Իրանական ազգայնականները նորից ակնարկում են ներքին դավաճանության մասին
ՎերլուծությունԹեեւ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ծանր հարվածների փոխանակումն ընթանում է ամենօրյա ռիժիմով, սակայն հայտարարությունը, որը նախօրեին հնչեցրեց Թրամփը, այս ֆոնին բավականին տարօրինակ տեսք ունի: Այսպես, ըստ մի շարք աղբյուրների, ԱՄՆ նախագահը դիմել է Պարսից ծոցի երկրներին` հայտնելով. «Եթե այս շաբաթվա ընթացքում հրադադար չհաստատվի, պատրաստ եղեք Իրանի հետ լարվածության աճի»:
Մի կողմ թողնենք նույն ԱՄՆ նախագահի կողմից ավելի վաղ արված հայտարարությունները, թե` ոչ մի հրադադար, Իրանը պետք է ոչնչացվի` կենտրոնանալով այդ հայտարարության տողատակային իմաստի վրա: «Եթե այս շաբաթվա ընթացքում հրադադար չհաստատվի» միտքը մեկ բան է նշանակում` կա որոշակի բանակցային գործընթաց, որը կհանգեցնի կամ չի հանգեցնի հրադադարի: Միայն թե, Թրամփի այդ հայտարարության ժամանակ որեւէ բանակցության մասին խոսք անգամ չկար: Բայց ահա, հազիվ էր այդ հայտարարությունը հնչել, որ իրանական պատվիրակությունը մեկնեց Իսլամաբադ: Իսկ դա Թրամփի հայտարարությանը նման տեսք է տալիս. դա ոչ թե փաստի արձանագրում էր, այլ` բանակցության հրավեր, որից Իրանն օգտվեց:
Բայց ահա այդ փաստը, որ իրանական պատվիրակությունը Թրամփի առաջին իսկ կոչով մեկնում է բանակցելու, այլ նրբերանգներ ի հայտ բերեց: Այսպես, իրանական ազգայնական թեւը ներկայացնող փորձագիտական աղբյուրը նման պատկեր է նկարագրում. «Մինչ Իրանի ենթակառուցվածքները ենթարկվում են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից զանգվածային եւ անարդար ռմբակոծության, իսկ Իրանը հակադարձում է, նաեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն կրկին հայտնվում է ավելի խոցելի դիրքում ու կորցնում է էսկալացիայի վերահսկողությունը: Արդյունքում, թեեւ թշնամու գործնական կարողությունները արագորեն նվազում են, իրանական բանակցությունների կողմնակից քաղաքական ճամբարը, արձագանքելով Դոնալդ Թրամփի հրադադարի կոչին, շտապեց Իսլամաբադ»:
Իմաստը կարելի է կռահել: ԱՄՆ-ն արդեն որերորդ անգամ բանակցությունների անվան տակ խաբում է Իրանին, ավելի ճիշտ`Փեզեշկիանի գլխավորած Իրանի քաղաքական իշխանություններին: Ավելին, թեեւ այդ բանակցությունենրը հասան փաստաթուղթ ստորագրելու մակարդակին, բայց փաստը, որ ԱՄՆ-ն այս պահին էլ հետեւողականորեն կրակի տակ է պահում Իրանը, գալիս է հաստատելու իրանական ազգայնական թեւի ենթադրությունները, որ Վաշինգտոնի հետ հնարավոր չէ որեւէ ռեալ պայմանավորվածության գալ. կխախտի հենց այն պահին, երբ իրեն ձեռնտու կթվա: Եվ այս տրամաբանության ֆոնին, իրոք անհասկանալի է մնում, թե իրանական քաղաքական թեւը, որը հանդես է գալիս որպես ռեֆորմիստական, ի՞նչ սպասելիքներ ունի ԱՄՆ–ից, ո՞րն է երաշխիքը, որ Թրամփը նորից երկար-բարակ չի բանակցելու, որին կհետեւի նոր հարվածը:
Իսկ թե ինչու է Թրամփը պարբերաբար գնում բանակցությունների, իրանական հիշատակված աղբյուրի խոսքից կարելի է հասկանալ. «Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Իրանի գերագույն առաջնորդը դեմ է նման բանակցություններին, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ին լուծել տարբեր ճգնաժամեր, այդ թվում՝ վառելիքի գների աճը։ Սակայն, չնայած դրան, Թրամփը հենց նոր առաջարկ արեց, հաջորդ օրը այս քաղաքական ճամբարի ներկայացուցիչները վազեցին Պակիստան՝ մի երկիր, որն ընդամենը մի քանի օր առաջ սպառնացել էր Իրանին եւ կոչ էր արել դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը»:
Սա, իհարկե, հստակ ակնարկ է, որ Իրանում ռեֆորմիստական ուղղվածության քաղաքական իշխանությունների եւ ազգայնական թեւի հարաբերությունները հետեւողականորեն սրվում են` մոտենալով այն կետին, որտեղ բախումն անխուսափելի է: Չնայած, ուժային լծակները շարունակում են մնալ այաթոլլաների պահպանողական համակարգի ձեռքին, եւ Փեզեշկիանի թիմը, որին արդեն ավելի ու ավելի բացահայտ են մեղադրում ԱՄՆ-ի եւ այլ շահերի օգտին խաղալու մեջ, գոնե այս փուլում էական շանսեր չունի: Բայց սա դեռ հարցի մի կողմն է:
Մեդալի մյուս երեսն էլ այն է, թե ինչու Թրամփին նորից պետք եկան բանակցությունները: Ներկա պահին կա նման ռազմական պատկեր: Մի կողմից, ԱՄՆ-ն շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրանին: Սակայն թե դրանից ինչ է ստանում, դա արդեն հարց է: Հորմուզի նեղուցը, չնայած Թրամփի բազում խոստումներին, մնում է փակ, որի արդյունքում նավթի համաշխարհային գները մոտեցել են 100 դոլար/բարելի սահմանագծին: Մյուս կողմից, հուսիթները հայտարարեցին, որ սկսում են Սաուդյան Արաբիայի բլոկադան: Այն է, այդ երկրի եւ այդ երկիր մուտք ու ելք ունեցող բոլոր նավերը կխոցվեն: Սաուդյան Արաբիան ներկա պահին էապես նվազեցրել է Հորմուզի նեղուցով փոխադրումները` իր նավթի հիմնական մասը խողովակաշարերով ուղղելով Կարմիր ծովի նավահանգիստներ: Դրա հաշվին նավթի համաշխարհային շուկաներում մեծ պայթյուններից այսքան ժամանակ հնարավոր եղավ խուսափել, եւ ահա, հայտարարելով Սաուդյան Արաբիայի բլոկադայի մասին, հուսիթները հենց Կարմիր ծով տարվող նավթը նկատի ունեն: Ընդ որում, բավարար է մի քանի տանկերի խոցումը, հնարավորությունը հուսիթներն ունեն, համաշխարհային շուկաներում կարող են առաջանալ եւս օրական 4–5 միլիոն բարել նավթի դեֆիցիտ, որը գները կարող է հասցնել առնվազն 150 դոլարի սահմանագծին: Այսինքն, եթե բան չփոխվի, մոտական օրերին հենց այդ իրողությունն էլ համաշխարհային տնտեսությունում ծայրահեղ սուր նոր իրավիճակ է առաջացնելու:
Բացի այդ, վերջին օրերին անգամ ամերիկյան լրատվամիջոցներն են հաստատում, որ Պենտագոնը թաքցնում է իրանական հարվածներից սպանված եւ վիրավորված զինվորականների եւ այլ կորուստների իրական թիվը: Ու եթե կորուստներն իրոք մեծ են, եւ դա արդեն դժվար է թաքցնել, ապա Թրամփին ներամերիկյան հարթակում շատ լուրջ անախորժություններ են սպասում:
Եթե ավելացնենք նաեւ, որ այս վերջին հարվածները շարունակում են հետեւողականորեն սպառել ԱՄն-ի առանց այդ էլ նկատելիորեն պակասած զինանոցը, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Թրամփին նորից պետք եղավ հրադադար:
Ըստ այդմ էլ, պատահական չէ, որ Թրամփին պետք եկածն Իրանի ռեֆորմիստական իշխանությունների կողմից տալը ազգայնական թեւը գնահատում է որպես սովորական դավաճանություն: Այսինքն, որ Իրանում որոշակի ներքին հանգուցալուծումներ մոտ ժամանակներս լինելու են, դա հաստատ է:
Այլ բան, որ անգամ ներիրանական այդ կարգի թեմաները Թրամփի հիմնական խնդիրները չեն լուծում: Այն է` պատերազմը մնում է անհաջող ընթացքի մեջ: Ի՞նչ պետք է անել այդ վիճակում:

