Հայաստանը «Սլավյանսկի բազար»-ում. հատուկ մրցանակ 2026-ին եւ պատմական Գրան պրի՝ 2023-ին

Մշակութային

Բելառուսական քաղաք Վիտեբսկում կայացավ «Սլավյանսկի բազար-2026» մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթը: Հայաստանը հոբելյանական՝ թվով 35-րդ մրցույթին ներկայացնում էին Լիանա Դանիելյանը՝ որպես երիտասարդ կատարող, իսկ Ալեքսա Վարդանյանը՝ որպես մանկական կատարող:

ՈՎՔԵՐ ԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Մանկական կատարողների շարքում մրցույթի Գրան պրիին արժանացավ Բելառուսը ներկայացնող Ելիզավետա Ցուպրիկը, որը երկու մրցութային օրերի արդյունքներով հավաքել էր առավելագույն միավորներ։ Առաջին մրցանակը շնորհվեց Ռումինայի ներկայացուցիչ Լուչիա Բայկուին, երկրորդ մրցանակը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Ժասմինա Տուզելովային եւ Իսրայելի ներկայացուցիչ Կիրա Աբրամովին, իսկ երրորդ մրցանակը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերիա Շեւչենկոյին եւ Բուլղարիայի ներկայացուցիչ Ելիցա Մալակովային։

ԱՊՀ Գործադիր կոմիտեի «Համագործակցության բյուրեղյա նոտա» հատուկ մրցանակին արժանացավ մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսա Վարդանյանը։

Մրցանակը հանձնելով՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն նշեց, որ երաժշտությունն ու ստեղծագործությունը սահմաններ չեն ճանաչում։ Առավել եւս այդպիսի սահմաններ չկան Անկախ Պետությունների Համագործակցության ընդհանուր ստեղծագործական տարածքում։

«Սլավյանսկի բազար»-ում ծնվում են նոր անուններ, բացահայտվում են տաղանդներ, իսկ արվեստը, առանց թարգմանության, դառնում է մարդկանց միջեւ հաղորդակցության հասկանալի լեզու։ Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ այս մեծ եւ նշանակալի տոնի մի մասն են դարձել նաեւ ԱՊՀ երկրների երեխաների ելույթները»,– ընդգծեց Իգոր Պետրիշենկոն։

Նրա խոսքով՝ հենց երիտասարդ եւ պատանի կատարողների մրցույթներն են «Սլավյանսկի բազար»-ին հաղորդում առանձնահատուկ եւ անկրկնելի մթնոլորտ։ Մանկական մրցույթի յուրաքանչյուր ելույթ յուրովի բացառիկ էր, թողեց անմոռանալի տպավորություններ եւ դարձավ փառատոնի ծրագրի իսկական զարդը։

«Մանկական ստեղծագործությունն առանձնանում է, կարելի է ասել, «բյուրեղյա» անկեղծությամբ, զգացմունքների մաքրությամբ եւ այնպիսի էներգիայով, որն առանձնահատուկ կերպով հուզում է հանդիսատեսի սրտերը»,– ասաց ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։ Նա Ալեքսա Վարդանյանին մաղթեց, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեի մրցանակը դառնա նոր ձեռքբերումների խթան, որոնք անպայման կլինեն, իսկ մրցույթի բոլոր մասնակիցներին՝ վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ մեծ ստեղծագործական հաջողություններ։

Նշենք, որ Ալեքսա Վարդանյանը սովորում է Չայկովսկու անվան դպրոցում՝ 4-րդ դասարանում: Ուսմանը զուգահեռ 5 տարեկանից մասնագիտորեն զբաղվում է պարարվեստով (լատինաամերիկյան պարային ոճ) եւ վոկալով։ Մասնագիտական ուսուցման մեկնարկից մեկ տարի անց սկսել է ակտիվորեն հանդես գալ բեմում։ Պարբերաբար մասնակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պարային մրցույթների՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ։ Վոկալի բնագավառում մասնակցել է Հայաստանի տարբեր մրցույթների, այդ թվում՝ The Voice of the World Armenia մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Մասնակցել  է նաեւ Ֆրանսիայում անցկացված Armenian Colors մրցույթին երկու անվանակարգերում, որտեղ արժանացել է Գրան պրիի եւ առաջին տեղի մրցանակի։ Հետագայում ստացել է հրավեր մասնակցելու Հունաստանում անցկացվող International Festival Greece’s Hope միջազգային մրցույթին, որտեղ կրկին արժանացել է երկու պատվավոր առաջին տեղերի եւ ստացել հրավերներ եվրոպական երկրների տարբեր մրցույթներում մասնակցելու համար։

Վերադառնալով վիտեբսկյան իրադարձություններին՝ հավելենք, որ Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետության Խորհրդարանական ժողովի հատուկ մրցանակների արժանացան Բելառուսի ներկայացուցիչ Ելիզավետա Ցուպրիկը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերիա Շեւչենկոն։ Ի դեպ, ժյուրիի անդամ, լատվիացի կոմպոզիտոր Գայտիս Լազդանսը նույնպես սահմանել էր իր հատուկ մրցանակը՝ հեղինակային ստեղծագործության ստեղծման հավաստագիր։ Այդ մրցանակը ստացավ Ղազախստանի ներկայացուցիչ Ժասմինա Տուզելովան։ Մեկ այլ կարեւոր պարգեւ էր Իգոր Լուչենկոյի անվան հատուկ մրցանակը։ Այն հիմնադրվել է 2022 թվականին՝ Մանկական երաժշտական միջազգային մրցույթի մասնակիցների համար, եւ կրում է խորհրդային ու բելառուսական լեգենդար կոմպոզիտոր, Բելառուսի ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Լուչենկոյի անունը։ Մրցանակին արժանացավ Չինաստանի ներկայացուցիչ Ցզիդու Գաոն՝ ազգային թեմայի լավագույն մարմնավորման եւ բարձր կատարողական վարպետության համար։

ՈՎՔԵՐ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երիտասարդ կատարողների մրցույթում Գրան պրիին արժանացավ Իտալիայի ներկայացուցիչ Ռոզի Ալֆանոն, որը հանդես է գալիս Սորայա բեմական անունով։ Երկու մրցութային օրերի արդյունքներով նա հավաքել է 135 միավոր եւ դարձել մրցույթի հաղթողը։

Նշենք, որ առաջին մրցանակը՝ 134 միավորով, շնորհվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակերկե Ամալյատին։ Երկրորդ մրցանակը հավասարապես բաժանվել է Բելառուսի ներկայացուցիչ Ելենա Կուզնեցովայի եւ Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսեյ Օսիչեւի միջեւ։ Երրորդ մրցանակին, ժյուրիի որոշմամբ, արժանացել են Ղրղզստանի ներկայացուցիչ Նուրդոոլոտ Դերկեմբաեւը եւ Վրաստանի ներկայացուցիչ Վաժա Գադելիան։

 Ադրբեջանը ներկայացնող Նաֆիսա Ակիեւան արժանացավ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Սլավոնական հույս» հատուկ մրցանակին։ Պարգեւը հանդիսավոր արարողության ընթացքում հանձնեց Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի նախապատրաստման եւ անցկացման կազմկոմիտեի նախագահ Նատալյա Պետկեւիչը։

Դիմելով հանդիսատեսին՝ Բելառուսի փոխվարչապետը նշեց, որ մրցութային օրերին Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնի բեմից բազմաթիվ ջերմ խոսքեր են հնչել, սակայն ինքը եւս ցանկանում է շնորհակալություն հայտնել Բելառուսի նախագահին՝ 35 տարի շարունակ այս մրցույթը պահպանելու, վերածնելու եւ այն այնքան բարձր մակարդակի հասցնելու համար, որ այսօր այդ նշաձողը գերազանցելը չափազանց դժվար է։

Նրա խոսքով՝ հուլիսյան այս օրերին միլիոնավոր հանդիսատես եւ հեռուստադիտող վայելել են իսկական մշակութային տոն, իսկ «Սլավյանսկի բազարը» դարձել է բազմաթիվ երիտասարդ էստրադային կատարողների ստեղծագործական մեկնարկային հարթակը՝ միաժամանակ միավորելով արվեստի տարբեր ճյուղեր։

Նատալյա Պետկեւիչը փառատոնին մաղթել է դեռ բազմաթիվ հոբելյաններ, իսկ դրա բոլոր մասնակիցներին ու երկրպագուներին՝ 35 տարի անց կրկին հավաքվել Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնում՝ նշելու փառատոնի հերթական հոբելյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐՈՒՄ»ԹՎԵՐՈՎ

«Սլավյանսկի բազար»-ը 1992 թվականից համարվում է Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկը։ Այստեղ են իրենց առաջին մեծ հաջողությունները գրանցել բազմաթիվ երգիչներ, որոնցից շատերը հետագայում դարձել են միջազգային ճանաչում ունեցող արտիստներ։

Հայաստանը մրցույթին միացել է 2003 թվականից եւ այդ ընթացքում կարողացել է ձեւավորել մրցունակ հեղինակություն՝ արժանանալով ինչպես գլխավոր, այնպես էլ առաջին, երկրորդ եւ հատուկ մրցանակների։

Առաջին տարիները. 2003-2012

Հայաստանի առաջին մասնակցությունից հետո արդեն հաջորդ տարիներին հայ երգիչները սկսեցին աչքի ընկնել մրցույթի ժյուրիի ուշադրության կենտրոնում։

Հայաստանի առաջին հաջողություններից են.

2004 թվականՄիստր Իքս – հատուկ մրցանակ։

2005 թվականԱնի Քրիստի – հատուկ մրցանակ։

2006 թվականԿարինե Ասիրյան – երկրորդ մրցանակ։

2007 թվականԱնդրե – մասնակցեց որպես փառատոնի պատվավոր հյուր։

2008 թվականՍերգեյ Խաչատրյան – հատուկ մրցանակ, իսկ նույն թվականին Հայաստանը ներկայացրեց նաեւ Սոնա Գյուլխանյանը։

2009 թվական – Հայաստանը ներկայացրեց երգչուհի Լիլուն։

2010 թվականԱնահիտ Շահբազյան – երկրորդ մրցանակ։

2011 թվական – Հայաստանը ներկայացրեց Նարեկ Մակարյանը։

2012 թվական – Հայաստանը ներկայացրեց Ռուսլան Էլյազյանը։

Այս տարիներին Հայաստանը դեռեւս փնտրում էր իր լավագույն մրցութային ռազմավարությունը, սակայն արդեն դարձել էր մրցույթի մշտական եւ սպասված մասնակիցներից մեկը։

2013-2022 թվականներ. կայուն մասնակցություն

2013 թվականին Հայաստանը ներկայացրեց երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով հետագայում դարձավ Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ ազգային ընտրական փուլի կազմակերպիչը։ Նրա ղեկավարությամբ ձեւավորվեց մրցույթի նախընտրական համակարգը, որն այսօր էլ գործում է Հայաստանում:

2014 թվականին Հայաստանը ներկայացրեց Տիգրանուհի Շահինյանը: Հաջորդ տարիներին եւս Հայաստանը շարունակեց ամեն տարի մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով երիտասարդ եւ մանկական կատարողների։ Թեեւ այդ շրջանում հիմնական մրցանակները միշտ չէ, որ բաժին էին հասնում հայ մասնակիցներին, հայկական պատվիրակությունը մշտապես գնահատվում էր բարձր կատարողական մշակույթի, վոկալի եւ մրցութային պատրաստվածության համար։

2021 թվականին մանկական մրցույթում Հայաստանը ներկայացրեց Կառլեն Մարգարյանը, որի ելույթները ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից։

2023 թվական. պատմական հաղթանակ

Հայաստանի համար ամենահաջող տարին դարձավ 2023-ը։ Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանը երկու մրցութային օրերի արդյունքներով հավաքեց 135 միավոր եւ նվաճեց Գրան պրի։

Սա պատմական արդյունք էր, քանի որ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը դարձավ «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթի բացարձակ հաղթողը։ Մաշա Մնջոյանի կատարումները բարձր գնահատվեցին ինչպես միջազգային ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից։

Նույն թվականին հաջողությամբ հանդես եկավ նաեւ մանկական մրցույթում Հայաստանը ներկայացնող Անահիտ Գալստյանը, որը հավաքեց 133 միավոր եւ արժանացավ երկրորդ մրցանակի։ Այդպիսով Հայաստանը նույն տարվա ընթացքում ունեցավ միաժամանակ ե՛ւ Գրան պրի, ե՛ մրցանակային տեղ մանկական մրցույթում, ինչը բացառիկ արդյունք էր երկրի մասնակցության պատմության մեջ։

2024 թվականին Հայաստանի ազգային ընտրության արդյունքում մրցույթին ընտրվեցին երիտասարդ կատարող Սյուզաննա Մելքոնյանը եւ մանկական մրցույթի մասնակից Յանա Ստեփանյանը։ Նրանք ներկայացրին Հայաստանը միջազգային բեմում՝ շարունակելով երկրի ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Այդ տարի հայ մասնակիցները մրցանակային տեղեր չզբաղեցրին, սակայն Հայաստանի ներկայությունը մրցույթում պահպանվեց բարձր մակարդակով։

Հայաստանը շարունակեց մասնակցել նաեւ 2025 թվականի մրցույթին՝ ազգային ընտրությամբ ձեւավորելով պատվիրակություն։ Թեեւ այդ տարվա արդյունքները չկրկնեցին 2023-ի հաջողությունը, հայկական պատվիրակությունը պահպանեց իր մրցունակ դիրքը միջազգային ասպարեզում։

Այսպիսով՝ 2003 թվականից ի վեր Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում ունի. 1 Գրան պրի (Մաշա Մնջոյան, 2023), առնվազն 2 երկրորդ մրցանակ (Կարինե Ասիրյան՝ 2006, Անահիտ Շահբազյան՝ 2010), մանկական մրցույթի երկրորդ մրցանակ (Անահիտ Գալստյան, 2023), մի շարք հատուկ մրցանակներ (Միստր Իքս, Անի Քրիստի, Սերգեյ Խաչատրյան, Ալեքսա Վարդանյան եւ այլք), տասնյակ մասնակիցներ, որոնք հետագայում դարձել են ճանաչված երգիչներ Հայաստանում եւ արտերկրում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում