Լյարդդ ո՞նց է, լյարդդ... ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԻշխանության ջերմեռանդ աջակից իտալահայ քանդակագործ ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԸ վերջերս տված իր հարցազրույցում հայտարարել էր, թե՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի ժամանակին գցել է իր առյուծների վանդակը, որի պատճառով նա մահացել է։ Մեղադրանքի էությունը կարող էր ահասարսուռ թվալ, եթե վերոնշյալ հայտարարության հետագա զարգացումները չլինեին այսքան զարմանալի ու զավեշտալի։ Անդրադառնալով Վիգեն Ավետիսին՝ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրել է, որ ընդամենը երեք տարի առաջ նույն քանդակագործը մեծ ջերմությամբ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին՝ ներկայացնելով իր նախագիծը։ «Մեր փաստաբանական թիմը զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան։ Մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարության համար», - զգուշացրել է Իվետա Տոնոյանը։ Բայց սա դեռ ամենը չէ, ի վերջո, ո՞վ էր այն քանդակագործը, որը, ըստ Վիգեն Ավետիսի, մահացել է Ծառուկյանի առյուծի վանդակում, հայտարարության հեղինակը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե չի հիշում, իսկ նա, ով իրեն ասել է այդ մասին, մահացել է։
Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի գործով աբսուրդը ամեն օր նոր թափ է ստանում։ Երեկ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ որպես վկա հարցաքննության է կանչվել: «Կարո՞ղ էիք պատկերացնել, որ մեղադրյալի փաստաբանին կհեռացնեն վարույթից ու որպես վկա կկանչեն հարցաքննության` պաշտպանություն իրականացնելու փոխարեն: Քաղաքական հաշվեհարդարների հայաստանյան աբսուրդը շարունակվում է», - գրել է նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ Փաստորեն, եթե մինչ այս խոսվում էր սույն գործի բացառապես քաղաքական բաղադրիչի մասին, ապա այժմ հարցեր են ծագում նաեւ գործընթացի իրավական տրամաբանության վերաբերյալ։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մեղադրյալի պաշտպանն ինքն էլ հայտնվել նույն վարույթի շրջանակում՝ արդեն որպես վկա։ Չէ՞ որ նման իրավիճակում ակնհայտորեն վտանգի տակ է դրվում ոչ միայն պաշտպանի գործունեությունը, այլեւ անձի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Ստացվում է՝ եթե այս գործելաոճը դառնա ընդունված պրակտիկա, ապա վաղը ցանկացած աղմկահարույց գործով պաշտպան կարող է պարզապես «չեզոքացվել»՝ նրան վկայի կարգավիճակ տալու միջոցով։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները շարունակ հայտարարում են իրավական պետության եւ եվրոպական չափանիշներին համապատասխան դատավարությունների մասին։ Արդյունքում, Գագիկ Ծառուկյանի գործը շարունակում է համալրվել նոր դրվագներով, որոնք ոչ թե փարատում, այլ բազմապատկում են հանրային հարցականները։
Իսկ այն, ինչ կատարվում է մշակույթում, ոչ միայն զարմանալի է, այլեւ լրիվ անեկդոտ է։ Երգիչ, երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւին «հարբեցող» է անվանել։ Ու ով ինչից է խոսում։ «Ռուբի՛կ, լյարդդ ո՞նց է, լյարդդ... », - սոցցանցում հետաքրքրվել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Ակամայից հիշեցինք լուսահոգի ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին։ Ժամանակին նա, արձագանքնելով Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցներից մեկին, որտեղ թիրախավորել էր արցախցիներին՝ գրել էր. «Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ… Էլ հարբած հարցազրույց մի տուր. գիտես, որ գիտեմ»:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

