Շտապ․ Մշակութային «բարեփոխո՞ւմ», թե՞ դեգրադացում
ՄշակութայինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գիտության, արվեստի եւ մշակույթի միջազգային ակադեմիայի երիտասարդական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտի բարեփոխումներին։ Սակայն, մշակույթի ոլորտում հերթական «բարեփոխման» մասին հայտարարությունը կրկին լուրջ հարցեր է առաջացնում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է թատրոնների եւ համերգասրահների ֆինանսավորման նոր մոդելը, ըստ որի՝ որքան մեծ լինի մշակութային կազմակերպության սեփական եկամուտը, այնքան ավելի մեծ աջակցություն կտրամադրի պետությունը՝ կրկնապատկելով այդ եկամուտը։
Առաջին հայացքից սա կարող է թվալ արդյունավետության խթանման մեխանիզմ։ Սակայն իրականում այն վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ մշակույթի հիմնական արժեքը փոխարինելով ֆինանսական ցուցանիշներով։ Եթե պետական աջակցությունը պայմանավորվում է առաջին հերթին կոմերցիոն հաջողությամբ, ապա վաղ թե ուշ մշակութային հաստատությունները ստիպված են լինելու առաջնահերթություն տալ ոչ թե գեղարվեստական արժեքին, այլ տոմսերի վաճառքին եւ շահույթին։
Սա այն մոտեցումն է, որը տարիներ շարունակ քննադատվել է բազմաթիվ երկրներում։ Երբ մշակույթը սկսում է չափվել դրամարկղային եկամուտներով, առավել խոցելի են դառնում փորձարարական բեմադրությունները, դասական երաժշտությունը, ժամանակակից դրամատուրգիան, մանկական եւ կրթական ծրագրերը։ Դրանք հաճախ չեն ապահովում մեծ եկամուտ, սակայն հենց դրանք են ձեւավորում հասարակության մշակութային ճաշակը եւ կրթական մակարդակը։
Նախարարն այս փոփոխությունները ներկայացնում է որպես որակական նոր չափանիշներ՝ հայտարարելով. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր երիտասարդ տեսնի, որ իր զարգացման համար ստեղծված են ինքնիրացվելու լավագույն պայմանները»։ Բայց այստեղ առաջանում է հիմնարար հարց. արդյո՞ք երիտասարդի ինքնիրացման լավագույն պայմանը այն մշակութային միջավայրն է, որտեղ արժեքը որոշվում է վաճառված տոմսերի քանակով։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տվել, որ բարձր մշակույթը միշտ չէ, որ եղել է կոմերցիոն հաջողության խորհրդանիշ։ Աշխարհի բազմաթիվ պետական թատրոններ, օպերային թատրոններ եւ ֆիլհարմոնիկ նվագախմբեր շարունակում են զգալի պետական սուբսիդիաներ ստանալ հենց այն պատճառով, որ նրանց առաքելությունը շահույթ ստանալը չէ, այլ՝ ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Եթե այդ հաստատություններից պահանջվեր միայն եկամուտ ապահովել, ապա շատ արժեքավոր ծրագրեր պարզապես չէին իրականացվի։
Կարելի է ենթադրել, որ նոր մոդելը կարող է խորացնել նաեւ անհավասարությունը ոլորտում։ Ավելի կոմերցիոն կոլեկտիվները, բնականաբար, կունենան ավելի բարձր եկամուտներ եւ, հետեւաբար, ավելի մեծ պետական աջակցություն։ Իսկ, օրինակ, մարզային թատրոնները, փոքր համերգասրահներն ու ոչ կոմերցիոն նախագծերը կարող են հայտնվել էլ ավելի բարդ իրավիճակում՝ կորցնելով մրցունակությունը։
Այս ամենը կարող է նպաստել մշակույթի առեւտրայնացմանը, երբ ստեղծագործական որոնումները աստիճանաբար զիջեն տեղը զանգվածային պահանջարկին։ Այդ դեպքում վտանգ կա, որ հասարակությունը կստանա ավելի շատ ժամանցային, բայց ավելի քիչ կրթական եւ գեղարվեստական արժեք ունեցող արտադրանք, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է նպաստել մշակութային ճաշակի աղքատացման եւ դեգրադացիայի ռիսկերի աճին։
Պետության պարտականությունը մշակույթի ոլորտում միայն հաջողակ նախագծերին հավելյալ միջոցներ հատկացնելը չէ։ Նրա առաջնային առաքելությունը պետք է լինի այն արժեքների պահպանումը, որոնք շուկայական տրամաբանությամբ միշտ չէ, որ կարող են գոյատեւել։ Հակառակ դեպքում, «բարեփոխում» կոչվող այս նախաձեռնությունը կարող է վերածվել հերթական քայլի, որով մշակույթը կդադարի ընկալվել որպես ազգային արժեք եւ ավելի ու ավելի կդիտարկվի որպես սովորական ծառայություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

