Կիեւյան կամրջի աշխատանքների ավարտի ժամկետը փոխվել է
ՀասարակությունԻնչպես «Իրրավունք»-ին հայտնում է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Կիեւյան կամրջի աշխատանքների ավարտը 15 օրով կրճատվել է:
«Կիեւյան կամրջի աշխատանքները արագացված կերպով առաջ են գնում, եւ ավարտի ժամկետը փոխվել է: Այսինքն` նախատեսածից ավելի արագ են կատարվում շինաշխատանքները: Ըստ նախնական տվյալների` մոտավորապես օգոստոսի 15-ի կողմերը պետք է վերջացված լինեն աշխատանքները»,- փոխանցում է ավագանու ադամը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից հաղորդել էին, որ Կիեւյան կամրջի աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Սակայն, ըստ ավագանու, ամեն բան գնում է սպասվածից լավ եւ արագ: Հարցին, թե արդյո՞ք խցանումները կկրճատվեն կամրջի գործելուն պես, Սարգսյանը պատասխանեց, որ ամեն ինչից անկախ՝ կամրջի վերանորոգումը խիստ անհրաժետ էր. «Չսարքել հնարավոր չէր: Հիմա տարվա մեջ ամենահարմար ժամանակն է կամուրջը սարքելու համար, քանի որ բոլորն արձակուրդում են՝ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, շատերը գնում են հանգստանալու: Այսինքն՝ այս շրջանում ծանրաբեռնվածությունը, արձակուրդներով պայմանավորված, ավելի քիչ է, քան կլինի սեպտեմբերին»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

