Ճիշտ ու արդյունավետ կլինի դիվերսիֆիկացումը, այլ ոչ թե ամեն գնով ցույց տան, թե Ադրբեջանի հետ առևտուր են անում
ՀանդիպումՀայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, սակայն.
– Նրա հայտարարություններն այս մասով մի փոքր չափազանցված են, որովհետև նույն Ադրբեջանն ինքը չի կարողանում իր վառելիքի պահանջարկն ամբողջ ծավալով ապահովել՝ մասնավորապես բենզինի ու հեղուկ գազի մասով, ներկրում է Ռուսաստանից, արաբական և այլ երկրներից: Դիզելի մասով Ադրբեջանի արտադրական կարողությունները բավականին հզոր են ու տարեկան մոտավորապես 700 000 տոննա արտահանում է, այս մասով կարող է Հայաստանին այլընտրանք առաջարկել, բայց ընդհանուր վառելիքի մասով նա այդ կարողությունները չունի:
Հիշեցնեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում ու դրանից առաջ Հայաստանը վառելիքը ստացել է հենց Բաքվից, բայց հիմա իրավիճակն այլ է՝ նավթի պաշարների հետ կապված խնդիր կա, Ադրբեջանում սպառման ծավալներն են աճել և այլն:
Հայաստանի պարագայում մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը ընդհանրապես անտրամաբանական կլինի, այսինքն՝ հայկական կողմը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր ներկրումները, ոչ թե ամբողջությամբ հրաժարվել ռուսականից ու ամբողջությամբ սկսի ներկրել, օրինակ՝ ադրբեջանական դիզվառելիք: Հայաստանի համար ճիշտ ու արդյունավետ կլինի դիվերսիֆիկացումը, այլ ոչ թե ամեն գնով ցույց տան, թե Ադրբեջանի հետ առևտուր են անում:

