Կա՛մ դիմումդ գրի, գնա՛, կա՛մ վաստակածդ քֆուրը կեր. Արտակ Արամյան. տեսանյութ
Տեսանյութեր«ՀԻՄԱ ԷԼ Ո՛Չ ՃԱԽՐԱՆՔԸ ԿԱ, Ո՛Չ ԱՆՎԵՀԵՐԸ»
«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք երգիչ-երգահան, գուսան ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԻՆ:
— Դուք ունեք գուսանի կոչում: Կխնդրեմ պատմեք այդ մասին՝ ո՞վ է այդ կոչումը շնորհել Ձեզ եւ գուսան կոչվելու համար ինչպիսի չափանիշներ են հաշվի առնվում:
— Գուսանի կոչումն ինձ շնորհել է գուսան Հայկազունը: Ինքը դրա իրավասությունն ունի: 8 տարեկանից եմ երաժիշտ՝ ջութակահար եմ։ Ժամանակին լավ կլարնետ եմ նվագել, հիմա չեմ նվագում։
— Ձեր երգերը կատարել են նաեւ շատ հայտնի երգիչներ: Ի դեպ, բոլորովին վերջերս իմացա, որ «Մի գնա» երգի հեղինակը Դուք եք, որը շատ հայտնի է ու սիրված շատերի կողմից։
— Այո, «Մի գնա» երգի հեղինակը ես եմ, որը կատարում են Սպիտակցի Հայկոն եւ Սուպեր Սաքոն: Երգը մարդու նման ճակատագիր ունի: Այդ երգն էլ իմ դեսպանն է։
— Իսկ ինձ համար Ձեր դեսպանը «Ամոթս» երգն է:
— Դեսպանս կարող է «Մի գնա»-ն լինել, բայց այցեքարտս մինչեւ 2020 թվականը «Հայոց սպաներն» էր։ 2020 թվականից հետո այդ երգն ամաչում եմ նույնիսկ երգել։ Վերջերս առիթ եղավ, չերգեցի: Դե երգի տեքստում ասում եմ՝ ճախրում եք անվեհեր։ Հիմա էլ ո՛չ ճախրանքը կա, ո՛չ անվեհերը: Հիմա կան աշխատավարձ ստացող մարդիկ՝ հայրենիքի հետ աղերս չունեցող, համազգեստին դավաճան։ Ու թող ինձ ոչ մեկը չասի՝ ախպեր, սենց չի, նենց է, այդպես չէ՞, ուրեմն՝ դիմումդ գրի, գնա՛։ Իսկ եթե այդպես է, վաստակածդ քֆուրը կեր։ Շա՞տ կոպիտ եմ:
— Պարոն Արամյան, շատ անկեղծ եք...
— Գիտեք, եվրոպացիներից մի շատ լավ բան կարելի է վերցնել՝ հիվանդի դիագնոզը երեսին ասում են։ Մենք փոքրուց տանը թոքաբորբով հիվանդ երեխային ասում ենք՝ բալիկ բան, թոքաբորբ չկա, նշիկներդ են, հարբուխ ես: Այսինքն, մեր կյանքը կառուցվում է ստի վրա։ Հիվանդը պիտի իմանա իր հիվանդության մասին, որ պայքարի դրա դեմ։ Ես այսօրվա սպային ասում եմ՝ ամոթ քեզ, թող ինքը մտածի ինչի համար ամոթ: Ես իր առջեւ չեմ խոնարհվում։ Պայմանագրային զինծառայողն ինձ համար հայրենյաց պաշտպան չէ։ Ինքն ատեստավորված փող ստացող է։ Հայրենյաց պաշտպանը ժամկետայինն է, որին սխալ ուղով են տանում:
— Ի՞նչ կփոխեիք։
— Բանակից գալու, բանակ գնալու կարգը։ Ծաղիկներով մամային դիմավորելու կամ բեմադրված այդ միջոցառման փոխարեն՝ ամեն զորացրված թող գնա մեր Եռաբլուր, նոր մտնի տուն։ Ինչքա՞ն մամա սպասեց ծաղիկի։ Ի դեպ, հիմա որսորդը զինվորից չի տարբերվում, որովհետեւ նույն համազգեստն են կրում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

