Եվրոպացիների խոստացած ապագան դեռ չեկած՝ սկսել է թունավորել
ՎերլուծությունԹերթի շապիկի վրայի կոլաժում տեղ գտած կնոջը դեմքով քչերը գիտեն, մինչդեռ նրան ու իր ազգուտակին պարբերաբար յուրաքանչյուր ընտանիքում հիշում են, երբ հերթական ջրանջատումներն են լինում։ Այո՛, նա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանինն է, ում ղեկավարած հիմնարկն իսկական խայտառակություն է ու պատուհաս հայ ժողովրդի գլխին։
Հիշեցնենք, որ «Վեոլիան» ֆրանսիական միջազգային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում։ Այն աշխարհի բազմաթիվ երկրներում զբաղվում է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների եւ էներգետիկ ծառայությունների կառավարմամբ։ Իսկ Հայաստանում նրանց գործունեության արդյունքը հարյուրավոր հայցերն են դատարանում եւ ջրի որակի անկումը։
Այսպիսով՝ տարբեր բնակավայրերից պարբերաբար ջրի նմուշառումներ են արվել, եւ փորձաքննություններ անցկացվել, եւ պարզվել է, որ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Այս մասին ահազանգում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արին Բերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում եւ մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշն Առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռեւս գործող ցուցանիշը սկսել է գերազանցել կամ հենց սահմանագծի վրա է։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան եւ վիճարկել ամբողջ գործընթացը, ինչը եւ առաջարկում եմ անել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը։
Ահա սա է եվրոպացիների կողմից Հայաստանին խոստացված բարձր տեխնոլոգիական առաջընթացը։ Չնայած՝ ի՞նչ սպասել ջրի որակից, երբ անգամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանն են մարդիկ թունավորվում՝ դեռեւս անհայտ պատճառներով։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է տեղեկությունները, որ հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին:
«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։
ԻՍԿ ԵՎՐՈՊԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԼՈՒՌ ԵՆ
Եվ այսքանից հետո՝ փոխանակ գոնե հայկական ջուրը փրկել ֆրանսիացիներից եւ այն ազգայնացնել, հայաստանյան իշխանությունը զբաղված է նախ ՀԷՑ-ը, ապա «Արարատցեմենտ»-ի գործարանը սեփականատերերից խլելով։ Իսկ եվրոպասեր քաղաքական գործիչները լուռ են` ո՛չ տեսել են, ո՛չ լսել։
Ընդհանրապես, հատկանշական է, որ այն, ինչ հանձնվում է Եվրոպայի կառավարմանը՝ վերջում կա՛մ թունավոր է դառնում, կա՛մ՝ անորակ։ Տպավորություն է, որ գալիս են այստեղ փորձարկումներ են անում, բայց լավագույն փորձը կիրառում են իրենց երկրներում։ Արդյունքում ստացվում է, որ իրենց տված արտեզյան ջուրը ՀՀ քաղաքացին պիտի խմի ու «ուխայ» ասի, թունավոր ֆուրշետն էլ ուտի՝ «մեղսի» ասի։ Բայց երբ հայկական ծիրանը զոռով ԵԱՏՄ տարածքից տանում են Եվրոպա, փնթփնթում են, թե փչացած է։ Իտալիայի օրինակը վկա։ Էհ, փչացած է, կուտը կերեք, մենք ձեր տված կտերը տարիներով ենք կերել։
Ի դեպ, այս ամենի վերաբերյալ, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է անհաղորդ մնալ։ Դե գլուխները խառն էր, մանդատներ էին վերցնում։ Իսկ թե ովքեր են վերցնում, սա էլ մի առանձին կուրիոզ է։
Մարդիկ նայում են այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ցուցակը, գտնում իրենց համոզմունքներին, քաղաքական հայացքներին ավելի մոտ դեմքերի եւ կատարում իրենց ընտրությունը։ Ավելին՝ քվեաթերթիկներում նույնիսկ նշված են առաջին եռյակի անունները։ Բայց երբ գալիս է մանդատները վերցնելու ժամանակը, պարզվում է՝ լրիվ անծանոթ դեմքեր դարձել են պատգամավոր։ Սովորական խաբեություն։ Եվ այդպես վարվեցին խորհրդարան անցած, այսպես կոչված, ընդդիմադիր երկու ուժերն էլ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը մանդատը չվերցրեց։ Նա հուզիչ ու երկար տեքստ էր պատրաստել, թե ինչու մանդատ չի վերցնում, բայց ինչու է մնալու նույն ուժի կողքին։ Հարց է առաջանում՝ եթե դեմ է Մելոյանը մանդատները վերցնելու իբրեւ մարտավարությանը, ապա էլ ինչ գործ ունի այդ քաղաքական ուժի կողքին, որոնք մի քանի մանդատի համար մոռացան, թե ինչու էին մտել ընդհանրապես քաղաքականություն։ Իսկ եթե զուտ ընդդիմադիր պատգամավոր աշխատելու գլխացավանքից է փախչում, սա էլ մի ուրիշ աբսուրդ է։ Բա ի՞նչ էր ակնկալում Մելոյանը, որ հեսա-հեսա Սամվել Կարապետյանն իր նորաթուխ թիմով դառնալու է իշխանություն, ինքն էլ՝ որպես 3-րդ համար, օրինակ, լինելու է ԱԺ նախագա՞հը։
Նույնն էլ կարելի է ասել «Հայաստան» դաշինքի մասին, արդեն երկրորդ անգամ նախընտրական ցուցակում ընտրազանգվածին ցույց են տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը, բայց խորհրդարանում հայտնվում է, ասենք, Աղվան Վարդանյանը, որին անգամ թիմակիցները չեն հանդուրժում։
ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Ինչեւէ, այլեւս փաստ է, որ որեւէ մեկին Ազգային ժողովը եւ թարմ-թարմ մանդատները վերցրած պատգամավորները հետաքրքիր չեն՝ ի՞նչ ուժեր են ներկայացնում, ի՞նչ են ասում։ Եվ ահա բացը, որն առկա է քաղաքական դաշտում, գալիս է լրացնելու «Եվրասիական Ալյանսը», որը, լինելով քաղաքացիական նախաձեռնություն, արդեն իսկ խառնել է բոլորի խաղաքարտերն ու քաղաքական օրակարգ թելադրելու հայտ է ներկայացրել։
Առաջիկա օգոստոսի 3-ից մեկնարկելու է նախաձեռնության ամենապատասխանատու փուլը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե նշանակելու պահանջով ստորագրահավաքը։ Օրենքով նախատեսված երկու ամսվա ընթացքում անհրաժեշտ է հավաքել 200 հազար ստորագրություն, որպեսզի հանրաքվեի հարցը մտնի իրավական ընթացակարգի մեջ։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ հանրաքվեի գլխավոր նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չկարողանա ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կհակասեն Եվրասիական տնտեսական միությունում երկրի անդամակցությանը եւ կարող են հանգեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Սա, ըստ էության, առաջին լայնածավալ քաղաքական գործընթացն է վերջին տարիներին, որը հանրությանը առաջարկում է ոչ թե հերթական իշխանափոխության խոստում, այլ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության շուրջ ուղիղ ժողովրդական կամարտահայտություն։ Ու հենց այստեղ է, որ հույսեր են արթնանում, որ կարող է ձեւավորվել նոր ընդդիմադիր բեւեռ։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է սահմանափակվել հայտարարություններով եւ խորհրդարանական ելույթներով, օդում կրակող, բայց իրականության հետ աղերս չունեցող խոստումներով, ապա «Եվրասիական Ալյանսը» փորձում է քաղաքական պայքարը տեղափոխել հանրային հարթակ՝ քաղաքացիներին ներգրավելով իրական քաղաքական գործընթացի մեջ։
Հենց այս համատեքստում ուշագրավ է ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը։ Նա տեղեկացնում է, որ այժմ ձեւավորվում է հանրաքվեի համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է թե՛ ստորագրահավաքի կազմակերպմամբ, թե՛ լայնածավալ քարոզչական աշխատանքներով։ Նա կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, ինչպես նաեւ արտադրողներին եւ արտահանողներին միանալ «Եվրասիական Ալյանսին» եւ ներգրավվել նախաձեռնության աշխատանքներում։
Բաբուխանյանի կոչն ուղղված է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքներին։ Կարձագանքե՞ն, կմիանա՞ն նախաձեռնությանը, ցույց կտա ժամանակը եւ նաեւ այս ուժերի իրական նպատակները։ Ի վերջո, սա մի նախաձեռնություն է, որը կանգնելու է ձուկ, ծաղիկ ու պտուղ-բանջարեղեն արտահանողների կողքին, բոլոր այն քաղաքացիների կողքին, որոնք այսօր հայտնվել են անելանելի վիճակում ու մնացել են մենակ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

