Ձեզ ինչո՞ւ ենք ձայն տվել, որ հինգ տարի նստեք պառլամենտում ու ռեժիմով ծեծ ուտե՞ք. Գրիգոր Գրիգորյան
ՀանդիպումՆերքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
«ԵՍ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՄԱՆԴԱՏԱՏԵՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏՆԵՐ»
— Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը: Եվ ահա «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն ասում է, որ ճիշտը մանդատներ վերցնելն է: Փաստացի, Դուք այս ամենը կանխատեսում էիք նախընտրական քարոզարշավից շատ ավելի վաղ: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:
— Այս ընտրություններին, ինչպես գիտեք, ես դեմ էի եւ համարում էի ֆարս, այդպես էլ եղավ: Եթե մեր ժողովուրդն ուզում է ապրել, չի ցանկանում վերանալ, պանդուխտ դառնալ եւ լուծվել թուրք-թաթարական էլեմենտների հետ, վերածվել անհասկանալի ինչ-որ մի էթնիկ միավորման, պետք է ոտքի կանգնի։ Ով կասի՝ քաղաքական մարդիկ պետք է լուծեն հարցը, դավաճան է։ Նրանք, ովքեր այսօր մտածում են մանդատների մասին, կոլաբորանտներ են, որոնք թքած ունեն հայրենիքի ապագայի վրա: Այն մարդիկ են, ովքեր մտածում են ընդամենը սեփական շահի մասին, որոնք ուրացել են ամեն ինչ։ Մեր ժողովուրդը խաբվեց երկրորդ անգամ: Այսպես կոչված, ընդդիմության սուտն ավելի վատ սուտ է, քան հայրենադավներինը, որովհետեւ նրանք գողացան վերջին հույսը: Բայց մեր ժողովուրդը չպիտի դա վերջինը համարի, քրիստոնյայի հույսը միշտ մեր Տեր եւ Աստված է՝ Հիսուս Քրիստոսը։
Այս երկրում ընտրություններով իշխանություն չի փոխվում, բազմիցս ասել եմ եւ ասում եմ: Բոլոր տեսակի խաղաղ իշխանափոխությունները պայմանավորվածության արդյունք են լինելու, իսկ եթե ցանկանում եք իրական իշխանափոխություն, բոլոր նրանց վրա, ովքեր ասում են՝ անցնցնում պետք է լինի, ուղղակի, խաչ դրեք նրանց վրա: Մենք գործ ունենք էակների հետ, որոնք, ռուսի ասած, խաղում են «վաբանկ», իրենք գիտեն, որ իրենց իշխանությունը հավասարազոր է իրենց կյանքին։ Եվ նրանց կարող են հաղթել միմիայն նրանք, ովքեր եւս կգնան «վաբանկ» եւ չեն մտածի սեփական բարեկեցության, սեփական դիզածի ու անվտանգության մասին, ովքեր իրենց կյանքը կդնեն զոհասեղանին՝ հանուն ժողովրդի, հանուն հայրենիքի, ինչպես արեցին Կարեն Սերոբի Դեմիրճյանը եւ Վազգեն Զավենի Սարգսյանը։ Նրանք փաստացի իրենց կյանքը զոհաբերեցին` կանխելու այս իրավիճակը։ Դա գալիս է 1999 թ․-ից։ Նրանք դեմ էին այս սցենարին:
Եվ այսօր բոլոր այն, այսպես կոչված, քաղաքական ուժերը, որոնց ես համարում եմ ընչաքաղց, մանդատատենչ քաղաքական ավանտյուրիստներ եւ թափթփուկներ, մտածում են սեփական շահի մասին, իսկ մեր թալանված, արյունաքամ զավակները, որդեկորույս ժողովուրդը կրկին մնալու է խաբված: Իսկ եթե նրանք չեն ցանկանում` այսպես շարունակվի, ասել եմ ու կրկնում եմ՝ միակ մարդիկ, որոնք կարող է այս երկրում իրավիճակ փոխել, զինվորականներն են՝ կամավորականները եւ այն սպաները, որոնք դեռ մնացել են ու սպայի ուսադիրները պատվով են կրում:
«ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ»
— Նույն ժողովուրդը կարո՞ղ է 3-4 անգամ խաբվել, գուցե սա՞ է նրանց ընտրությունը, մարդիկ ոտքի կանգնեցին, գնացին ընտրատեղամաս եւ էլի վերարտադրեցին այս իշխանությանը:
— Գիտեք, ինչպես ասում է, մեր Միքայել սրբազանը, կարծես թե, ժողովրդի գենի մեջ կա այդ արծաթասիրությունը, այդ որկրամոլությունը, քաղքենիությունը: Չեմ կարող ասել, թե չկա: Այս ընտրություններից հետո՝ մարդիկ որպես կատակ ընդունեցին, երբ ասացի, որ արդեն պետք է այս հանրապետության զինանշանի վրա փոցխ դնել։ Որքա՞ն կարելի է նույն փոցխի վրա կանգնել։ Ե՞րբ է ընտրություններով նորանկախ Հայաստանում իշխանություն փոխվել, կարո՞ղ եք ինձ ասել: Ու այսքանից հետո կրկին գնալ ընտրությա՞ն, այսքանից հետո, այսպես կոչված, «ընդդիմությանը» չի կարող աջակցել մի մարդ, որը կախված չէ այդ ընդդիմությունից, անաչառ մարդը չի կարող աջակցել, հայրենիքը սիրող մարդը չի կարող նրանց աջակցել։ Նրանք կոլաբորանտներ են, որոնք մտածում են ընդամենը իրենց բարեկեցության, իրենց ապագայի, իրենց անձնականի, ոչ թե հանրապետության մասին: Հիշում եմ, մեկն ասում էր՝ պարոն Գրիգորյան, թողեք քաղաքական մարդիկ թող հարցը լուծեն, տեսանք` ինչպես են լուծում:
— Այդ տրամաբանությամբ՝ գործարար Սամվել Կարապետյա՞նն էր քաղաքական մարդ, որը քիչ էր մնում հայրենիքը փրկեր, բայց չստացվեց…
— Գիտեք, ես իրեն չեմ դիտարկում որպես քաղաքական մարդ: Նա ընդամենը կատարում է այն, ինչ որ իրեն կասեն: Մեր ժողովուրդը կրկին հեռատես չգտնվեց եւ, ինչպես լուսահոգի հայրս էր ասում, մի փոքր առիթ, երբ ունենում է սխալվելու, երբեք բաց չի թողնում: Ժողովուրդը կրկին սխալվել է: Ես մնում եմ նույն կարծիքի՝ օկուպացված երկրում ընտրություններ չեն անցկացնում։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ժամանակին ֆաշիստներով օկուպացված Բելառուսը ընտրություններ անցկացներ, եւ բելառուսները ընտրեին, որ ֆաշիստները պետք է լքեն տարածքը ու վերջիններս թողնեին, գնային, զենքերը, դիրքերը հանձնեին:
«ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՅՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔՆ Է»
— Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե դեմ եք այս ընտրության արդյունքներին, դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք։ Ոչ ոք դուրս չեկավ:
— Գիտե՞ք ինչու, որովհետեւ 8 տարի է` այս ընդդիմությունը լկտիաբար, նենգաբար խաբում է հայ ժողովրդին: Եվ այդ ընթացքում փորձում է դասավորել իր եւ իր երեխաների ապագան, ուրիշ ոչինչ։ Իսկ մեր ժողովուրդը գնում է ոչ թե նրանց հետեւից, ով իր համար իր կյանքն է զոհաբերում, այլ նրանց հետեւից, ով փող ունի՝ առանց մտածելու, որ այդ նույն փողն է, որ լացում եք, գոռում եք, բղավում եք, թե թալանել են մեզնից: Ախր, այդ թալանած փողն է, հասկանո՞ւմ եք։ Մեր ժողովուրդն ինքն իրենով շատ վատ բնավորություն ունի՝ կոռուպցիան եւ թալանը չի դատապարտում՝ որպես երեւույթ, որ չի՛ կարելի թալանել պետությունը։ Ինքն ահավոր նեղվում է, որ ինքը չէ այդ թալանողը: Իսկ եթե ինքն է դառնում այդ թալանողը, ցանկացած հիմնավորում կգտնի։
Մենք ունենք Գեղամ Նազարյան մեծամասնություն (նկատի ունի նախորդ գումարման պատգամավոր Գեղամ Նազարյանին, որը «Հայաստան» դաշինքով մտավ խորհրդարան, հետո՝ դարձավ անկախ, իսկ արդեն վերջում՝ բացահայտ իշխանական դիրքերից է հանդես գալիս, - հեղինակ): Գեղամ Նազարյանն այս ընդդիմության իրական, չքողարկված դեմքն է: Որքան էլ անդուր հնչի, բայց իրենք բոլորը հոգու խորքում գեղամնազարյաններ են: Եվ մենք դա պետք է հասկանանք: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է խոսել մանդատի, ընտրությունների, Սահմանադրական դատարանի մասին։
Հիշո՞ւմ եք՝ մի խեղկատակ կար, որ սերտիֆիկատով Արցախ էր փրկում։ Մի այլ խեղկատակ էլ ասում էր, թե ավելի լավ է փողոցում կանգնենք, քան թե խրամատներում: Հիմա մեկին մեղադրում են պետական դավաճանության մեջ, մյուսին՝ ընտրակաշառքի: Սա է կեղտոտ խաղերի մեջ մտնելու գինը: Այս ռեժիմն ինձ նման մարդկանց, Արմեն Գրիգորյանի (խոսքը պրոդյուսերի մասին է, որը մահացավ դատարանի նիստերի դահլիճում, - հեղինակ) նման մարդկանց ուղղակի կվերացնի, նրանց համար խնդիր չէ: Որ րոպեին զգան, որ մենք իրենց համար ռեալ վտանգ ենք ներկայացնում, կվերացնեն, դա չի քննարկվում։ Բայց այդ տիպի խեղկատակները, այդ տիպի ընդդիմությունը, Աստծո նվերն է, նրանց համար դրանից մեծ նվեր չկա: Պատկերացնո՞ւմ եք, մարտական գեներալին, հերոս գեներալին մի թափթփուկ ասում է՝ հեռո՛ւ գնա ինձնից, արա՛, ու դա մարսվում է:
«ՎԵՐԵԼԱԿԸ ԿԱՆՉԵՆ ՉԻ ԳԱ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ ԵՐԿԻՐ ՓՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ»
— Հենց քննադատում եք, միշտ գտնվում են մարդիկ, որոնք հարց են բարձրացնում՝ բա Դուք ի՞նչ եք արել, որ չհասնեինք այս օրվան: Դուք արեք, ճիշտ արեք, Դուք նախաձեռնեք։
— Մենք ինչ որ արել ենք մեր հնարավորությունների սահմաններում, իրենք դրա մեկ տասներորդականը չէին կարող անել: Ինչ որ արել ենք, մեր հոգու ուժով ենք արել, իրենք այդ նույն հնարավորություններով, նույնիսկ կվախենային տնից դուրս գալ, էլ չեմ ասում ինչ-որ մի բան անեին: Այնպես որ, դրանք թափթփուկի արձագանքներ են: Իսկ ձեզ ինչո՞ւ ենք ձայն տվել, որ 5 տարի նստեք պառլամենտում ու ռեժիմով ծեծ ուտե՞ք: Ընդ որում, ծեծ ուտելուն էլ ձեւ կա, տղամարդավայել հնարավոր է ծեծ ուտել, բայց այնպես, որ քո ընտրողն ասի՝ հալալ է, ապրեք, իրենք էլ ինչ որ պետք էր արեցին:
Հասկանալի է, երեւի, բակային կրթություն էլ չեն ստացել իրենք, բայց ամպագոռգոռ, շատ բարձր բաներից են խոսում, երկիր են փրկում… Այնտեղ մարդիկ կան, նույնիսկ ասում են՝ սեփական շենքում վերելակը կանչի, չի գա, էլ ուր մնաց երկիր փրկելու մասին խոսի: Էլ չասեմ՝ կենսագրությունը, որ նայում ես՝ ի՞նչ են արել այս հանրապետության համար, մասնագիտական, հասարակական ոլորտում ի՞նչ են արել։
Մենք այսօր գտնվում ենք ահավոր վիճակում, կոմայի մեջ է երկիրը, պետություն գոյություն չունի: Ու գոյություն չունեցող, օկուպացված պետությունում դիմել էին Սահմանադրական դատարան: Ո՞ր Սահմանադրությունը պաշտպանելու, որը բոլոր հնարավոր ձեւերով բռնաբարե՞լ են: Այն Սահմանադրությո՞ւնը, որն այսօր փորձում են հարեւան թշնամի չարորակ նորագոյացության պատվերով փոխե՞լ։ Ինձ համար, ուղղակի, զարմանալի է այդ մոտեցումը: Կա՛մ իրենք առհասարակ մեր ժողովրդին որպես մարդ էակ չեն համարում, կա՛մ համարում են մարդ էակներ, բայց մանկուրդներ, որոնք բացարձակապես ո՛չ պատմություն են հիշում, ո՛չ արժանապատվություն, ոչի՛նչ, միմիայն կերակուր են ուզում ու լափ: Լափը շպրտի դեմները, թող ուտեն ու սսկվեն։ Բայց այդպես չէ: Աստված ամեն ինչ տեսնում է: Ուղղակի, կրկնում եմ` միակ ձեւը, միակ մարդիկ, ովքեր կարող են այս վիճակից մեզ հանել, մեր զինվորականներն են ու մեր կամավորականները: Ուրիշ որեւիցե քաղաքական մարդ նման բան անել չի կարող, արդեն փորձը ցույց է տվել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

