Վերաքննիչ դատարանը մերժեց Չախալյանի հատուկ բողոքը
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ նկատմամբ կիրառված խափանման միջոցը կրկին մնաց անփոփոխ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպան Վրեժ Խաչիկյանի հատուկ վերանայման բողոքը՝ ուժի մեջ թողնելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026 թվականի մայիսի 21-ի որոշումը, որով Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել էր եւս երկու ամսով։
Հիշեցնենք, ըստ հայտնի «18 արդարների» գործով մեղադրանքի, Բագրատ սրբազանի գլխավորությամբ գործել է իբրեւ կազմակերպված խումբ, որը նախապատրաստել է իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում՝ ծրագրելով բռնի գործողություններ։ Սակայն, մինչ դատաքննությունը շարունակվում է, գործով անցնող 18 մեղադրյալներից գրեթե բոլորն արդեն ազատության մեջ են կամ նրանց նկատմամբ կիրառվել են ավելի մեղմ խափանման միջոցներ։
Դատարանի որոշման հրապարակումից օրեր առաջ «Իրավունք»-ը զրուցել էր Վահագն Չախալյանի պաշտպաններից ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ, որը պնդել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցն իրավական չէ, այլ՝ պատժիչ բնույթ ունի։
«Այս գործով ընդամենը «Չախալյան» ազգանունն են հոլովել: Եվ եթե հաշվի առնենք, որ ենթադրյալ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց մեծամասնությունը գտնվում են ազատության մեջ՝ վարչական հսկողության տակ, ապա Վահագն Չախալյանի նկատմամբ այս պահին ընդհանրապես, բացի բացակայելու արգելքից, որեւէ խափանման միջոց չպետք է կիրառվեր»,- նշել էր փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ տարբերակված մոտեցումը պայմանավորված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պատճառներով. «Կարելի է ասել, որ զուտ հաշվի առնելով Վահագն Չախալյանի հայրենասիրական մոտիվները, իր պայքարելու ձիրքը՝ վերեւից եղել է իջեցված համապատասխան կարգադրություն, որպեսզի անձին տնային կալանքի տակ պահեն եւ թույլ չտան հետընտրական գործընթացների հետ կապված հարցերին մասնակցել, հրապարակային հայտարարություններ անել: Սա, որպես այդպիսին, պատժիչ նպատակ է կրում»,- ասել էր Խաչիկյանը։
Պաշտպանը նաեւ ընդգծել էր, որ դատարանում իրենք անգամ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ վարույթում, ըստ իրենց, չկան բավարար փաստական տվյալներ՝ հիմնավորելու, թե գործով հնչող «Չախալյան» ազգանունը վերաբերում է հենց Վահագն Չախալյանին։
Սակայն Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի այս փաստարկները բավարար չի համարել։ Դատարանը նշել է, որ տվյալ փուլում ավելի մեղմ խափանման միջոցը «բավարար եւ ողջամիտ միջոց չի հանդիսանում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու հնարավոր ռիսկերը բացառելու համար»: Նկատենք նաեւ, որ Չախալյանի տնային կալանքի ժամկետն օրեր անց ավարտվում է, հետեւապես՝ չի բացառվում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պայմանավորված լինի նաեւ սրանով: Այսինքն՝ բոլոր առումներով ողջամտությունը հուշում է, որ Չախալյանի խափանման միջոցը եթե ոչ վերաքննիչի որոշմամբ, ապա առաջին ատյանի որոշման ժամկետը լրանալուն պես՝ փոխվելու է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

