Դևիսի գավաթը հանգրվանեց Ծաղկաձորում
ՍպորտՀունիսը հայկական թենիսի համար նշանավորվեց միջազգային երկու գլխավոր թիմային մրցումներում տղամարդկանց և կանանց Հայաստանի թենիսի հավաքականների տպավորիչ ելույթներով: Կանանց թիմը փայլուն ելույթ ունեցավ Սան Մարինոյում կայացած Բիլլի Ջին Քինգի գավաթի եվրոպական գոտու 3-րդ խմբի մրցաշարում՝ նվաճելով 2-րդ խմբի ուղեգիր: Տղամարդկանց հավաքականը Դևիսի գավաթի եվրոպական գոտու 4-րդ խմբի մրցախաղերն անցկացրեց Ծաղկաձորի լեռնային հանգստավայրում՝ ժամանակակից գլխավոր մարզահամալիրում, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխանող թենիսի ինը բացօթյա և փակ հրապարակներ (կորտ): Նրա տարածքում կան չորս ժամանակակից մարզադահլիճներ տարբեր մարզաձևերի համար, 50-մետրանոց փակ օլիմպիական լողավազան, մարզասրահ (ֆիթնես կենտրոն) և սաունաներ:
Դևիսի գավաթի համար մրցումներն առաջին անգամը չէր որ անցկացվում էին Հայաստանում։ 2002 թվականի մայիսին Երևանում մենք հյուրընկալեցինք Իռլանդիայի հավաքականին։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մոլորակի լավագույն թենիսիստների շարքում վարկանիշով 38-րդ տեղը զբաղեցնող հանրահայտ Սարգիս Սարգսյանը, իսկ մենք մրցում էինք ավելի հեղինակավոր՝ 2-րդ խմբում։
Դևիսի գավաթի մրցաշարը հաջորդ անգամ վերադարձավ Հայաստան 2007 թվականի կիզիչ օգոստոսին։ Երևանի «Հրազդան» թենիսի հրապարակներում եվրոպական գոտու 4-րդ խմբում մրցում էին Անդորրայի (որի կազմում հանդես էին գալիս ֆրանսիացի թենիսիստներ), Հայաստանի, Բոտսվանայի, Ռուանդայի և մրցաշարի սիրելի Չեռնոգորիայի ազգային թիմերը։
Հայկական այդ հավաքականի առաջնորդը երկրի բազմակի ազգային չեմպիոն, 1999 թվականի պատանեկան եվրոպական մարզական փառատոնի հաղթող (նա այն ժամանակ Եվրոպայի թենիսի ասոցիացիայի պատանեկան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 8-րդ տեղը) Հարություն Սոֆյանն էր, որը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 1005-րդ տեղը։ Վարկանիշով և խաղի մակարդակով Սոֆյանից ավելի բարձր էր կանգնած Երևանի թենիսի դպրոցի մեկ այլ սան Տիգրան Մարտիրոսյանը։ Սակայն նա սովորում էր Միացյալ Նահանգներում և բնակության հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ թռչել Երևան՝ Դևիսի գավաթի մրցաշարին մասնակցելու համար։
Հայաստանի այդ հավաքականի ավագի (մարզչի) դերում առաջին անգամ հանդես եկավ մինչ այդ թիմի անդամ Վահե Ավետիսյանը, որը գլխավորում է երկրի ազգային հավաքականը մինչ օրս։
Սոֆյանի ջանքերի շնորհիվ մերոնք միատեսակ նույն 2։1 հաշվով հաղթեցին Ռուանդային, Անդորրային և Բոտսվանային, 0։3 հաշվով զիջեցին Չեռնոգորիային, զբաղեցրին երկրորդ տեղը և իրավունք ստացան հաջորդ տարի հանդես գալու արդեն Դևիսի գավաթի եվրոպական գոտու 3-րդ խմբում։ Միայն Սոֆյանի ջանքերով Հայաստանի հավաքականի համար ավելի բարձր խմբում հաղթելն անհնար էր։ Ի վերջո, մարզումների համար անհրաժեշտ պայմանների և արժանավայել ֆինանսավորության բացակայության պատճառով Հարությունը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկսեց աշխատել որպես մարզիչ։
Դևիսի գավաթի ներկայիս մրցաշարը գեղատեսիլ Ծաղկաձորի հրաշալի պայմաններում պատճենի պես հիշեցնում էր 19 տարվա վաղեմության Երևանի առաջնությունը. նույն եվրոպական գոտու 4-րդ խումբը, հաղթանակները բոլոր մրցակիցների նկատմամբ՝ բացառությամբ մեկի, երկրորդ տեղը և հաջորդ տարի 3-րդ խմբում հանդես գալու իրավունքը։
Տարբերությունը միայն Հայաստանի հավաքականի կազմն էր։ Այս անգամ նրա մեջ ընդգրկվել էին 18-ամյա Միքայել Ավանեսյանը (թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ ITF-ի վարկանիշային աղյուսակում 849-րդ տեղը), Դավիթ Պողոսյանը (ITF՝ 1644-րդ), Սամվել Աղայանը (ITF՝ 2274-րդ) և Ավետիք Ղազարյանը, ինչպես նաև 30-ամյա Միքայել Ավետիսյանը և 38-ամյա Հենրիկ Նիկողոսյանը, որոնք ամբողջ մրցաշարի ընթացքում պահեստայինների նստարանին էին նստած։
Թենիսի հրապարակի տանտերերից բացի, Ծաղկաձորում անցկացված այս խոշորածավալ թենիսի մրցաշարին մասնակցում էին նաև Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Մալթայի և Սան Մարինոյի ազգային թիմերը։
Առաջին մրցախաղում հայերը վստահորեն հաղթեցին Անդորրայի հավաքականին 3։0 հաշվով: Մենախաղերում մեր թիմի անվիճելի առաջատար Դավիթ Պողոսյանը առանց հատուկ ջանքերի հաղթեց Պաբլո Կարրասկոսին 6։1, 6։2 հաշվով, իսկ Միքայել Ավանեսյանը հաղթեց Էրիկ Սերվոս Նոգերուին 6։3, 7։5 հաշվով: Զուգախաղում Սամվել Աղայանը և Ավետիք Ղազարյանը ավելի ուժեղ դուրս եկան Պաբլո Կարրասկոս և Էրիկ Սերվոս Նոգեր զույգից՝ 6։2, 6։4 հաշվով:
Երկրորդ մրցաշրջանում մերոնք 2։1 հաշվով հաղթեցին Սան Մարինոյի հավաքականին: Դավիթ Պողոսյանը վստահորեն հաղթեց Լեոնարդո Բարտոլետտիին 6։4, 6։1 հաշվով: Իր հերթին Ավետիք Ղազարյանը Ֆիլիպպո Տոմմեզանիի հետ մենամարտում հաղթական երկրորդ սեթից (6։2) հետո վնասվածք ստացավ և ստիպված եղավ դուրս գալ մրցախաղից: Վճռորոշ եղավ զուգախաղը, որտեղ Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը երկու սեթում հաղթեցին Ֆիլիպպո Տոմմեզանի և Ումբերտո Վանուչչի զույգին 6։4, 6։3 հաշվով:
Երրորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի սիրելիներից մեկին՝ Իսլանդիայի հավաքականին։ Դավիթ Պողոսյանը թայ-բրեյքում (tie-breake) առաջին սեթը զիջեց Ռաֆն Բոնիֆացիսին, բայց հետո խաղաց ամբողջ թափով, երկրորդ սեթը հաղթեց 6:3 հաշվով և երրորդում առաջ էր 4:1 հաշվով, որից հետո մրցակիցը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մրցախաղը։
Իսկ այն բանից հետո, երբ Միքայել Ավանեսյանը զիջեց Էգիլ Սիգուրդսսոնի հետ մրցախաղում 3:6, 2:6, հաշվով, մեր Դավիթ Պողոսյան և Սամվել Աղայան զույգը վճռորոշ մենամարտում հաղթեց Էգիլ Սիգուրդսսոն և Վլադիմիր Ռիստիչ զույգին՝ 7:6, 6:3:
Հայաստանի հավաքականը չորրորդ հաղթանակն անընդմեջ տարավ Ալբանիայի նկատմամբ՝ 3։0 հաշվով՝ ապահովելով 3-րդ խմբի ուղեգիր և առնվազն երկրորդ տեղը ընթացիկ մրցաշարում: Այս «ուղեցույց» միավորները նվաճեցին Սամվել Աղայանը, որը հաղթեց Մարիո Զիլիին 6։1, 6։0 հաշվով, և Դավիթ Պողոսյանը, որը հաղթեց Ալեքս Պրիֆտիին 6։3, 6։2 հաշվով, ինչպես նաև Միքայել Ավանեսյան և Ավետիք Ղազարյան զույգը, որոնք դժվար մրցախաղում հաղթեցին Դենիս Գաբա և Մարիո Զիլի զույգին 6։4, 6։4 հաշվով:
Եզրափակիչ մրցաշրջանում Հայաստանը խաղաց Մալթայի հետ, որը նույնպես մինչ այդ ընթանում էր առանց պարտության։ Կղզու բնակիչները հաղթեցին՝ մրցաշարում զբաղեցնելով առաջին տեղը և Հայաստանի հետ անցան հաջորդ փուլ՝ Դևիսի գավաթի եվրոպական գոտու շրջանակներում մի մակարդակ բարձր։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը վերադարձավ 3-րդ խումբ։ Առջևում 2-րդ խումբն է, որտեղ մենք հանդես ենք եկել Սարգիս Սարգսյանի օրոք։ Բայց որպեսզի այնտեղ հասնենք, պետք է ուժեղացնենք մեր կազմը, անցկացնենք հզոր ընտրական աշխատանք. փնտրենք և համոզենք սփյուռքի մեր թենիսիստներին հանդես գալլ պատմական հայրենիքի կողմից։
Դրա փայլուն օրինակը, որ դա հնարավոր է, Հայաստանի կանանց հավաքականն է, որի կազմում օրգանապես ձուլվել են ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը և Ալինա Սողոմոնյանը։ Էլինան ծնվել է Պյատիգորսկում, որտեղ 1992 թվականին առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրա ծնողները տեղափոխվել են Արցախից։ Նրա հայրենի գյուղում մնացել է տատիկը, որը զոհվել է իր այրվող տանը՝ ադրբեջանցի մարդասպանների հերթական հարձակման ժամանակ։
Իսկ 18-ամյա մոսկվացի Ալինա Սողոմոնյանը ժամանակակից Մանթաշովի՝ հայտնի ձեռնարկատեր և մեծ բարերար Արթուր Արշամի Սողոմոնյանի դուստրն է։
Երբ ավարտում էի այս հոդվածը, հայտնի դարձավ, որ Հայաստանի կանանց հավաքականը համալրվել է ևս մեկ թենիսիստուհիով՝ 24-ամյա ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ալինա Չարաևայով, որն ընդունել է մեր երկրի քաղաքացիությունը: Այսօր նա միջազգային վարկանիշում զբաղեցնում է 118-րդ տեղը: Լոնդոնում վերջերս կայացած կանանց Ուիմբլդոն-2026-ում նա որակավորման մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում (6:2, 6:4) հաղթեց ամերիկուհի Էլիզաբեթ Մանդլիկին: Երկրորդ շրջանում Ալինան 5:7, 6:4, 6:0 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Կարոլին Վերներին 5:7, 6:4, 6:0 հաշվով, սակայն որակավորման եզրափակչում զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Պոլինա Կուդերմետովային 6:4, 4:6, 1:6 հաշվով և չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոն 2026-ի հիմնական փուլ:
Մեր տղամարդկանց թենիսի հավաքականի համար արդեն մեկ թեկնածու ի հայտ է եկել։ Խոսքը Պերմում ծնված 19-ամյա Դանիիլ Սարգսյանի մասին է, որը վերջերս փոխել է իր մարզական քաղաքացիությունը և այժմ ներկայացնում է Հայաստանը։ Ներկայումս մարզիկը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 763-րդ տեղը։ Նա ձախլիկ է, ինչը նրան առավելություն է տալիս թենիսում, մարզվում է Իսպանիայում Ռաֆայել Նադալի ակադեմիայում, որտեղ տեղափոխվել է 16 տարեկանում՝ պրոֆեսիոնալ պատրաստության համար։ Պատանեկան կարիերայի ընթացքում նա 2024 թվականին խաղացել է պատանեկան «Ռոլան Գարոս» մրցաշարում, որը Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկն է։
Սակայն այս ամրացումը բավարար չէ. մեր երազանքի իրականացման համար մեզ անհրաժեշտ է թենիսիստ համաշխարհային վարկանիշային աղյուսակի գոնե առաջին 100-ից։ Հիշեցնեմ, որ երբ Էլինա Ավանեսյանն ընդունեց Հայաստանի քաղաքացիություն, նա զբաղեցնում էր համաշխարհային վարկանիշային աղյուսակի 36-րդ տեղը, որին նա հասավ 2025 թվականի գարնանը։
Ալեքսանդր Գրիգորյան, Երևան
Լուսանկարում՝
Հայաստանի հավաքականը մրցաշարի բացման շքերթին՝ Անդորրայի հետ խաղից առաջ
Միքայել Ավանեսյանը
Ալինա Սողոմոնյանը
Ալինա Չարաևան

