվության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է թիկնոցի նվիրումը՝ այն թիկնոցի, որը կրելու իրավունքն ունեն միայն աշուղները։

«ԱՇՈՒՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Աշուղական ձեռնադրության արարողությունից անմիջապես հետո ԱՇՈՒՂ ԹԱԳՈՒՀԻՆ դեռ հուզված էր։ «Իրավունք»-ի հետ զրույցում էլ անկեղծացավ մինչեւ վերջ։

— Աշուղ Թագուհի, ի՞նչ զգացողություններ ունեք ձեռնադրությունից հետո։

— Շատ բարձր տրամադրություն ունեմ։ Այս օրվան երկար եմ սպասել։ Ամենակարեւորը ժողովրդի ընդունելությունն էր․ դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ անդադար ծափահարում էին։ Հիմա արդեն հանգստացել եմ, որովհետեւ այս կարեւոր օրը հաջողությամբ ավարտվեց։ Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր։

— Ձեր երգերում շատ են սերն ու կարոտը, բայց ի՞նչն է այսօր ամենաշատը մտահոգում աշուղին։ Կա՞ ասելիք, որ դեռ չի հնչել Ձեր երգերում, բայց մնացել է սրտում։

— Շատ բան ունեմ ասելու։ Աշուղը չի կարող անտարբեր լինել իր ժամանակի նկատմամբ։ Բայց երբեմն այնպես են դասավորվում հանգամանքները, որ մարդը ստիպված է որոշ բաների մասին դեռ լռել։ Ցավերն ու մտահոգությունները շատ են, եւ գուցե մի օր դրանց մասին էլ երգեմ։

— Ձեռնադրության ավանդական արարողության բաղադրիչներից է վարպետի խորհրդանշական ապտակը, որի պատիվը վերապահվել էր աշուղ Աստղանուշին։ Այդ ապտակի մեջ ավելի շատ սեր կար, քան շառաչյուն։ Հանդիսատեսի համար գուցե անսովոր էր, իսկ Ձեզ համար այդ պահն ի՞նչ նշանակություն ուներ։

— Դա շատ կարեւոր ու հուզիչ պահ էր։ Ես ինձ զգացի մեծ ընտանիքի անդամ։ Այստեղ բոլորը միմյանց ընդունում են սիրով, ոչ թե նախանձով։ Թովմաս Պողոսյանի շուրջ ձեւավորվել է մի հրաշալի կոլեկտիվ, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում։

— Ե՞րբ սկսեցիք ստեղծագործել։

— Երգն իմ կյանքի մի մասն է եղել դեռ դպրոցական տարիներից։

— Բայց բեմ դուրս եկաք շատ ավելի ուշ։ Ինչո՞ւ այդքան երկար սպասեցիք։

— Երիտասարդ ժամանակ շատ էի երգում։ Բայց ամուսնանալուց հետո ամեն ինչ փոխվեց։ Ամուսինս չէր սիրում, որ երգում եմ, եւ տարիներ շարունակ չերգեցի։ Թեպետ ձայն ունեի, այդ երազանքը մնաց իմ ներսում։

— Եվ այդ երազանքին վերադարձաք միայն շատ տարիներ անց...

— Այո՛։ Ամուսնուս մահից հետո երեխաներս ասացին. «Մա՛մ, ամբողջ կյանքում ուրիշների համար ես ապրել, հիմա ապրիր քեզ համար»։ Երեք տղա ունեմ, մեկ աղջիկ։ Նրանք ինձ ոգեւորեցին, որ գնամ իմ երազանքի հետեւից։ Այդ ժամանակ էլ իմացա Ջիվանու անվան աշուղական դպրոցի մասին։ Գնացի, պարոն Թովմաս Պողոսյանը լսեց իմ ստեղծագործությունները եւ ասաց. «Սա քո տեղն է»։ Այդ օրվանից սկսվեց իմ նոր ճանապարհը։

— Այսօր արդեն կարելի՞ է ասել, որ Ձեր կյանքի ամենամեծ երազանքն իրականացել է։

— Այո՛։ Սա շուրջ 60 տարվա երազանք էր։ Այսօր այն կատարվեց, եւ ես իսկապես երջանիկ եմ։

«ԵՐԱՆԻ ՄԻ ՕՐ ԷԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»

Զրուցեցինք նաեւ աշուղական արվեստի ավանդույթները վերականգնող աշուղապետի՝ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր ասամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

— Պարոն Պողոսյան, երկար տարիներ ամենահաճախ տրվող հարցերից մեկն այն էր՝ արդյո՞ք աշուղական արվեստը կունենա ապագա։ Սակայն այսօր այս հարցը ժամանակավրեպ է, քանի որ համերգի ժամանակ բեմում տեսանք երիտասարդ կատարողների մի ամբողջ սերունդ։ Կարելի՞ է ասել, որ ինչպես աշուղական երգի վաստակավոր անսամբլում, այնպես էլ ընդհանրապես՝ աշուղական արվեստում սերնդափոխությունն արդեն կայացել է։

— Այո՛, սերնդափոխությունը մեզ մոտ բնականոն հունով ընթանում է։ Ավելին՝ ունենք երիտասարդ աշուղներ՝ աշուղ Սյունին՝ 26 տարեկան, աշուղ Ազատը՝ 27 տարեկան, աշուղ Նարեկը՝ 30 տարեկան, աշուղ Արմանին՝ 38 տարեկան, աշուղ Հովնաթը՝ 19 տարեկան, որը ծառայում է Հայոց բանակում։

— Այսօր նաեւ ականատես եղանք աշուղի ձեռնադրության արարողությանը։ Շատերի համար սա անծանոթ ավանդույթ է։ Ի՞նչ պատմություն ունի այն, ինչո՞ւ էր կարեւոր վերականգնել այդ ծեսը։

— Խորհրդային տարիներին ինքնակոչությունը թեւ առավ, որովհետեւ այդ ժամանակ սովետական հասարակարգն ուշադրություն չէր դարձնում ավանդույթին։ Այսօր մենք վերականգնել ենք ձեռնադրության կարգը եւ պահպանում ենք այն։

— Ի դեպ, ի տարբերություն շոոուբիզնեսի՝ աշուղական ընտանիքում ինտրիգներ, կարծես թե, չկան, անգամ աշուղական ապտակն է փաղաքշական։

— Դա ավանդական, վարպետության ապտակն է։ Այդ խորհրդանշական արարքով վարպետը սանին փոխանցում է ավանդույթը, ստեղծագործելու ուժն ու կարողությունը։

— Տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ ազգային, հատկապես աշուղական արվեստը բավարար պետական աջակցություն չի ստանում։ Բայց այսօր տեսանք լեփ-լեցուն դահլիճ։ Սա ինչի՞ մասին է խոսում։

— Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը սիրում է, ապրում է աշուղական արվեստով եւ գնահատում է այն։ Երանի մի օր էլ պետությունը գնահատի՝ ըստ արժանվույն։

— Ձեր գնահատմամբ՝ այսօր աշուղական երգերից ո՞րն է ամենադիպուկը բնորոշում հայաստանյան ներկա իրականությունը։

— Չեմ կարող մեկ կոնկրետ երգ առանձնացնել։ Բոլոր երգերն էլ կենսունակ են, ապրում են նախեւառաջ ժողովրդի մեջ։ Հենց դրանով է կենսունակ աշուղական արվեստը։

— Որպես աշուղապետ, ժողովրդական արտիստ եւ երկարամյա մանկավարժ՝ այսօր ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում։

— Մտահոգություններս արդեն նվազել են։ Մենք ունենք Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ սերունդ ենք պատրաստում։ Այսօր Հայաստանում, Ռուսաստանում եւ Ախալքալաքում ավելի քան 350 աշակերտ ունենք։

— Այդ թվերը նաեւ հուշում են, որ երիտասարդների հետաքրքրությունը մեծանում է։ Որպես մանկավարժ՝ ինչպե՞ս եք գնահատում նոր սերնդի ներուժը։

— Երբ նոր սան է գալիս, հարցնում եմ՝ «Դո՞ւ ես եկել, թե՞ մաման կամ տատիկն է բերել»։ Ասում են՝ «Ո՛չ, ես եմ եկել»։ Սա ամենամեծ ապացույցն է, որ աշուղական արվեստն ունի ապագա։

— Միաժամանակ տեսնում ենք, որ հեռուստաեթերում ազգային արվեստը գրեթե տեղ չունի։ Եթե հասարակությունը սիրում է այս արվեստը, ինչո՞ւ այն չի արտացոլվում նաեւ հեռուստաեթերում։

— Իմ խորին համոզմամբ՝ պատճառը պետական հետեւողականության պակասն է։ Հաղորդում են այն, ինչ իրենք են ցանկանում, բայց ասում են՝ ցուցադրում ենք այն, ինչ ժողովուրդն է ուզում։ Միանգամայն՝ ոչ, տեսա՞ք ժողովուրդն ինչ է ուզում, սա՛ է ուզում իրականում, ոչ թե՝ «արա, վայ-վայ․․․»։

— Պարոն Պողոսյան, Դուք անցել եք մեծ ստեղծագործական եւ գիտական ճանապարհ։ Այսօր ո՞ր երազանքն է դեռեւս սպասում իր իրականացմանը։

— Այսօր հրատարակում եմ «Հայ աշուղական երգերի գանձարան»-ը։ Արդեն լույս է տեսել 24 հատոր, իսկ իմ երազանքն է հասցնել 30-ի։ Բացի այդ, ասպարեզ եմ բերել Ջիվանու շուրջ 400 անհայտ ստեղծագործություն, որոնք դարձան իմ դոկտորական աշխատանքի հիմքը եւ արդեն երկու անգամ հրատարակվել են նաեւ առանձին գրքով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում