Իշխանության երկաթյա հենքը պառլամենտական ընդդիմությունն է. Սուրեն Պետրոսյան
ՆերքաղաքականԸստ օդում կախված լուրերի, 2028 թվականի Երեւանի ավագանու ընտրություները խորհրդարանականից ոչ պակաս թեժ են լինելու: Գրեթե բոլոր ակտիվ եւ անգամ մի շարք պասիվ կուսակցություններ, անհատ հանրային գործիչներ եւ քաղաքական նախաձեռնություններ մասակցության ցանկություն ունեն: Այդ շարքում շրջանառվում է նաեւ, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կրկին կառաջադրվի՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Հիշեցնենք, որ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 1.01 տոկոսը՝ (2,348 ձայն): Այս արդյունքով կուսակցությունը չհաղթահարեց ավագանու ընտրությունների համար սահմանված 4 տոկոս անցողիկ շեմը, ուստի՝ մանդատ չստացավ։ Իսկ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացել է ձայների 0.35 տոկոսը՝ 2,790 ձայն, էլի չհաղթահարեց անցողիկ շեմը եւ նորից մնաց առանց մանդատի։ Թե արդյոք հաջորդ սպասվող ընտրություններին «Ժողովրդավարական համախմբում»-ը իսկապես պատրաստվում է նորից փորձել ուժերը, պարզեցինք հենց կուսակցության նախագահից։
— Պարոն Պետրոսյան, ըստ մեզ հասած լուրերի, Դուք պատրաստվում եք 2028 թվականի ՏԻՄ ընտրություններին։ Դա ճի՞շտ է։
— Ես նման միտք ընդհանրապես ոչ մի տեղ երբեք չեմ արտահայտել: Մենք այս պահին ամենեւին էլ 2028 թվականի ՏԻՄ ընտրություններին չենք պատրաստում եւ ամբողջությամբ այլ օրակարգ ունենք, ինչը որեւիցե աղերս չունի ընտրությունների հետ։ Նման միտք ու բառ ընդհանրապես չեմ ասել։
— Չեք ասել, իսկ մտադրություն կա՞ հայտ ներկայացնելու Երեւանի առաջիկա ավագանու ընտրություններին։
— Կարծում եմ՝ այս պահին դրա մասին վաղ է խոսել: Բնականաբար, քաղաքական գործընթացներին մասնակցելու մտադրություն բոլոր ֆորմատներով, եթե դա նպատակահարմար լինի՝ կա, բայց ընտրություններն այս պահին, այս իրականությունում, որքան էլ ցավոտ են, փոփոխությունների հանգեցնել չեն կարող: Ուղղակի, եկեք սա ֆիքսենք։ Կարող են ինչ-որ չափով նպաստել փոփոխությունների, նպաստել օրակարգերի տարածմանը, բայց խորքային փոփոխություններին նպաստել, բնականաբար, չեն կարող։
Այսօրվա մեր խնդիրները շատ ավելի խորքային են։ Եթե, օրինակ, 2028 թվականին մենք մասնակցենք ընտրություններին, սա պայմանական եմ ասում, ես չգիտեմ՝ այդ ժամանակ ի՞նչ կփոխվի, կարող այնպես է լինում օրակարգը, որ նպատակահարմար ենք գտնում մասնակցել, բայց, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ, մենք որեւիցե նման խոսակցություն չենք ունեցել:
Ցավոք, այս պահին Հայաստանի Հանրապետությունում խորրքային փոփոխություններ՝ ընտրություններով տեսականորեն անգամ հնարավոր չէ, եւ դա այսօր, այս պահին կեղծ օրակարգ է։
— Դուք ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ արդեն խորհրդարան անցած ընդդիմությունը, այնուհանդերձ, պատգամավորական մանդատները վերցրեց։
— Շատ վատ, որովհետեւ նրանք, բնականաբար, լեգիտիմացնում են իշխանությանը, լեգիտիմացնում են բոլոր այս գործընթացները, որի մասին ես բազմիցս ասել եմ: Տեսե՛ք, պառլամենտական ընդդիմությունը՝ 2021 թվականից սկսած, ինչպես նաեւ այս ընդդիմությունը, ունի երկու կարեւոր գործառույթ, որը «փառքով» իրականացնում է մինչ օրս։
Առաջինը՝ միշտ լեգիտիմացրել է իշխանության հակապետական գործունեությունը, երկրորդը՝ կանխել է իրական ընդդիմության ձեւավորման բոլոր փորձերը: Եվ այս երկու գործառույթը՝ պառլամենտական ընդդիմությունը շարունակելու է իրագործել։ Հետեւաբար, Հայաստանում եւս մեկ անգամ արդեն երկաթյա կերպով փաստվում է իմ այն խոսքերը, որ փոխհամաձայնեցված խմբիշխանություն է: Այնպես որ, երբ ասում ենք իշխանություն, պետք է հասկանանք նաեւ պառլամենտական ընդդիմություն, որովհետեւ իշխանության երկաթյա հենքը պառլամենտական ընդդիմությունն է:
Բնականաբար, պետք է մանդատները վերցնեին, ինչի՞ մասին է խոսքը։ Ես միշտ եմ ասել, որ պառլամենտական ընդդիմության համար քաղաքական բարձրագույն արժեքը մանդատն է։ Ո՛չ թե միջոց է, այլ բարձրագույն արժեքը մանդատն է։ Շատ ցավալի է, բայց մենք տեսնում ենք փաստը։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

