Իսպանիայի հավաքականը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է
ՍպորտԱվարտվեց հերթական՝ թվով ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը. 39 օր շարունակ բոլոր երկրպագուների ուշադրությունը բևեռված էր Հյուսիսային Ամերիկայի վրա, որտեղ ֆուտբոլի դաշտերում փոթորկվում էին լուրջ կրքերը, աշխարհի լավագույն թիմերը պարզեցին, թե ով է արժանի դառնալու աշխարհի միակ չեմպիոնը։
Առաջին անգամ առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեցին 48 երկրների հավաքականներ, ինչը ավելացրեց խաղերի քանակը՝ 64-ից հասցնելով մինչև 104-ի, մրցաշարի անցկացման ժամկետները երկարաձգվեցին 10 լրացուցիչ օրով: Շատ վեճեր եղան այս ձևաչափի նպատակահարմարության վերաբերյալ: Անկեղծ ասած, ես նույնպես այն կարծիքին էի, որ նախկին ձևաչափը (32 թիմ) ավելի հավասարակշռված ու դինամիկ էր: Սակայն պետք է խոստովանել, որ շատ թիմեր լավ էին նախապատրաստվել մրցաշարին, և անցումային մրցախաղեր գրեթե չեղան: Դրան նպաստեցին նաև յուրաքանչյուր խաղակեսում ջուր խմելու համար ընդմիջումները. ևս մեկ նորամուծություն, որը ձեռնտու էր ավելի թույլ թիմերին, քանի որ դա հնարավորություն էր տալիս նրանց յուրաքանչյուր 20 րոպեն մեկ շունչ քաշել: Բացի դրանից, շատ երկրպագուներ էին եկել աշխարհի բոլոր ծայրերից, տիրում էր ուրախության և բարեկամության մթնոլորտ, մեկուկես ամիս ամբողջ աշխարհն ապրում էր ֆուտբոլով:
Այս մրցաշարը հիշողության մեջ կմնա նրանով, որ սովորական սիրելի թիմերից բացի, զարմացրին աֆրիկացիները: Աշխարհի առաջնությունում արդեն երկրորդ անգամ են այս երկրների թիմերը ցուցադրում դիտարժան ֆուտբոլ՝ ապացուցելով, որ իրենց հետ նույնպես պետք է հաշվի նստել, և որ ֆուտբոլը Աֆրիկայում ակտիվորեն զարգանում է: Այս մայրցամաքի միանգամից ինը թիմեր անցան փլեյ-օֆֆ փուլ: Բացի այդ, Եգիպտոսի հավաքականը պայքարում էր աշխարհի գործող չեմպիոնի՝ Արգենտինայի դեմ, որոնք միայն Լիոնել Մեսսիի ֆենոմենալ խաղի շնորհիվ կարողացան բեկել խաղի վիճակը և հաղթանակ կորզել մրցախաղի վերջին րոպեներին: Մարոկկոյի հավաքականը հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Այս տեմպերով աֆրիկյան երկրների թիմերը շուտով կկարողանան պայքարել համաշխարհային վարկանիշային աղյուսակի բարձր տեղերի համար:
Չնայած խիստ հագեցած ժամանակացույցին (գրաֆիկ) և բազմաթիվ փոքր վնասվածքներին՝ առաջնության ավարտը շատ լարված ու անկանխատեսելի էր։ Երկու կիսաեզրափակիչներն էլ երկրպագուներին պարգևեցին շատ կրքեր ու հույզեր։ Առաջինում Իսպանիայի հավաքականը հնարավորություն չտվեց Կիլիան Մբապպեի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականին և արժանավոր կերպով հաղթեց գեղեցիկ խաղով 2։0 հաշվով։ Երկրորդում հանդիպեցին սկզբունքային մրցակիցները՝ Անգլիայի հավաքականը և Արգենտինայի հավաքականը։ Մրցախաղը ֆանտաստիկ էր։ Մինչև վերջին րոպեները անգլիացիներն առաջատար էին, սակայն խաղի վերջում Լիոնել Մեսսիի երկու դիպուկ փոխանցումները վճռեցին մրցախաղի ելքը հարավամերիկյան թիմի օգտին՝ 2։1։
Արդյունքում եզրափակչում հանդիպեցին նույն լեզվով խոսող թիմերը՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը և Հարավային Ամերիկայի ու աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը։ Այս երկու թիմերն էլ 2024 թվականին ապացուցեցին, որ լավագույնն են իրենց մայրցամաքներում, և այժմ պետք է հարաբերությունները պարզեին միմյանց դեմ։ Հետաքրքրական է, որ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականներն իրենց վերջին պաշտոնական մրցախաղը խաղացել են 60 տարի առաջ՝ 1966 թվականի աշխարհի առաջնությունում, և այս տարվա մարտի վերջին Քաթարում պետք է տեղի ունենար «Ֆինալիսիմա» անվանումով խաղը, որը պետք է որոշեր, թե երկու ամենաֆուտբոլային մայրցամաքներից որի չեմպիոնն է ավելի ուժեղ առերես դիմակայության մեջ։ Սակայն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո որոշում կայացվեց չեղարկել խաղը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ի վերջո, թիմերը մի փոքր հետաձգեցին իրենց մենամարտը և հանդիպեցին մի քանի ամիս անց Նյու Յորքում՝ աշխարհի առաջնության եզրափակչում, որպեսզի պատասխանեին մշտնջենական հարցին՝ ո՞վ է ավելի լավ խաղում ֆուտբոլ՝ եվրոպացինե՞րը, թե՞ լատինաամերիկացիները։
Եզրափակիչը, անկասկած, մի տեղ հավաքեց տվյալ պահին աշխարհի լավագույն հավաքականներին։ Արգենտինան տրամադրված էր երկրորդ անգամ անընդմեջ ստանալու աշխարհի գավաթը, Լեո Մեսսին՝ իր կարիերայում իններորդ «Ոսկե գնդակը»։ Սկալոնիի գլխավորությամբ հարավամերիկացիների հավաքականը դարձել էր արդյունավետ թիմ՝ վերջին հինգ տարիների ընթացքում շահելով չորս գավաթ։ Արգենտինացիների գերիշխանությունը պատրաստ էր ընդհատել Իսպանիան՝ առանց պարտության իր տպավորիչ 37 խաղերի շարքով։ Լուիս դե լա Ֆուենտեն, ի տարբերություն Ֆրանսիայի դեմ մրցախաղի, չփոխեց հաղթական կազմը։ Գնդակին հիանալի տիրապետող երկու թիմերը անշտապ սկսեցին պայքարը աշխարհի գավաթի համար. ռիսկի գինը չափազանց բարձր էր՝ գլխապտույտ առաջ սլանալու համար։ Իսպանացիները կարողացան Արգենտինային ներքաշել իրենց խաղի մեջ. առանց վտանգավոր պահերի տեղատարափ ստեղծելու նրանք հակառակորդին ամբողջությամբ զրկեցին հակախաղից։ Վերջին րոպեներին «երկնակապույտների» ուժերը սպառվեցին, նրանք դժվարությամբ էին հատում դաշտի կենտրոնը։ Իսկ երբ Ֆերնանդեսը ստացավ երկրորդ դեղին քարտը, պարզ դարձավ, որ խաղը ձգել այլևս չի հաջողվի։ Անխուսափելին տեղի ունեցավ լրացուցիչ ժամանակում. Ֆեռան Տոռեսը, բարձրանալով պահեստայինների նստարանից, գնդակը ներս քշեց դարպասաձողի տակ և Իսպանիային բերեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո միշտ տխուր է լինում. թվում է, թե մեծ սպասումներով, հետաքրքիր մրցախաղերով ու վառ հույզերով լի այդ մեկուկես ամիսը շատ արագ թռավ։ Բայց ամեն լավ բան երբևիցե ավարտվում է։
Հիշողության մեջ ինչո՞վ մնաց այս առաջնությունը, ի՞նչ պայծառ էջերով կմնա պատմության մեջ։ Առաջին հերթին, իհարկե, Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցության ժամանակաշրջանի ավարտով։ Այս երկու հանճարեղ խաղացողները ֆուտբոլը բարձրացրին որակապես նոր մակարդակի։ Նրանց մրցակցությունը վերջին տասնամյակների ընթացքում մեր կյանքը լցրել է նոր հույզերով։ Հսկայական թվով երեխաների համար նրանք դարձան կուռքեր և ընդօրինակելու տիպարներ. դժվար է գերագնահատել այս եզակի անհատականությունների ներդրումը աշխարհի ամենատարածված մարզաձևի մեջ։
Ուզում եմ նշել նաև, որ ի հայտ են եկել բազմաթիվ երիտասարդ ծագող աստղեր, որոնք, անկասկած, դեռևս կցուցադրեն այն ամենը, ինչին իրենք ունակ են։
Բացասական էր այն, որ եզրափակիչ փուլում երրորդ անգամ անընդմեջ բացակայում էր Իտալիայի հավաքականը, զարմանալի է։ Անկասկած, կա լուրջ ներքին խնդիր, որն անհրաժեշտ է լուծել։ Երկար տարիներ աշխարհի քառակի չեմպիոն իտալացիները յուրահատուկ երանգ են հաղորդել աշխարհի առաջնության խաղերին, նրանց բացակայությունը զգացվեց նաև այս անգամ։
Տխրեցնող է նաև այն, որ ֆուտբոլն արագ տեմպերով վերածվում է գլոբալ բիզնեսի մի մասի, անկասկած, դա տեղի է ունենում ի վնաս մարզական բաղադրիչի. նախ խաղադրույքային ընկերությունների ներխուժումն էր և խաղերի ու մրցումների վերածումը կազինոների, որն արդեն շատ խորն է ներթափանցել գրեթե բոլոր մարզաձևերի մեջ։ Հիմա էլ ֆուտբոլային մրցախաղերի կանոնակարգում փոփոխությունը (մրցախաղի ընթացքում ջուր խմելու համար ընդմիջումներ մտցնելը)՝ գովազդի ժամանակը մեծացնելու համար։ Հուսով եմ, որ այս նորամուծությունը չի կիրառվի Եվրոպայի առաջնություններում, քանի որ այն իսկապես փոխում է կառուցվածքը և խախտում խաղի ամբողջականությունը։
Աշխարհի անցած առաջնությունում տեղի ունեցավ ևս մեկ աղաղակող միջադեպ, որի մասին չի կարելի չասել. արդար խաղի և մարզական էթիկայի բոլոր սկզբունքների խախտում: Ես նկատի ունեմ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկումը այդ առիթով Ջաննի Ինֆանտինոյին Դոնալդ Թրամփի զանգելուց հետո: Իր այդ որոշմամբ ՖԻՖԱ-ի նախագահը խախտեց ֆուտբոլի բոլոր սահմանված կանոնները, որոնք նա պարտավոր էր պահպանել առաջին հերթին: Ի դեպ, որակազրկման չեղարկումը հաջողություն չբերեց ո՛չ ֆուտբոլիստին, ո՛չ էլ ԱՄՆ-ի հավաքականին. չնայած կանոնակարգի կոպիտ խախտմանը՝ նրանք պարտվեցին Բելգիայի դեմ փլեյ-օֆֆի մրցախաղում և դուրս մնացին պայքարից:
Ֆուտբոլը մոլորակի վիթխարի թվով մարդկանց սիրելի խաղն է, ամենագրավիչ մարզաձևերից մեկը։ Մեկի համար դա կիրք ու հույզեր են, մեկի համար զարգացում, մեկ ուրիշի համար էլ՝ հպարտության առարկա։
Ես մեծ հույս եմ տածում, որ հայկական ֆուտբոլն էլ մի օր կվերադառնա արժանի մակարդակի, և մենք կհպարտանանք մեր հայրենակիցների հաջողություններով, ինչպես դա եղավ հեռավոր 1973 թվականին։
Արթուր Սողոմոնյան

