«Հայաստան» դաշինքում չեն ներել «ոջլոտություն ստուգող» ընկեր Աղվանին
ՆերքաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում պատգամավորական մանդատների շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Մանդատ չվերցնելու խոսքը դրժած Աղվան Վարդանյանին չեն ներում հատկապես երիտքոչարյանականները՝ համարելով, որ նրա կողմից հնչեցված «ոջլոտության ստուգումը» հենց իրենց էր ուղղված։
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մանդատը վերցնելու վերաբերյալ գրառում էր կատարել եւ ընդգծել․ «Այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու»։
Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքում «Առաջ» կուսակցության քվոտայով առաջադրված պատգամավորի թեկնածուները հույս ունեին, որ ՀՅԴ-ականներն իրենց տեղը կզիջեին երիտասարդներին։ Եվ թեպետ ավելի շատ շրջանառվեց նախորդ գումարման ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանի անունը, որը մանդատ կստանար, եթե գոնե Աղվան Վարդանյանը վայր դներ մանդատը, սակայն, քոչարյանականները պայքարում էին ավելի շատ Բորիս Մուրազիի եւ Քրիստինե Նազարյանի համար, որոնք նախընտրական ցուցակում հաջորդում էին Գառնիկ Դանիելյանին։
Արդյունքում ՀՅԴ-ականները չզիջեցին, Աղվան Վարդանյանը դրժեց խոսքը։ Ռոբերտ Քոչարյանին էլ ոչինչ չէր մնում, քան Աննա Գրիգորյանին կարգել ՀՅԴ-ական պատգամավորներին ղեկավար։ Իսկ օդում շարունակում է լարվածությունը թեւածել։
Սեփ․ լրատվություն

