Մենք քիչ ենք, բայց մեզ դա էլ է շատ. Արտակ Արամյան. տեսանյութ
Տեսանյութեր«ԲԱՄԲԱՍԿՈՏ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ»
Երգիչ-երգահան, գուսան ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԸ «Իրավունք TV»-ի տաղավարում խոսել է ոչ միայն մշակույթի, այլեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ազգային անվտանգության, եկեղեցու, հասարակության հոգեբանության եւ երկրի ապագայի մասին։ Անկաշկանդ ու երբեմն կոշտ ձեւակերպումներով նա ներկայացրել է իր գնահատականներն ու մտահոգությունները՝ անդրադառնալով վերջին տարիների ամենացավոտ թեմաներին։
«ՀԱՅ ԱԶԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԳԼԽԻՆ ԴՐԱԾ ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔԻ»
— Պարոն Արամյան, նախ անդրադառնանք Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակին։ Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրադրությունը։
— Նախ՝ քաղաքականություն պիտի լինի, որ քննարկենք: Կան տարբեր խմբեր, որոնք քաղաքականության հետ աղերս չունեն, բայց ճակատագրի բերումով մի մասն ընդդիմություն է աշխատում, մի մասն՝ իշխանություն: Այս անձինք իբրեւ թե զբաղվում են քաղաքականությամբ:
— Բայց սա է մեր իրականությունը: Որպես մտավորական՝ ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցող գործընթացները։ Շատերի կարծիքով՝ մեր աչքի առաջ վտանգվում են պետությունն ու պետականությունը, իսկ դարերով ձեւավորված ազգային մշակույթը, որը մեզ հասցրել է մինչեւ այս օրերը, աստիճանաբար արժեզրկվում է։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք իսկապես այդպես է, թե՞ նման գնահատականները չափազանցված են։
— Միանշանակ է, որ գլորվում ենք դեպի անդունդը: Բայց ասեմ, որ դա վերջին ութ տարիներին չէ, ինչ սկսել է: Պատճառը շատ ավելի խորքային է՝ սկսած այն շրջանից, երբ հայ ազգին վերաբերվել են որպես դաշնամուրի գլխին դրած փափուկ խաղալիքի, որին երբ ցանկացել են, այստեղից վերցրել, այնտեղ են դրել: Դա է պատճառը, որ մեր մեջ ձեւավորվել է մի հատկություն, այն է ՝ մենք անընդհատ պիտի տեղահանվենք, անընդհատ պիտի պայքարենք մեր լինելիության համար: Սակայն, իրականությունում դրա կարիքն այդքան էլ չկա։ Ավելի շուտ կա, բայց ուռճացված է՝ վախեր ստեղծելու համար։ Վախեցած մարդուն ղեկավարելը հեշտ է։
«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՆՄԱՆ ՊԻՏԻ ԹԵՍՏԱՎՈՐՎԻ»
— Վախեցած եւ կոտրվա՞ծ մարդուն։
— Կոտրված մարդ չկա, կան վախեցածներ։ Ես չեմ հավատում, որ մարդը կոտրվում է։ Եթե մարդը ծնող է հողը դնում, դրանից հետո կարողանում է ապրել, ուրեմն՝ չի կոտրվել։
— Եկեք խոսենք վախերից, որովհետեւ վախի մթնոլորտը քաղաքական դաշտում եւ առհասարակ, հասարակ քաղաքացիների մոտ այն աստիճան է բարձրացված, որ մարդիկ վախենում են իրենց կարծիքը հայտնել։ Մարդիկ վախենում են բարձրաձայնել, որ իրենք դեմ են այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, կգան կտանեն, գործ կհարուցեն, եթե ունի ձեռնարկություն, ապա դա կվերցնեն ձեռքից եւ այսպես շարունակ, ինչպես եղավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաուկյանի հետ: Ո՞ւր ենք հասնելու նման կերպ:
— Նախ ասեմ, որ ես Գագիկ Ծառուկյանի հետեւորդը երբեւէ չեմ եղել, եւ խորությամբ այդ մարդու գործունեության հետ ծանոթ չեմ, որովհետեւ դա իմ դաշտը չէ։ Գիտեմ, թե ինչ մեծ հենարան է եղել սպորտսմենների համար։ Առհասարակ, 70-ամյա մարդու, ուղղակի մարդու, որի դեմ հարուցված հոդվածն էլ դեռ ապացուցված է, իր սեփական տան մեջ, տասնմեկ առողջ տղամարդով փորձելը գետնին տալ, շատ ամոթ է։ Ինձ թվում է՝ մեր Ազգային անվտանգության ծառայությունը դասատուների նման պիտի թեստավորվի, որ իմանան՝ իրենք ինչի՞ են այդ համազգեստը հագնում եւ ինչի՞ համար են։ Ես երբեւէ չեմ վախեցել իմ միտքը արտահայտել, որովհետեւ հարց՝ ումի՞ց։
«ՀԻՄԱ «ԿԼՈՒԲՆԻԿ» ՈՒՏՈՒՄ, «ԿԼՈՒԲՆԻԿ» ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
— Բա որ Ձեզ էլ հետապնդե՞ն…
— Թող հետապնդեն: 18-տարեկան էրեխեն չվախեցավ, կյանք տվեց, ես վախենամ նստելո՞ւց։ Հետո վախեցնողն էլ պետք է վախեցնողի նման լինի։ Ես, որպես հայոց բանակում իմ պարտքը արժանապատիվ տված մարդ, կարող եմ մի բան ասել, աշխարհի ամենավատ բանը դա մեր ծառայության ժամանակներում էր՝ բանակում զուգարան մաքրելն էր, կիսաենթամշակութային շփումները, որն, ի դեպ, ավելի լավ էր, քան հիմա։ Հիմա «կլուբնիկ» ուտում, «կլուբնիկ» մեծանում են։ Միգուցե այն ժամանակ մի քիչ նեղն էինք ընկնում, մի քիչ տուժվում էինք, բայց դա ստիպում էր, որ մեր ուղեղը հասունանա, որոշումները ճիշտ կայացնենք։
Պատահական չէ, որ ես անդրադարձա բանակին: Ամենավատ սպան, դա վատ զինվոր եղած սպան է։ Գիտե՞ք ինչ է անում նման սպան հետո՝ զինվորների քթից է հանում: Ինքը ծառայության ընթացքում իր տեղը չի գտել, հենց հնարավորություն է ստանում, ամեն վատ բան անում է մյուս զինվորի հանդեպ: Դա, միայն սպաների մեջ չէ, կյանքն է այդպես: Նիկոլն էլ, միգուցե, ինքը լավ լրագրող է եղել, չգիտեմ, չեմ ուսումնասիրել այդ դաշտը ու չեմ էլ հասկանում։ Որպես մարդ, գուցե լավ մարդ է, անձնական շփումներում, դա իր հետ իր մտերիմ մարդիկ կասեն, բայց ինքը՝ որպես ղեկավար, չուզող տագրոջ կնոջ հոգեբանությունով է անում։ Նախ՝ տղամարդուն հարիր չէ բամբասելը, ինքը միայն դա է անում։ Բամբասկոտ տղամարդը չի կարող ճիշտ որոշում կայացնել։
— Ութ տարվա ընթացքում իշխանության կողմից ընդունված բազմաթիվ որոշումներ ներկայացվել են որպես «ճիշտ որոշումներ»։ Գուցե դրանք հենց այդպես են ընկալվում իշխանության եւ նրա համախոհների կողմից, սակայն խոսքը վերաբերում է, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, ինչի հետեւանքով ունենք գյուղմթերքի արտահանման սահմանափակումներ: Այս ամենն ակնհայտորեն վնասել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը եւ քաղաքացիների շահերին։ Հարց է ծագում՝ արդյոք կողքը չկա մի սրտացավ մարդ, ով իրեն ասի՝ այսպես մի՛ արա, դա վերջնականապես տանում է կործանման։ Եկեղեցու հանդեպ արշավը դադարեցրո՛ւ, այն մեր հավատքն է:
—Համաձայն եմ, բայց բայցերը շատ են՝ թե՛ գյուղմթերքի արտահանման մեջ, թե՛ կոնյակի որակի մեջ: Գիտեք ինչ, ես իմ օրինակով ասեմ, եթե ես գնամ մի տեղ երգելու, վատառողջ լինեմ, ստիպված պլյուս երգեմ, աշխարհի փնովանքի կարժանանամ։ Կասեն՝ ինչո՞ւ ենք փող տալիս։ Հիմա էլ դա է, բարի եղեք, այնպես մշակեք ձեր եղածը, որ «պրիտենզիա» չգտնեն։ Դու մաքուր արա քո անելիքը։ Մենք սովոր ենք չէ՞, քիչ տանք, շատ վերցնենք։ Նորմալ է, որ արգելել է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Մի շարք գյուղացիներ խնդիրն իրենց մեջ պիտի փնտրեն եւ պատասխան տան: Եվ ուտեն, իրենց ցանած պտուղը, որ հասկանան՝ չի՛ կարելի։
«ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ՈՆՑ ՈՐ ՎԱՐՁՈՎ ԱՊՐԵՆՔ»
— Եկեք իրականությունն, ամեն դեպքում, ընդունենք եւ փաստենք, որ՝ այո՛, եղել են մարդիկ՝ անգամ սահմանամերձ շրջաններում, ովքեր իսկապես ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետո բարձրացել են իրենց պատշգամբից տեսել թշնամու դիրքերը: Դա ինչպե՞ս կբացատրեք, որքանո՞վ էր ճիշտ:
— Ճիշտ ու սխալ անելու համար նախ պետք է, որ գլխի դոնդողանման զանգվածը, որն ուղեղ է կոչվում, հաճախ օգտագործել՝ տրամաբանելու, փաստերն իրար կողք դնելու համար: Եթե նույնիսկ չես կարողանում եւ այդքան, ուղեղ քեզ Աստված չի տվել, որ դու ինքդ վերլուծես, ենթադրես, հասկանաս, գոնե այդ դեպքում կարելի է, չէ՞, եղած փաստերը իրար կողքի դնել ու ադ ժամանակ գոնե սիմետրիայից կհասկանաս, որ վատ է։ Իսկ եթե դրա ունակությունները չունես, տանջվի, ի սեր Աստծո։ Մեկը ես չեմ տանջվելու: Իմ նման մարդիկ չեն տանջվելու: Մենք մեկ տանջանք ունենք, այն է՝ մեր սեփական երկրում ոնց որ վարձով ապրենք։ Ես 44-տարեկան տղա եմ, 44 վայրկյան ուրիշ երկրում չեմ ապրել։ Ինձանից շատ հնարավորություն ոչ ոք չունենա այլ երկիր գնալու։ Չեմ գնացել, չեմ գնում ու չեմ էլ գնալու։ Նիկոլը թվով չորրորդն է, իրեն էլ կճանապարհեմ։
— Վերջերս Դուք երգ գրեցիք, որը լայն տարածում ստացավ։ Երգը բողոք էր, զայրութ: Եվ այնտեղ հնչում էին շատ ցավոտ խոսքեր՝ «խնկաման գողացողներ», որից հետո գտնվեցին մարդիկ, ովքեր չընկալեցին խոսքի խորությունը, սակայն մեկ շաբաթ անց, եկեղեցուց գողացան մոմակալները: Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ինչպե՞ս ստացվեց, որ թասիբով, հայի գեն պահող ազգի մեջ գտնվում են մարդիկ, ովքեր անցնում են բոլոր սուրբ սահմանները: Այդտեղ էլ, հո, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր մեղավոր։
— Հակառակը, այս դեպքում պիտի Նիկոլ Փաշխինյանից շնորհակալություն հայտնենք, որ ազգի իրական դեմքը բացայատեց, եւ այն սին կերակուրը, որով տարիներով կերակրվել ենք՝ գոյություն չունի։ Մենք ունենք աշխարհի ամենալավ անհատները: Մենք թիմային չենք՝ սկսած ֆուտբոլից: Մենք միայն կարող ենք թիմով լավ հարսանիք նվագել, եթե նորմալ փող տան։ Այն ենք, ինչ կանք, ինչ ցոււցադրում ենք: Դրանից ավել չենք կարող, ավաղ...
— Բայց Պարույր Սեւակն ասել է, որ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում»:
— Ես դա ձեւափոխել եմ՝ «Մենք քիչ ենք, բայց մեզ դա էլ է շատ»։
— Պարոն Արամյան, Ձեր անձի նկատմամբ հուսամ հետապնդումներ չկան, որովհետեւ դուք շատ կտրուկ եք մոտենում հարցերին…
— Ինձ չեն հետապնդի մեկ պարզ պատճառով, որովհետեւ ես ոչ մեկական չեմ եւ չեմ էլ եղել: Ես ընդամենը Մեխակ Արամյանի տղան եմ։ Մի մարդ, ում անվերապահ ենթարկվել եմ: Ցավոք, հայրս հիմա չկա: Ընդդիմությունը սխալ բան է անում՝ չեմ ամաչում, ասում եմ դրա մասին, իշխանությունը իմ մտածելակերպով, սխալ բան է անում՝ ասում եմ: Կուրորեն ոչ մեկի հետեւից չեմ գնում:
«ՄԱՐԴԸ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ Է, ԵՎ ՀԱՎԱՏԱՑԵՔ՝ ԻՆՔԸ ԿԱԽՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ»
— Ընդդիմությունը մանդատները վերցրեց, մինչդեռ ընտրողներին խոստանում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատել Ազգային ժողովում, այլեւ՝ իշխանափոխություն անել։ Մանդատները վերցնելով մենք շատ պարզ հասկանում ենք, որ շարունակվելու է նախորդ հինգ տարիների պատմությունը՝ գնալ խորհրդարան եւ հլու- հնազանդ աշխատել ընդդիմություն: Ի՞նչ կասեք այս առիթով։
— Գիտեք ինչ, մենք անընդհատ էյֆորիայի մեջ ենք ընկնում։ Փաստորեն, եղավ այն, ինչը միշտ լինում է։ Ամեն ինչ վատ է, քանի որ մարդիկ իրենց եղածը պահելու խնդիր ունեն: Սա իրենց ինչի՞ն էր պետք: Մարդը դոլարային միլիարդատեր է (նկատի ունի Սամվել Կարապետյանին, - հեղինակ), եւ հավատացեք՝ ինքը կախումներ ունի։ Ես չեմ ասում Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Չէ, մի շարք մարդկանցից կախումներ ունի։ Ու հատնի չէ, թե այդ մարդիկ ի՞նչ պայմաններով կխոսեն իր հետ։ Անմեղության կանխավարկածը հաշվի առած՝ դա իմ կարծիքն է։ Մարդ ինչքան շատ փող ունի, այնքան չունի։
— Այնուհանդերձ, անհատներին էլ մի կողմ դնելով՝ փաստենք, որ գեոպալիտիկան Հայաստանում շատ մեծ նշանակություն ունի, այսինքն՝ մենք փոքրիկ մի միջանցք ենք, փոքրիկ խաչմերուկ՝ մեծ պետությունների համար, որոնք կարողանում են օգտագործել մեզ եւ մենք ոչ մի օգուտ չենք ունենում այդ քաղաքականությունից: Ինչո՞ւ է այդպես:
— Որովհետեւ մենք ի հեճուկս՝ սահմանը կորցրել ենք։ Եկող ղեկավարը ի հեճուկս է անում, դուրս մնացածը՝ ի հեճուկս է վարվում, ոչ մեկի մեջ հանուն չտեսանք։ Եթե դիմացինդ հասկանա, որ քո մոտ հանուն է, հավատացեք, նա քո թելադրած պայմաններին կհամաձայնվի:
— Ստացվում է՝ չունենք սրտացավ եւ խոսքը պահող ընդդիմություն, չունենք իշխանություն, բա ի՞նչ անի ժողովուրդը: Լուռ, գլխիկոր, աշխատի, գա տուն ու սպասի, թե ե՞րբ է Հայաստանն էլ ավելի փոքրանալու:
— Հայաստանը չի փոքրանա, եթե մեր քաղաքական դաշտի մեջ խաղացողները մեկ-մեկ «զամեն» անեն։ Ֆուտբոլը լուրջ մարդիկ են մտածել, չէ՞, պատահական չէ, որ 90 րոպեանոց խաղի ընթացքում «զամեններ» են խաղում։ Շատ երաժշտություն ստեղծելուց անգամ հոգնում ես երաժշտություն լսել։ Հոգնած մարդու ուղեղը վատ է աշխատում։ Նույնն էլ քաղաքականության մեջ է: Պետք է սթափ ուղեղով աշխատել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

