Պեսկովը խառնեց Փաշինյանի հաշվարկները
ՆերքաղաքականՎերընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի վերջապես կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար սպասված հանդիպումը կամ գոնե հեռախոսազրույցը։ Եվ ահա այն տեղի ունեցավ։ Սակայն ուշագրավ է, որ զրույցը կայացավ առանց որեւէ հրապարակային շնորհավորանքի, ինչը դժվար է անտեսել՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը։
Հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ օրակարգի առանցքում եղել են հատկապես տնտեսական խնդիրները։ Փաշինյանը ստիպված էր բարձրաձայնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ ԵԱՏՄ կարգավորումներին։ Փաստացի, ռուսական շուկայում ստեղծված սահմանափակումների հետեւանքով անելանելի իրավիճակում հայտնված հայկական արտահանողները դարձել են Երեւանի գլխավոր մտահոգությունը, եւ դժվար է բացառել, որ Մոսկվայի հետ խնդիրը լուծելու համար Փաշինյանը տվել է նաեւ քաղաքական բնույթի խոստումներ։
Առավել հետաքրքրական է Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության եւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանության միջեւ առկա տարբերությունը։ ՀՀ կառավարությունը փոխանցում է, թե Փաշինյանը նշել է, որ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը, եւ հարցը դառնա առարկայական։ Մինչդեռ Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Այս ակնհայտ անհամապատասխանությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե հավատանք Կրեմլի մեկնաբանությանը, ապա կարելի է ենթադրել, որ Մոսկվան արդեն իսկ ստացել է իրեն անհրաժեշտ քաղաքական հավաստիացումները, իսկ հանրաքվեն շարունակում է մնալ օրակարգում։ Իսկ եթե առաջնորդվենք Երեւանի պաշտոնական ձեւակերպմամբ, ապա փորձ է արվում գործընթացը ներկայացնել որպես հեռանկարային եւ պայմանական՝ Փաշինյանին միաժամանակ հնարավորություն թողնելով եվրոպացի գործընկերների հետ շարունակել քաղաքական մանեւրները։
Տողատակերից, սակայն, կարելի է հասկանալ, որ հանրաքվեի թեման չի փակվել։ Ընդհակառակը՝ այն շարունակում է մնալ հայ-ռուսական բանակցությունների կարեւոր բաղադրիչներից, պարզապես յուրաքանչյուր կողմ իր ներքին եւ արտաքին լսարանի համար այն ներկայացնում է իրեն առավել ձեռնտու ձեւակերպումներով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

