ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Կողոպտում են օրը ցերեկով՝ ներկայանալով սփյուռքահայ բարերար
ՔրեականԿողոպտում են օրը ցերեկով՝ ներկայանալով սփյուռքահայ բարերար
Օրեր առաջ «Իրավունք»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանի Հերացու անվան հիվանդանոցային համալիրի տարածքում միջին տարիքի տղամարդը խաբեությամբ հափշտակել է քաղաքացու ոսկյա մատանին։ Եվ սա առաջին դեպքը չէ. խաբեբան տեւական ժամանակ հետեւում է իր «զոհերին», ապա գտնելով նրանց թույլ եւ խոցելի կողմերը` շահում է վստահությունն ու կատարում խոշոր հափշտակություններ։
Հերացու հիվանդանոցի շրջակայքում հերթական զոհին թիրախավորելով՝ նա վերջինիս առաջարկել է իր «անշահախնդիր» օգնությունը՝ ներկայանալով որպես սփյուռքահայ բարերար։ Ի դեպ, խոսում է սփյուռքահային բնորոշ ակցենտով:
«Բարերարը» խոստացել է հոգալ մեզ ահազանգած քաղաքացու բուժման հետ կապված բոլոր ծախսերը։ Վստահությունն ամրապնդելու նպատակով նա զոհին նվիրել է, իբր թե, թանկարժեք ոսկյա շղթա, ինչպես նաեւ ցույց տվել ձեռքի գումարի հաստ տրցակը։ Այնուհետեւ վստահեցրել է, թե հենց այդ պահին գնում է հիվանդանոց՝ բուժսպասարկման համար անհրաժեշտ գումարը վճարելու։ Սակայն մեր շատ «բարի» խարդախը, իբր որպես հիշատակ կամ իր բարության դիմաց խորհրդանշական փոխհատուցում, խնդրել է, որ տղամարդն իրեն նվիրի ձեռքի ոսկյա մատանին, որը, ըստ նախնական գնահատման, կշռում է մոտ 5-6 գրամ եւ պատրաստված է բարձր ու հարգի ոսկուց։ Տղամարդը, գտնվելով էմոցիոնալ ազդեցության տակ եւ պարանոցին կրելով, ինչպես կարծում էր, թանկարժեք ոսկյա շղթան, իր հերթին, որպես շնորհակալության նշան, մատի ոսկյա մատանին նվիրել է զեղծարարին։
Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ դարձել է հերթական խաբեության զոհը, նա փորձել է զանգահարել «բարերարի» թողած հեռախոսահամարին։ Սակայն, պարզվել է, որ հեռախոսահամարը պատկանում է բոլորովին այլ անձի։ Այսինքն՝ խաբեբան զանգահարել էր օտար մարդու հեռախոսից, սակայն այն ներկայացրել էր որպես սեփական հեռախոսահամար։
Ի դեպ, «Իրավունքի» իրականացրած լրագրողական հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ իբր թե սփյուռքահայ ներկայացող այս անձը տարիներ շարունակ նույն մեթոդով տարբեր անձանցից կատարել է տարբեր չափերի հափշտակություններ՝ մշտապես պահպանելով նույն ձեռագիրը. ներկայանալ որպես բարերար, սփյուռքահայ, սրտացավ հայրենակից։ Հենց նույն անձի վերաբերյալ դեռեւս 2023 թվականին հաղորդում էր ներկայացրել իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Այդ դեպքով խաբեբան, նախ քաղաքացուն գարեջուր էր հյուրասիրել, ապա հափշտակել էր նրա մատանին։
Մեկ այլ դեպք տեղի էր ունեցել խանութում։ Տվյալ տղամարդը մտել էր խանութ եւ, պատճառաբանելով, թե իր մոտ եղած գումարը խոշոր թղթադրամ է, իսկ իրեն սպասող տաքսու վարորդը չի կարող սպասել, աշխատակցուհուց գումար էր խնդրել՝ խոստանալով այն վերադարձնել ընդամենը մեկ րոպե անց։ Գումարը վերցնելուց հետո նա անհետացել էր։ Մեկ այլ դեպք էլ գրանցվել է արցախցի քաղաքացու պարանոցից ոսկյա շղթա հափշտակելու փաստով։ Ձեռագիրը նույնն է եղել, ինչպես նաեւ գործելու սկզբունքը։
Այս ամենից հետո հարց է ծագում՝ ինչո՞ւ է տվյալ անձը մինչ օրս ազատության մեջ, եւ ինչո՞ւ նրա նկատմամբ դեռեւս քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոչ մի դեպքում մի վստահեք ձեր անձնական տվյալներն ու արժեքավոր իրերը անծանոթ մարդկանց։ Խաբեությունը կարող է թաքնված լինել ամենուր՝ անմեղ արտաքինի, բարեգործության եւ բարի կամքի քողի ներքո։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

