Թրամփը նույն խնդիրների առաջ է, ինչ անցած պատերազմին
ՎերլուծությունԻրավիճակը, որը սկսել է զարգանալ Ուկրաինայում, իհարկե, բացի Ալիեւից, ազդակներ է պարունակում նաեւ Փաշինյանի համար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344995&l=am): Ու այդ ազդակները, իհարկե, ավելի սուր են, հաշվի առնելով, որ Փաշինյանի առաջ, ի տարբերություն Ալիեւի, Մոսկվան արդեն իսկ փաստացի վերջնագիր է դրել` անցկացնել հանրաքվե ԵՄ, թե ԵԱՏՄ թեմայով` վերջնաժամկետ սահմանելով այս տարվա դեկտեմբերը:
Այն, որ Փաշինյանն այս փուլում փորձում է թուլացնել ինչպես իր թիմի, այնպես էլ` հայաստանյան մյուս քիչ թե շատ տեսանելի արեւմտամետներին, արդեն իսկ ազդակ է այն մասին, որ արեւմտյան ուղղությունից նա վաղ թե ուշ հարված սպասում է ու էս գլխց է ստեղծում իրավիճակ, որ Արեւմուտքը որեւէ այլ մեկին չգտնի` պետք եղած դեպքում Նիկոլի գլխին կախելու համար:
Սակայն ռուսական ուղղությունը դեռ խնդիրների մի մասն է: Ոչ պակաս լուրջ է դրված ԱՄՆ–ի եւ Իրանի միջակայքում կողմնորոշվելու թեման: Այս փուլում Փաշինյանն այս ճակատում դեռ փորձում է օգտագործել «երկու աթոռի» խաղը` մի կողմից մասնակցելով Այաթոլլահ Խամենեիի հուղարկավորման արարողությանը եւ դրանով սիրաշահելով Իրանին: Մյուս կողմից, ինչպես երեկ հայտնեց Միրզոյան Արարատը, սկսվում է «Թրամփի ուղու» նախագծի ինչ–որ նոր փուլ, որքան էլ որ դա Իրանը համարում է «կարմիր գիծ»:
Ասենք, այլ տարբերակ, բացի երկու ճնշումային ուժերի մեջ խաղալուց, Նիկոլը պարզապես չունի: Առավել եւս, որ այդ երկու ուժերը մի այնպիսի վիճակում են, որ վաղը կարող են անցնել լիակատար պատերազմի, եւ գնա ու գլուխ հանի, թե առավելությունն ում կողմն է: Այսինքն, թե ուր են տանելու Իրանի շուրջ վերսկսված ներկա բախումները, թերեւս, մնում է այն հանգուցային հարցադրումների թվում, թե ինչ ուղղությամբ հնարավորություն կունենա առաջ գնալ նաեւ Հայաստանը:
Իսկ ահա ԱՄՆ–ն ու Իրանը թեեւ շարունակում են միայն ավելացնել փոխադարձ հարվածների ուժն ու հաճախականությունը, բայց անգամ այս վիճակում ասել, թե լիարժեք պատերազմը սկսված է կամ անխուսափելի, թերեւս սխալ կլիներ: Չնայած, իրավիճակը գործնականում նույնքան պարզ է, որքան անցած բախումների փուլում` վերջին օրերին: Ու փորձագիտական հարցադրումներն էլ վերադարձել են նույն բանին` ինչ է անելու Թրամփը:
Ընդհանուր պատկերը սա է: ԱՄՆ–ն շարունակում է մասշտաբային հարվածները, Իրանն էլ` ոչ պակաս ծանր պատասխանները: ԱՄՆ–ն սպառնում է հարվածել իրանական էներգետիկային եւ կենսական մյուս համակարգերին, ինչպես անցած պատերազմի վերջին փուլում էր: Նույնն է Իրանի ռեակցիան. համարժեք պատասխան հասցնի տարածաշրջանին, այդ թվում` ջրամատակարարման համակարգերին, որը կարող է պարալիզացնել ողջ տարածաշրջանը: Արդյունքում, Թրամփը մնում է կանգնած նույն քայլերի հնարավորության առաջ:
Առաջինը, իրոք բարձրացնել էսկալացիայի մակարդակը կենսական համակարգերը խոցելու միջոցով: Սակայն բոլոր հաշվարկները հուշում են, որ Իրանի համար դա կարող է շատ ծանր լինել, բայց ոչ մահացու: Փոխարենը, պատասխան հարվածը կարող է պարզապես տարածաշրջանի դաշնակիցներին վանել ԱՄՆ–ից: Առավել եւս, եթե խոցվեն ջրամատակարարման այն մի քանի խոշոր եւ կենտրոնացած օբյեկտները, որոնք տարածաշրջանի երկրներին մոտ 80–85 տոկոսով ապահովում են ծովի զտված ջրով:
Երկրորդը, Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել իրանական առավել պաշտպանված օբյեկտներին: Իրանի ռեակցիան փորձագետների մակարդակով նույնն է` կլինի պատասխան: Ու չկա երաշխիքը, որ Իրանը չի կարող նաեւ այդ դեպքում պատասխան հարված չհասցնել, այն է, որ իրոք չունի միջուկային զենք:
Հաջորդ տարբերակը ցամաքային հարձակումն է: Ու այստեղ էլ անցած պատերազմից ի վեր բան չի փոխվել. Իրանը ունի միլիոնանոց լավ զինված, լավ մոտիվացված եւ այս ընթացքում գործնականում կորուստներ չունեցած բանակ: Սրա հետ կռվելը, առավել եւս` հաղթելն ԱՄՆ–ի համար չափազանց դժվար խնդիր է եւ կպահանջի այն կարգի զոհեր, որ Թրամփը հազիվ թե կարողանա դա մարսել:
Վերջապես, կա բանակցություններին վերադառնալու տարբերակը: Սակայն արդեն նաեւ այստեղ խնդիրներ կան: Իրանում հիմա շատ ավելի համոզիչ են դարձել ամեն մի բանակցություն մերժելու կողմնակիցների դիրքորոշումը: Նրանք մատնանշում են, որ Թրամփն արդեն պատրաստի, ստորագրված փաստաթղթերից ցանկացած պահի կարող է հրաժարվել: Այսինքն, որ եթե անգամ լինի շատ ավելի լավ պայմաններով համաձայնություն, դա եւս գրոշի արժեք չունի: Ուրեմն, պետք է այս անգամ կռվել մինչեւ վերջ:
Թե այս բոլոր տարբերակներից որ մեկն է ընտրելու ԱՄՆ նախագահը, չշտապենք եզրակացնել, ինչքան էլ որ նա պատերազմի առաջին իսկ օրից, իր իսկ պնդմամբ, «հաղթում» է եւ մինչ օրս էլ շարունակում է «հաղթել»: Բայց ժամանակ նա արդեն չունի: Այս բոլոր բարդություններից զատ, նաեւ ներամերիկյան տիրույթում են նույն խնդիրները: Այն է, շարունակվող այս պատերազմը ծանրագույն հարված է Թրամփի վարկանիշին: Առջեւում էլ Կոնգրեսի ընտրություններն են, եւ գնալով ավելանում է հավանականությունը, որ այսպես շարունակվելու դեպքում այդ կառույցը դուրս է գալու Թրամփի վերահսկողությունից: Առավել եւս, եթե հանկարծ որոշի դիմել միջուկային զենքի. այդ դեպքում երեւի նաեւ իմպիչմենտից խուսափելու տարբերակ չունենա, առավել եւս, եթե Իրանն իրոք համարժեք պատասխան կարողանա տալ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69763

