Ըստ Էդգար Ղազարյանի` ԵՄ-ին անդամակցելու խնդիր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա
ՆերքաղաքականԱյլեւս հայտնի են այն անունները, ովքեր վերցրին Ազգային ժողովի նոր գումարման պատգամավորական մանդատները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատեց 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման եւ մանդատների տրամադրման արձանագրությունը։
«Իրավունք»-ը զրուցել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ՝ պարզելու, թե ինչպես է նա տեսնում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունն այս փուլում։ Ինչպես նաեւ անդրադարձել ենք «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության ԿԸՀ ներկայացրած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագծին, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները։
— «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի բացվեն ճանապարհները, Հայաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ Ռուսաստանի հետ, ինչպես եղել է տարիներ ի վեր։ Եվ վերջապես՝ որպեսզի հայ արտահանողը կարողանա առաջվա նման իր բերքն ո արտադրանքը արտահանել ՌԴ: Ի՞նչ կասեք այս մասին։
— Անկեղծ ասած, տեղյակ չեմ նախաձեռնությունից: Որ ժամանակ տաք, գոնե ծանոթանամ հիմքերին եւ հանրաքվեի մասին օրենքի հետ կարգավորումներին, այդ ժամանակ կարող եմ պատասխանել:
Ես մի բան գիտեմ, որ Եվրոպական միությանը անդամակցելու խնդիր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք չի եղել եւ հիմա էլ չկա, որովհետեւ այս պահին գործում է դեռեւս 2020 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ անդամակցության խնդիր դրված չէ: Այսինքն, նման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առհասարակ չկա։
Հիմա չգիտեմ՝ այդ նախաձեռնության նպատակը, իմաստը ո՞րն է՝ այն դեպքում, երբ նման խնդիր գոյություն չունի։ Դրա համար ոչ մի հանրաքվե պետք չէ: Տնտեսական եւ սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ եւ ԵԱՏՄ մաքսային կարգավորումների խոչընդոտները լուծելու համար, նախ անհրաժեշտ է այն ստեղծած մարդկանց՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր խմբակին հեռացնել իշխանությունից, որովհետեւ ադ խոչընդոտները առաջացել են իրենց անմիտ քաղաքականության հետեւանքով: Նման խնդիրներն առաջացել են Նիկոլ Փաշինյանի արկածախնդրություններից։ Այնպես որ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո մեր ապրանքը ռուսական շուկա կվերադառնա մեկ օրում։
— Դուք ինչպես՞ եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը: Արդյոք հնարավոր կլինի մանդատները վերցնելուց հետո դա իրականացնել։
— Մանդատները միակ հնարավորությունն է` իրեն հեռացնելու: Եթե մանդատները մենք չվերցնեինք, ապա խորհրդարանը կլիներ ընդամենը մեկ խմբակցությունից կազմած՝ ՔՊ խմբակցությունից։ Ու հինգ տարի անհնար կլիներ նրան իշխանությունից հեռացնելու գործընթացը: Մանդատները հնարավորություն են տալիս` նման գործընթացներ սկսելու ու իրականացնելու Ազգային ժողովում։
— Ինչպե՞ս եք այդ գործընթացի հաջորդականությունը պատկերացնում:
— Օրինակ, Ազգային ժողովը կարող է կառավարության գործունեությանը հավանություն չտալ, եւ դա վարչապետին հրաժարականի հիմք կհանդիսանա: Ազգային ժողովը կարող է կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերել: Վարչապետի հրաժարականի դեպքում ԱԺ խմբակցությունները իրավունք ունեն առաջադրել վարչապետին թեկնածու: Իսկ եթե Ազգային ժողովում նման խմբակցություններ չլինեն, ընդդիմադիր պատգամավորներ չլինեն, դա կլինի անհնար։ Հիմա մնում է հասկանալ, թե այդ հնարավորությունը երբ կունենան կենսունակություն։ Այդ կենսունակությունը պետք է լինի հասարակական լայն աջակցության պայմաններում։
— Հասարակ հաշվարկ է. ի՞նչ եք կարծում, ընդդիմության ձայների քանակը կբավականացնի՞, որպեսզի ստեղծի այն իրավիճակը, որը Դուք նկարագրեցիք։
— Իրավացի եք, դա մաթեմատիկա է, եւ լավ հասկանում ենք, որ հնարավոր չէ ընդդիմության քանակով իրականացնել նրա հեռացումը, բայց Ազգային ժողովում նման որոշումները կայացնում են ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այսինքն՝ ոչ թե խմբակցությունները, այլ առանձին վերցրած պատգամավորներ: Ցանկացած պահի պատգամավորն իրավունք ունի արտահայտելու դիրքորոշում։
Հիշենք, թե ինչպես 2018 թ. Ազգային ժողովի խմբակցության ձայների քանակը բավարար չէր, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվեր վարչապետ, բայց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը՝ բացառությամբ մի պատգամավորի եւ «Հանրապետական» խմբակցությունից 11 պատգամավոր կողմ քվեարկեցին, ու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Հիմա, 2018 թվականի հունվարի դրությամբ, Ձեր ասելով, դա պիտի հնարավոր չլիներ, բայց մայիսի դրությամբ, ինչպես տեսանք, դա հնարավոր եղավ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

