Սովորական մանդատապաշտություն
ՎերլուծությունՆոր խորհրդարանի պատգամավորները մանդատները կստանան այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Սակայն ԱԺ «Հայաստան» ու «Ուժեղ Հայաստան» դաշինքների պատգամավորները հանձնաժողով չեն գնա: Նրանց ներկայացուցիչները կվերցնեն մանդատները։ Դե, իհարկե, հանրության եւ լրատվամիջոցների աչքին երեւալու երես պիտի ունենային, որ գնային մանդատ վերցնելու։ Կարեւորը, որ վաղվանից այդ մանդատը կլինի իրենց գրպանում։
Այսպիսով՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի շուրջ տեւական աղմուկից հետո պարզվեց, որ մանդատ վերցնում են բոլորը՝ բացի դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին դաշինքը նախորդ շաբաթ նույնիսկ հայտարարությամբ հանդես եկավ։ Այն, որ որոշ ՀՅԴ-ականներ կարող էին սկզբունքայնություն եւ թասիբ ունենալ ու կրկին Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն չաշխատել, սա էլ շարքային կուսակցականների ստեղծած պատրանքն էր, ոչ իրականություն։ Ավելին՝ հանուն մանդատի՝ անգամ նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը դրժեց իր խոսքը։
«Մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։ Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։ Խոսքը խոսք է, բայց ավելի կարեւոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք», - իրեն հատուկ ինքնահավանությամբ հայտարարել է նա։
Թե ով է Աղվան Վարդանյանը, գուցե այսօր քչերն են հիշում, բայց բավական է թերթել մամուլի էջերն ու գտնել Վերահսկիչ պալատի ժամանակին արված խայտառակ բացահայտումը։ Ժամանակին, երբ Աղվան Վարդանյանը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր, Վերահսկիչ պալատը բացահայտել էր, թե ինչպես է նա, ըստ նույն շրջանում առկա հրապարակումների, յուրացրել մանկատներում մեծացած երեխաների համար հատկացված գումարները, որբերի համար ուղարկված օգնությունը եւ այլն։ Այս պատմությունից հետո տարիներ շարունակ մամուլը գրել է նաեւ Մանումենտում նրա շքեղ առանձնատան մասին, եւ թե ի՞նչ փողերով է նա դիզել իր ունեցվածքը։ Այնպես որ, ով ով, բայց Աղվան Վարդանյանին քաղաքականության մեջ, իրոք, բոլորն էլ շատ լավ են ճանաչում։ Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի իր իսկ խոսքը դրժելուն, համաձայնեք, որ ընդհանրապես խոսելուց առաջ, հատկապես քաղաքական գործիչը պետք է մտածի։ Չպետք է ասել խոսքեր, որի տակից, ուղղակի, դուրս չես գալու։
ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՍՏԱՑԱՎ ԻՐ ԵՐԱԶԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Ընդհանրապես բավական ուշագրավ է խորհրդարանական ընդդիմության պահվածքը, նրանք վերցնում են մանդատ, որ ի՞նչ անեն, ինչի՞ համար։ Կարծես թե, նրանք մի պարտք ունեին՝ միավորել ամբողջ ընդդիմադիր դաշտն ու միասնական կուռ դաշինքով գնային իշխանափոխության։ Իսկ այժմ մանդատ վերցնելը նշանակում է աշխատավարձ ստանալ, Նիկոլ Փաշինյանին ծառայել։
Ինչպես նշում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը. «Նիկոլն էլի ունեցավ իր երազած ընդդիմությունը՝ խելոք, հնազանդ։ Ամբողջ այդ ընդդիմությունն այսօր՝ Աղվան Վարդանյանով, Նարեկ Կարապետյանով, բոլորով համոզում են ժողովրդին երկու բան, որ պետք է անպայման վերցնել մանդատները եւ որ հիմա չի կարելի փողոցային պայքար սկսել։ Երկուսն էլ Նիկոլի օգտին թեզիսներ են։ Եվ այս ընդդիմությանը 5 տարի էլի Նիկոլը կխաղացնի, ինչպես ուզենա։ Մեկ-մեկ կաքլորանան, կխոսեն հայրենիքի հանդեպ պարտքի մասին, բայց գիտեք ինչ, հայրենիքը թզենու տերեւ չէ, որ ամեն անգամ անունը դնեն հայրենիքի հանդեպ պարտք ու փորձեն ծածկել իրենց խայտառակությունը»։
Ըստ Հայկ Բաբուխանյանի` ժողովուրդը ոչ թե չի ուզում դուրս գալ փողոց, այլ չի տեսնում, թե ում հետեւից դուրս գա։ Եվ, իսկապես, եթե իշխանության առաջնորդի մի խոսքը մյուսի հետ չի համընկնում, նույնն էլ` խորհրդարանական ընդդիմադիր առաջնորդների, ապա ի՞նչ անի ժողովուրդը։ Զորօրինակ, վերցնենք «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները։
Նա դատարանում հայտարարում է, թե 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, եւ ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։ Սակայն, նույն մարդն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը «պրիյեմնիկի» հարցն էր՝ ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։
«Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որեւէ կապ չունեցող այդ պնդումը եւ սեփական խոսքերով փաստում, որ «պրիյեմնիկի» մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը», - գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը եւ հիշեցնում, որ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. «Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ նա (Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց… Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս, եւ ինքս գնամ ընտրությունների»։
Այսպիսով, ըստ Դանիելյանի, Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ փաստացի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլեւ իր իսկ գրքում հրապարակված պնդումները. «Սա հերթական անգամ բացահայտում է, որ «Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիյեմնիկն էր» թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որն այսօր հերքվում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից։
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՃԱՔԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ ԵՆ
Իսկ ահա այն դաշինքը, որը մինչեւ ընտրությունները խոսում էր վճռական պայքարի, իշխանափոխության մասին, դեռ խորհրդարան չմտած՝ կորցրեց ցուցակում անցողիկ տեղում գտնվող եւս երեք պատգամավորի։ Մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել Գոհար Մելոյանը, Լիլիա Շուշանյանն ու Ավետիս Առաքելյանը։
Այս առումով առավել ուշագրավ է Գոհար Մելոյանի լռությունը։ Այն նույն Գոհար Մելոյանը, որը Սահմանադրական դատարանում ներկայացնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիրքորոշումը, այսօր որեւէ բացատրություն չի տալիս, թե ինչու հրաժարվում է պատգամավորի մանդատից։ Եթե մինչեւ երեկո պատրաստ էր իրավական բոլոր հարթակներում պաշտպանել դաշինքի շահերը, ապա ինչո՞ւ այսօր չի ցանկանում այդ պայքարը շարունակել արդեն Ազգային ժողովում, երբ խորհրդարան գնալն արդարացնողներից մեկն էլ հենց նա էր։
Նույնքան հետաքրքրական է Լիլիա Շուշանյանի պատմությունը։ Նա մինչեւ Սամվել Կարապետյանի թիմին միանալը, պաշտոն էր զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ լինելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար։ Պաշտոնից հեռացավ պատերազմից հետո, հետո դարձավ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ, իսկ այսօր հրաժարվում է ընդդիմադիր պատգամավոր լինելու հնարավորությունից։ Քաղաքական նման կտրուկ շրջադարձները, իհարկե, նորություն չեն հայկական իրականության մեջ, բայց դրանք միշտ հարցեր են առաջացնում։
Առանձին պատմություն է Ավետիս Առաքելյանի հրաժարումը։ Գյումրու փոխքաղաքապետը, որը նաեւ կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, ըստ էության, ընտրել է տեղական իշխանությունում մնալը։ Այսինքն՝ խորհրդարանի մանդատը նրա համար առաջնահերթություն չդարձավ։
Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ հենց Սամվել Կարապետյանն էր ընտրություններից առաջ հայտարարում, թե գնում են մինչեւ վերջ, պայքարելու են, իշխանությանը չեն զիջելու։ Սակայն այսօր ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատելու պատրաստակամությունը շատերի մոտ ավելին էր, քան այն ամպագոռգոռ խոստումները, որոնք լսել է հանրությունը նախընտրական շրջանում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

