Մոսկվայում ապրող հայությունը մեծ ջանք է գործադրում հայկականը պահպանելու համար. Հասմիկ Մարգարյան
Մշակութային«Իրավունք»-ը զրուցել է մոսկվաբնակ բանաստեղծ, մանկագիր, արձակագիր ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ (Ամարաս) հետ:
— Հասմիկ, քանի՞ տարի է, որ բնակվում եք Մոսկվայում:
— Արդեն երեք տարի է՝ ապրում եւ ստեղծագործում եմ Մոսկվայում։ Թեեւ այսօր իմ կյանքի ճանապարհը հայրենիքից հեռու է, իմ սիրտը, հոգին ու ստեղծագործությունը միշտ կապված են Հայաստանի հետ։ Հայաստանն ինձ համար պարզապես երկիր չէ։ Այն իմ մանկության, պատանեկության, իմ առաջին հիշողությունների ու երազանքների օրրանն է։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ Հայաստանը։ Ինչքան էլ հեռու լինեմ, երբեք չեմ կարող մոռանալ իմ ծննդավայրը, իմ արմատները, իմ հայ լինելը։ Միեւնույն ժամանակ, ես մեծ սիրով ու հարգանքով եմ վերաբերվում այն երկրին, որտեղ այսօր ապրում եմ։
— Առհասարակ, Մոսկվայում ինչպե՞ս են վերաբերվում հայ արվեստագետներիին:
— Իմ փորձով կարող եմ ասել, որ այստեղ հայերի նկատմամբ շատ ջերմ ու հարգալից վերաբերմունք կա։ Իհարկե, յուրաքանչյուր երկրում եւ յուրաքանչյուր ազգի մեջ կան տարբեր մարդիկ, բայց ես հավատում եմ, որ մարդուն առաջին հերթին գնահատում են իր մարդկային հատկանիշներով։ Եթե մարդը հարգում է երկրի օրենքները, չի խախտում դրանք, ապրում է բարությամբ ու հարգանքով, ապա նույն վերաբերմունքն էլ ստանում է շրջապատից։ Օրենքը բոլորի համար է, եւ աշխարհի ցանկացած երկրում այն խախտելու դեպքում մարդը պատասխանատվություն է կրում։
Ես ինքս աշխատում եմ մի միջավայրում, որտեղ հիմնականում ռուսներ են։ Ինձ այստեղ ընդունել են շատ սիրով, ջերմությամբ եւ հոգատարությամբ։ Երբեք չեմ զգացել, որ ինձ առանձնացնեն այն պատճառով, որ ես հայ եմ կամ այլ երկրից եմ եկել։ Վերաբերվում են որպես մարդու, որպես գործընկերոջ, եւ այդ վերաբերմունքն ինձ համար շատ թանկ է։ Ունեմ շատ ռուս, ինչպես նաեւ տարբեր ազգությունների ընկերներ։ Նրանք հարգում են Հայաստանը, հետաքրքրվում են մեր մշակույթով, սիրում են հայկական ավանդական ուտեստները, ցանկանում են այցելել Հայաստան եւ ճանաչել մեր երկիրը։ Իսկ ես իմ հերթին մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր ժողովուրդների մշակույթներին։
— Ընդունո՞ւմ եք այն հանգամանքը, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:
— Համոզված եմ՝ մշակույթը երբեք սահմաններ չի ճանաչում։ Մշակույթը չի հարցնում՝ դու որ երկրից ես, ինչ ազգության ես կամ ինչ լեզվով ես խոսում։ Մշակույթը մարդկանց միավորող ուժ է, եւ այն պետք է ճանաչել, սիրել ու հարգել։
— Մոսկվայում ապրող հայությունն ինչպե՞ս է պահում իր մշակոյթը եւ ինչպես է այն ներկայացնում ռուս հասարակությանը:
— Մոսկվայում ապրող հայությունը մեծ ջանք է գործադրում հայկականը պահպանելու համար։ Այստեղ կան հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ, պարի խմբեր, թատրոններ եւ այլն։ Ես բազմիցս մասնակցել եմ հայկական միջոցառումների եւ միշտ հիացել եմ այն նվիրումով, որով մարդիկ փորձում են պահպանել մեր լեզուն, ավանդույթներն ու ազգային արժեքները։ Ես նույնպես իմ ստեղծագործությամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի հայկական խոսքը, հայերենը եւ մեր մշակույթը բարձր մնան նաեւ օտար ափերում։ Ստեղծագործում եմ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, որովհետեւ հավատում եմ, որ արվեստը կարող է կամուրջ դառնալ ժողովուրդների միջեւ։
Ինձ համար մեծ պատիվ է եղել հանդիպել բազմաթիվ հայերի, ովքեր, ապրելով հայրենիքից հեռու, չեն կորցրել իրենց ինքնությունը։ Նրանք շարունակում են խոսել հայերեն, պահել հայկական ոգին եւ իրենց աշխատանքով ներկայացնել Հայաստանը։ Իմ ստեղծագործական ճանապարհին այցելել եմ նաեւ Բելառուսի գրողների միություն, որտեղ ինձ ընդունեցին մեծ սիրով ու ջերմությամբ։ Այդպիսի հանդիպումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրականությունն ու արվեստը մարդկանց միավորող ուժ ունեն։
Շատ եմ կարեւորում նաեւ հայ-ռուսական բարեկամությունը։ Այն դարերի պատմություն ունի եւ կառուցված է մարդկանց միջեւ եղած հարգանքի, բարեկամության եւ մշակութային կապերի վրա։ Համոզված եմ, որ հայ-ռուսական բարեկամությունը միշտ եղել է ամուր եւ միշտ էլ կմնա։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող խոչընդոտել այն անկեղծ կապերը, որոնք ձեւավորվել են երկու ժողովուրդների միջեւ։
— Հասմիկ, այնուհանդերձ, չե՞ք կարոտում Հայաստանը:
— Այն էլ ինչքան... Չնայած նրան, որ այսօր ապրում եմ Մոսկվայում, Հայաստանը միշտ կմնա իմ ամենամեծ սերը։ Իմ տունը, իմ արմատները, իմ հիշողությունները կապված են Հայաստանի հետ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

