Եվրոպական երազանքներից մինչեւ տխուր իրականություն
ՎերլուծությունՕրերս բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ Հայաստանում: Այն թեեւ առաջին պլան չեկավ, սակայն կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին կարող է վերածվել հիմնական օրակարգի:
ԴԵՊԻ ԵՄ, ԹԵ` ԵԱՏՄ
Խոսքը ԿԸՀ–ի կողմից «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության ձեռնարկած` ՀՀ Սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաքի անցկացման գրանցման մասին է: Պաշտոնական տեսքով այն նախատեսում է հավաքել երկու հազար ստորագրություն, որը ԿԸՀ-ին պարտադրում է, առանց ԱԺ որոշման, նշանակել հանրաքվե Սահմանադրությունում նման դրույթ ավելացնելու համար` «Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված եւ գործող օրենքներին եւ միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ եւ միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել եւ վավերացվել»: Իսկ ավելի պարզ, այն կարելի է անվանել դեպի ԵՄ, թե` ԵԱՏՄ հայտնի հարցադրման հետ կապված հանրաքվե:
Ըստ էության, խոսքն այն հանրաքվեի մասին է, որը Ռուսաստանի նախաձեռնությամբ, ԵԱՏՄ առաջնորդները դեռ մայիսի վերջերին պահանջեցին Փաշինյանին իրականացնել` ժամկետ սահմանելով մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջ: Նիկոլը նման հանրաքվե կազմակերպելու նշաններ այդպես էլ ցույց չի տալիս: Ու այդ ֆոնին, իհարկե, առաջին հայացքից տարօրինակ էր, որ ԿԸՀ–ն գրանցեց նման հանրաքվեի անցկացման հիշատակված նախաձեռնությունը: Իհարկե, կարելի է ասել, թե ԿԸՀ-ն այլ տարբերակ չուներ. եթե նախաձեռնությունն իրականացվում է օրենքին համապատասխան, բա ի՞նչ պետք է աներ, որ այն չգրանցեր: Բայց մյուս կողմից էլ, եթե պետք լիներ, չէր գրանցի: Բավական է միայն հիշել, որ մեր «հարազատ» ԿԸՀ–ն հաջողացրեց անգամ այնպիսի տրյուկ իրականացնել, ինչպես խորհրդարանից ԲՀԿ-ին դուրս թողնելը: Իսկ դրանից հետո ինչ-որ նախաձեռնություն մերժելն այդ ի՞նչ մի մեծ բան էր:
Ու չնայած դրան, կրկնենք, ԿԸՀ–ն այդ նախաձեռնությունը գրանցեց: Իհարկե, այդ կառույցի գործող ղեկավարն այն տրամաչափը չունի, որ ինքնուրույն նման հարցեր լուծի: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ գրանցման «դաբրոն» գալիս է Փաշինյանից. շատ նման է դրան: Բայց ստանում ենք տարօրինակ վիճակ. եթե նա անգամ Մոսկվայի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելու պարագայում խուսափում էր ԵՄ կամ ԵԱՏՄ թեմայով հանրաքվեից, նշանակում է, որ «տակից» այլ մոտեցո՞ւմ է դրսեւորում:
Չնայած, եթե խորը նայենք, այստեղ հակասություն չկա: Այսինքն, տրամաբանորեն նման նախաձեռնությունը Նիկոլի համար ոչ թե մերժելի էր, այլ պետք է, որ նրան բուռն ուրախություն պատճառեր: Հաշվի առնելով, որ դրա հաշվին նա միանգամայն լուրջ մանեւրականություն է ստանում:
Նախ, դեպի ԵՄ կամ ԵԱՏՄ հանրաքվեն չկազմակերպելով, Նիկոլը թեեւ դեմ էր գնում ռուսներին, բայց կազմակերպելու դեպքում էլ դեմ է գնալու Արեւմուտքին: Եվրոպացիների պահանջը հասկանալի է` հայտարարում եք դեպի ԵՄ գնալու մասին, եւ` վերջ: Ըստ այդմ, որեւէ հանրաքվե կամ նման բան, որը կարող է խանգարել այդ ընթացքին, անթույլատրելի է: Մոսկվայի պահանջը եւս միանշանակ է. եթե հանրաքվեով դեպի ԵՄ հարցին ժողովուրդը տա դրական պատասխան, ապա լավ, ժողովրդի որոշումն է, կլինի «քաղաքակիրթ ամուսնալուծություն»: Բայց եթե ժողովուրդը շրջանցվում է, այն է` դեպի ԵՄ-ի որոշում է կայացվում բացառապես իշխող ուժի կողմից, որը, ի դեպ, ստացել է ընտրության մասնակցելու իրավունք ունեցող հատվածի ընդամենը մոտ 30 տոկոսի աջակցությունը, ուրեմն ոչ մի «քաղաքակիրթ ամուսնալուծության» չսպասեք: Ընդ որում, այդ երկկողմ ճնշումը, որն ուղղված է Նիկոլին, միանգամայն ծանր է, ու մեծ հարց կա, թե ինչի կարող է դա հասցնել: Ու հիմա ի՞նչ է ստացվում. կա դեպի ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվեի նախաձեռնությունը, եւ Նիկոլը ստանում է այդ երկու գերուժերի առաջ արդարանալու հնարավորություն: Եվրոպայի առաջ, թե օրենքի պահանջն էր, ինչպե՞ս կարող էի այդ նախաձեռնությունը մերժել: Մոսկվայի առաջ էլ, թե խնդրեմ, «դաբրոն» տվել եմ, թող հիմա տեսնենք, թե ինչ է լինելու:
Սրանից զատ, ստորագրահավաքի համար երկու ամիս է սահմանվում: Իսկ հետո, եթե դրական արդյունք լինի, մի որոշ ժամանակ էլ հանրաքվեի անցկացումը կպահանջի: Այսինքն, մի երեք-չորս ամիս Փաշինյանը ԵՄ թե ԵԱՏՄ թեմայի հետ կապված պաուզա է ստանում: Իսկ դա շատ կարեւոր ժամանակ է նրա համար: Երեք-չորս ամսում նախ կսկսի պարզ դառնալ, թե ինչ ընթացքի մեջ է իրանական պատերազմը, այսինքն, հնարավոր կլինի ավելի լավ կողմնորոշվել, թե դրա արդյունքներից կամ հնարավոր արդյունքներից ելնելով` ինչ կուրս պետք է պահել: Նույնը կարելի է ասել նաեւ ուկրաինական պատերազմի մասին: Ու դրանից զատ էլ, տեղի կունենան Պետդումայի ընտրությունները, պարզ կդառնա, թե Ռուսաստանում ինչ նոր քաղաքական համակարգ է ձեւավորվում, ինչ հնարավորություններով եւ պահանջներով: Դա եւս Նիկոլի համար շատ կարեւոր է ապագա քաղաքական կուրսի հարցում կողմնորոշվելու համար: Ու այսքանով հանդերձ, այս հանրաքվեի նախաձեռնության թեման կարող է խաղարկման մեջ դնել ինչպես Եվրոպայի, այնպես էլ` Մոսկվայի հետ կուլուարային շփումներում:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ
Իսկ մինչ նշված երեք-չորս ամիսն անցնի, Նիկոլն էլ իր հերթին կողմնորոշվելու խնդիր ունի դեպի ԵՄ, թե` ԵԱՏՄ թեմայով: Առավել եւս, որ այս գերխնդրի հետ կապված ներքին ճնշումները, ինչպես եւ սպասվում էր, արդեն սկսում են իրենց զգացնել տալ, եւ այդ էֆեկտը գնալով միայն աճում է:
Խոսքը ՌԴ–ի կողմից հայաստանյան ապրանքների արգելքի մասին է, որը ինչքան էլ, որ Փաշինյանը ընտրությունների փուլում խոստանում էր շատ արագ լուծել, սակայն հարցը ոչ միայն լուծված չէ, այլ արդեն սկսում են ամենամռայլ սպասելիքներն իրականություն դառնալ: Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հայաստանյան ծիրանի փորձնական խմբաքանակը փչացած վիճակում է հասել Եվրոպա` Իսպանիա, որը շատ լուրջ մտահոգություն է արտահանողների, ասենք նաեւ գյուղմթերք արտադրողների համար: Երեկ էլ դրան գումարվեց կառավարության մոտ ձկնաբույծների կազմակերպած բողոքի ակցիան: Ձկնաբույծները խոսում են այն խնդիրների մասին, ինչն ի սկզբանե ենթադրելի էր, եւ չնայած իշխանությունների խոստումներին, լուծման որեւէ նշան այդպես էլ չկա: Այն է` այս պահին ունեն մոտ 15 հազար տոննա ձկնամթերք, որը չեն կարողանում արտահանել ու չգիտեն` ինչ անեն: Իսկ արտահանման հետ կապված պատկերը, որը նկարագրում են ձկնաբույծները, առավել քան հասկանալի է: Կան բազում խնդիրներ` ձուկը Եվրոպա հասցնելու մասով: Կենդանի ձուկ հասցնելը գործնականում այս պահին կարող է անհնար լինել, իսկ սառեցնելու համար մեծ հավելյալ ծախսեր եւ ժամանակ է պետք: Բայց եթե անգամ ձուկը հասցնեն Եվրոպա, ապա այնտեղ վիճակը, ինչպես նկարագրեց ակցիայի մասնակիցը, հետեւյալն է` Եվրոպական շուկայում մենք մրցունակ չենք, եթե այս պահին այնտեղ ծովամթերքն ավելի էժան է, ինչո՞ւ պետք է գնեն իրենց անծանոթ հայկականը: Լավ, եթե անգամ ծանոթանան, էլի բան չի փոխվում. գնային իմաստով մնում են անմրցունակ: Իսկ եթե սառեցված ձուկ տանեն, ապա նախ գինն է էլ ավելի թանկանում, ապա Եվրոպան լցված է ամենատարբեր ձկնատեսակներով, եւ հայկականը միայն տարիների ընթացքում կարող է իր համար մի փոքրիկ սեկտոր գտնել: Ու ժամանակ էլ չկա. եթե այսպես մեկ-երկու ամիս էլ պարապուրդի մատնվեն, ապա մեծ հարց է, թե գործող ընկերություններից քանիսը կկարողանան դիմանալ: Եվ այդ դեպքում կփլուզվի ողջ համակարգը:
Կրկնենք, այս դեպքում արտահայտվում են ձկնաբույծները, երեկ ծիրանի խնդիրն էր, վաղը-մյուս օրը հերթը կհասնի մյուսներին: Ու ընդհանրական իմաստով պատկերը սա է. ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Ռուսաստանն էր դարձել մեր հիմնական շուկան: Նախ` այն մատչելի է ժամանակին ապրանքը տեղ հասցնելու առումով: Երկրորդը` այնտեղ, լավ թե վատ, ծանոթ են հայկական ապրանքին, եւ այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Հայաստանը Մոլդովա չէ, որը հենց ԵՄ-ի հարեւանությամբ է: Այսինքն, միայն լոգիստիկ ծախսերն արդեն իսկ մեր գյուղմթերքների հիմնական մասի համար եվրոպական շուկան դարձնում են անհասանելի: Սա արդեն քաղաքականություն չէ, այլ` աշխարհագրություն. հայկական ապրանքը Ռուսաստան կարող է հասնել մեկ-երկու օրում, Եվրոպա` լավագույն դեպքում մեկ շաբաթում: Այդ հավելյալ հինգ օրը բավական է, որ մեր ապրանքը լիովին կորցնի մրցունակությունը, անկախ այն բանից, թե հայաստանյան իշխանություններն ինչ կխոսեն Բրյուսելի հետ:
Ահա հենց այս աշխարհագրական փաստն է, որի առաջ այս պահին կանգնել է Փաշինյանը. եվրոպական շուկա ասվածը գեղեցիկ է հնչում, բայց գյուղմթերքների համար այն անհասանելի է, իսկ արդյունաբերական արտադրանք գործնականում չունես: Ընդ որում, եթե խնդիրը չլուծվի, ապա ձկնամթերք աճեցնողները, լոլիկ-վարունգ արտադրողները եւ մյուս բոլորը սկսելու են կառավարության դռները ծեծել ամենօրյա ռեժիմով: Ավելին, եթե այդ շուկաները «պայթեն», ապա նաեւ ողջ ժողովուրդն է ստիպված լինելու կառավարության դռները ծեծել: Այսինքն, արդեն մեկ-երկու ամսից եթե եղած խնդիրների լուծումները չգտնվեն, հետեւանքները միանշանակ դառնալու են չափազանց լուրջ:
Նման իրավիճակում, որքանո՞վ է Փաշինյանի համար հարմար դեպի ԵՄ թե` ԵԱՏՄ թեմայով հանրաքվելի նախաձեռնությունը. հարցն արդեն ամենեւին էլ հռետորական դաշտում չէ: Բայց մեկ է, անգամ դա սպասվող ճգնաժամային իրավիճակում լուծում չէ. պետք է հենց այս պահին նույն ձկնաբույծների համար շուկա գտնել, այլ ոչ թե հանրաքվեի մասով երեքչորս ամսանոց պաուզա գտնել: Թեեւ, եթե կա հանրաքվեի գործընթաց, ապա դա կարելի է օգտագործել, որ Մոսկվայից գոնե ժամանակավոր ներմուծման «դաբրո» ստանան. սա արդեն հնարավոր ելք է: Կկարողանա՞ Փաշինյանն այդ հնարավորությունից օգտվել, դա արդեն իր գիտենալու բանն է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69938

