Գեղամ Մանուկյանը տեղյակ չէր
ՆերքաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ Սահմանադրության մեջ։
Հանրաքվեի նախագիծը գրանցման է հանձնել նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության կողմից ձեւավորված «Եվրասիական Ալյանս» անվամբ նախաձեռնությունը։ Սահմանադրության մեջ լրացում կատարելու նպատակն է չեզոքացնել եւ կանխել 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական եւ սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ եւ ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետեւանքով։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է օգոստոսի 3-ից սկսած՝ երկու ամսվա ընթացքում, հավաքել 200.000 ստորագրություն, որի արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է նշանակվի հանրաքվե:
Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Թե արդյոք կմիանան նախաձեռնությանը, Մանուկյանը հրաժարվեց պատասխանել կամ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ տեղեկացված չէր։ Ասաց, որ դիրքորոշում կհայտնի այն ժամանակ, երբ պաշտոնապես կդիմեն ՀՅԴ-ին, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքին:
«Երբ գրավոր կներկայացնեն, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ընդգծեց նա։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

