Լսե՛ք բոլորդ, մի անգամ եմ պատասխանում․ ինչու է Կարապետյանի թիմակիցը աչքալուսանք տվել Չախոյանին
ՆերքաղաքականԺամանակին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն էին փողոցում իշխանությանն անվանում «դավաճան» ու «թուրք», իսկ հետո մասնակցում էին ՔՊ-ականների թաղումներին, գործուղումների ժամանակ էլ սրճում էին միասին։ Իսկ հիմա, որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմություն, «էստաֆետը» հանձնել են «Ուժեղ Հայաստանին»։
Դե քանի որ վերջիններս էլ «ուժեղ են», էլ ավելի բարձր նշաձող են սահմանել, հիմա ոչ միայն իշխանականների թաղումներին են կարեկից, այլեւ ծնունդներին թիվ մեկ աչքալուսանք տվողների շարքում են։ Այսպիսով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գերակտիվ թիմակից ԱՐՄԵՆ ԱԲՈՎՅԱՆԸ սոցցանցում սրտառուչ շնորհավորանք է հղել ընդդիմության մասին ամենակեղտոտ ստատուսների հեղինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղակալ Տարոն Չախոյանին՝ երեխա ունենալու կապակցությամբ։
«Հիշու՞մ եք, երբ էի ասում, որ «ուժեղները» Նիկոլ են: Ձայն մուրացող, ժողովրդին խաբող ժուլիկներ են սրանք», - արձագանքնելով խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության «Чашка-ложка, шоколадный отношении»-ն գրել է Newspress տեղեկատվական կայքի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը:
Իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «Համացանցում բուռն քննարկվում է ընդդիմադիր ՈՒՀԿ անդամ Արմեն Աբովյանի շնորհավորանքը նիկոլական գեղցի Տարոնին՝ զավակ ունենալու կապակցությամբ... Դա շատ նորմալ կդիտվեր, եթե այդ շնորհավորանքը չուղղվեր մի իշխանականի, ով, նախ՝ ըստ լուրերի իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի աշխատացնողն է, որն ամենավերջին վիրավորանքներն է տալիս ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին, իր անձնական էջով տարածում է կեղծ եւ շինծու տեղեկություններ ընդդիմադիրների եւ նրանք վարքագծի մասին՝ օրինակ՝ 2021 թ-ի իրադարձությունների ժամանակ Մելիտոպոլի կեղտոտ փողոցների լուսանկարն էր տեղադրել իր էջում եւ այն ներկայացնում էր որպես Երեւանի Բաղրամյան պողոտա ու շատ վաղուց մարդկային հարաբերություններում անցել է բոլոր կարմիր գծերը...
Երկրորդը՝ այդ շնորհավորանքն այնքանով է զավեշտալի ՈՒՀԿ անդամի կողմից, քանի որ հենց այս գեղցին է ամենավերջին վիրավորանքները տալիս ՈՒՀԿ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանին ևայլ կուսակցականների, ծաղրում եւ զրպարտում նրանց՝ նենգափոխելով նրանց հայտարարությունները եւ խոսքերը...
Երրորդը՝ ՈՒՀԿ անդամը, եթե շատ էր ցանկանում շնորհավորել դրան զավակ ունենալու կապակցությամբ, ապա շատ ավելի ճիշտ կլիներ գրել՝ Բարի գալուստ, մեծանաս ու հորդ նման չդառնաս...
Չոորորդը՝ շատ ծիծաղելի է շնորհավորելուց զատ դրան դիմել ազգանունով. դա շատ ճոխ է այդ գեղցու համար...»։
Իր շնորհավորանքին քաղաքագետի ֆեյսբուքյան էջում՝ որպես մեկնաբանություն, անդրադարձել է նաեւ հենց ինքը՝ Արմեն Աբովյանը եւ նշել․ «Լսե՛ք բոլորդ։ Մի անգամ եմ պատասխանում՝ մի անգամ։ Ու ես իրան չեմ շնորհավորել, այլ Նորածին երեխային։ Ես դա արել եմ, որպեսզի Չախոյանը եւ ՔՊ-ականները հասկանան մի պարզ բան՝ անկախ ամեն ինչից, մենք նախ եւ առաջ մարդ ենք, իսկ իրենք՝ ոչ։ Ու լավ եմ արել, շատ անգամ մարդուն պետք ա լավը տաս, որ ինքը հասկանա ինչքան վատն ա ինքը, իսկ եթե չի հասկանում Աստված իրան կհասկանցնի։ Արել եմ, որպեսզի հասկանան, որ մարդու ամենաբարձր արժեքը մարդ լինելն է, ոչ թե սեփական քաղաքականությունը պահելու համար մարդկանց բանտ ուղարկելը։ Արել եմ, որպեսզի հասկանան՝ ինչքան էլ իրենց երեխաներն իրենց համար թանկ ու սիրելի են, նույնքան թանկ ու սիրելի են բանտարկված տղաներն իրենց ծնողների համար։ Հասկացա՞ք հիմա։ Այսքանը հասկանալու համար շատ մտածել պետք չէր»։
Համաձայնեք, որ տարօրինակ ոճ է, երբ ընդդիմության ներկայացուցիչներն էլ են սկսել մունաթ գալ հանրության վրա։ Բայց, սա էլ դնենք մի կողմ ու նորաթուխ քաղաքական գործչին հուշենք` որ լավ մի արա, ճիշտ արա։

