Քանի դեռ քաղաքական թիմը չունի դիրքորոշում, ես չեմ կարող իմ առանձին դիրքորոշումը ներկայացնել. Ասլանյան
Ներքաղաքական«Եվրասիական Ալյանս» նախաձեռնությունը ԿԸՀ է ներկայացրել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագիծ, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները, ինչպես նաեւ լուծի առկա տնտեսական խնդիրները: Այն միտված է նրան, որ Եվրոպական միության հետ ինտեգրացիայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունած՝ 2025 թվականի օրենքը, չհանգեցնի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն:
Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքով պատգամավորի մանդատ ստացած Վանաձորի նախկին քաղաքապետ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե նման աշխարհաքաղաքական ռեզոնանս առաջացնող թեմային՝առանց ծանոթանալու, չի կարող պատասխանել:
«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Դուք զանգել եւ հարց եք տալիս մի բանի վերաբերյալ, որը մեծ գեոպոլիտիկ նշանակություն ունի եւ առանց ուսումնասիրելու, չեմ կարող պատասխանել: Կամ ես ի՞նչ կարգավիճակով միանամ, ի՞նչ կարգավիճակով չմիանամ։ Նախ՝ ես այսօր ներկայացնում եմ քաղաքական թիմ: Քաղաքական դիրքորոշումներից ելնելով են նման հարցերին պատասխանում, իսկ որպես ֆիզիկական անձ՝ չեմ պատասխանի: Քանի դեռ քաղաքական թիմը չունի դիրքորոշում, ես չեմ կարող իմ առանձին դիրքորոշումը՝ լավ կամ վատ առումով ներկայացնել»,-ասաց Ասլանյանը։
Նման արձագանքից հետո՝ մեզ մնում է Մամիկոն Ասլանյանին հիշեցնել, որ պատգամավորն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով խղճով եւ համոզմունքներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ որեւէ հրամայական մանդատով կամ ցուցումով ու պաշտոնապես ծառայում է ժողովրդին՝ գործելով ազատորեն ու անկախ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

