Ինչ վերաբերում է ցորենին, ապա իրավիճակը խայտառակ է՝ ներկայիս տվյալներով այն չի հասնում 20%-ի․ Գյուղատնտեսը ահազանգում է
ՀանդիպումԱրդեն երրորդ ամիսն է՝ գյուղատնտեսական մի շարք ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելված է, ըստ ռուսական կողմի՝ պատճառն այդ ապրանքների որակն է։ Լոլիկ, ծիրան, պղպեղ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն արտադրողները մշտապես բողոքում են, որ բերքը տեղում փչանում է, որին ի պատասխան՝ Կառավարությունն ասում է, թե փոխհատուցում կտա: Ավելին՝ հայտարարում է, թե կարող են արտահանել ԵՄ շուկա, ինչը հայ արտադրողներն իրատեսական չեն համարում, այն էլ այն ծավալներով, ինչ նախկինում արտահանել են Ռուսաստան։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ խաղողի հետ կապված խնդիրն ավելի շղթայական է. եթե, օրինակ, ծիրանի դեպքում այգետեր, վաճառող կամ գնորդ և արտահանումն է, ապա խաղողի դեպքում այլ է՝ տեխնիկական սորտերը, սպիրտի, գինու 90 տոկոսից ավելին հիմնականում մթերում են հայկական ընկերությունները․
-Խաղողի սեղանի սորտերը հիմնականում սպառվում են տեղական շուկայում ու արտահանվում են ԵԱՏՄ շուկա։ Բայց, ինչպես գիտեք, հիմա ճանապարհը փակ է, արգելափակումն էլ դրված է, այս առումով էլ խնդիրը լուրջ է, որովհետև տեղական շուկան՝ սառնարաններով ու իրացումով, այդքանը չի կարող ապահովել։
Ինչ վերաբերում է ԵՄ շուկա արտահանելուն, ապա՝ ի տարբերություն ծիրանի, որ այդքան ասում են՝ հայկական ծիրանը բրենդ է, խաղողը հիմնականում արդեն Եվրոպայում լուրջ տեղ չունի, որովհետև Իտալիայում, Հունգարիայում, Թուրքիայում, էլ չասեմ՝ Ֆրանսիայում այնպիսի սեղանի սորտեր են աճեցնում, որոնք աչք են ծակում, համային տեսանկյունից էլ լավն են։ Այնտեղ կա ղազախական խաղող ևս, խաղողի դեպքում ԵՄ շուկայում առավելություն չունենք։
Այս իրավիճակից դուրս գալը հեշտ չի լինելու։Անհրաժեշտ է ճիշտ, խելամիտ և փորձի վրա հիմնված քայլեր ձեռնարկել, որ մարդիկ կարողանան հաղթահարել այս դժվարությունները։ Հատկապես կարևոր է աջակցել արտադրողներին՝ գյուղացիներին և ֆերմերներին, որ նրանք կարողանան իրացնել իրենց արտադրանքը։ Շատ կարևոր է, որ պետությունն անմիջական և արդյունավետ աջակցություն ցուցաբերի, քանի որ դա կարող է լինել վճռորոշ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտադրողը կարողանա իր ապրանքը հասցնել շուկա։ Այդ դեպքում կշահեն և՛ քաղաքաբնակները, ովքեր կստանան որակյալ և մատչելի մթերք, և՛ արտադրողները, ովքեր կկարողանան արդար եկամուտ ստանալ իրենց աշխատանքի դիմաց:
Մասնագետը մեկ այլ կարեւոր խնդրի վրա եւս հրավիրում է ուշադրություն․
-Հայաստանը որոշ գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ լոբազգիների և ցորենի ինքնաբավության խնդրի առաջ է կանգնած։ Նույնիսկ եթե նայեք Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից սննդամթերքի մատչելիության վերաբերյալ հրապարակված տվյալներին, պարզ է դառնում, որ, օրինակ, լոբազգիների, լոբու, ոսպի և ոլոռի առումով մենք շատ վատ վիճակում ենք. ինքնաբավությունը չի գերազանցում 3%-5%-ը, չնայած դրանք պարենային զամբյուղի կարևոր բաղադրիչ են։ Ինչ վերաբերում է ցորենին, ապա իրավիճակը խայտառակ է։ Ներկայիս տվյալներով այն չի հասնում 20%-ի։
Մենք հիմնականում լիովին ապահովված ենք մրգերով, բանջարեղենով և կարտոֆիլով՝ 100%-ով, բայց կարտոֆիլի պակաս արդեն կա՝ թե՛ սերմացուի, թե՛ բերքի առումով։ Այգիները տնկվել են անհամաչափ, առանց պլանավորման։ Կլինի գերմատակարարում, և սա նույնպես բացասական հետևանքներ կունենա ապագայում՝ վերլուծության և պետական միջոցների բաշխման պատշաճ քաղաքականության բացակայության պատճառով։

